Քրիստոնեական

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Պահոց կերակուրների բաղադրատոմսեր

 Պահոց կերակուրների բաղադրատոմսեր

 

Գունավոր աղցան  

 

 Անհրաժեշտ է`

 1-2  հատ միջին չափի բազուկ

 4-5 հատ գազար

 1 հատ սոխ

1 բուռ մանրած ընկ

1 փոքր բանկա կանաչ ոլոռույզ

աղ, կարմիր ու սև բիբար

ձեթ

Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Ստացվում է գեղեցիկ, գունավոր, համեղ ու հագեցնող ուտեստ:


Հումուս

 

Մեկ կիլոգրամ սիսեռը 1 օր թրջել սառը ջրում, հետո կեղևազրկել և եփել: Եփելուց հետո ավելացնել աղ, քամել և թողնել սառչի: Հետո աղալ և լցնել բլենդերի մեջ, որտեղ հարել 0.5 բանկա (500  գր.) թահինի,1 բաժակ չզտված ձեթի, 1 թ.գ քիմիոնի, 3-4 պճեղ սխտորի և 2 հատ քամած կիտրոնի հյութի հետ: Մատուցելիս վրան ավելացնել մի փոքր ձեթ և կարմիր պղպեղ:

 

 

Ոսպով կոտլետ


Ոսպը 1 օր նախապես թրջում ենք սառը ջրում, հետո քամում ջուրը և մսաղացով աղում` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ: Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ:

 

 

Դդումով սոուս


Մանրացրած սոխը և գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած դդում և շարունակել տապակել: Նույն չափի խորանարդաձև կտրատել կարտոֆիլը և ավելացնել դդումի վրա: Խառնել և թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթևակի ծածկի բանջարեղենը: Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սև պղպեղ և կանաչի ըստ ցանկության:

 


Դդումով և բրնձով փլավ



Դդումը կտրատել մանր խորանարդների ձևով և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել բրինձ, ընկույզ և սև սալորաչիր ըստ ցանկության: Ավելացնել եռացրած ջուր և եփել ցածր կրակի վրա: Վերջում ավելացնել աղ, սամիթի սերմ, շաֆրան և թարմ կտրտած սամիթ:

 

 

Ձիթապտղով և բրնձով փլավ


Ձիթապտուղը տապակել բուսայուղի մեջ այնքան, որ սմքեն, հետո ավելացնել բրինձը և եռացրած ջուրը, եփել ինչպես սովորական փլավը:
 

Սիրով և խոնարհությամբ` Ս.Ա.
 


 

Բանջարեղենից դոլմա

 

Անհրաժեշտ մթերքները՝

1կգ կարտոֆիլ 
2գլուխ սոխ
4ճ/գ տոմատի մածուկ
1թ/գ կարմիր պղպեղ
1թեյի բաժակ բուսայուղ
2 ճաշի գդալ չորացրած ռեհան
2կգ կաղամբ
աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը մաքրել եւ բաժանել խորանարդների:Սոխից սոխեռած պատրաստել՝ ավելացնելով կանաչին , տոմատի մածուկը եւ աղը: Ստացված զանգվածը ավելացնել կարտոֆիլին եւ խառնել:Փաթաթել խաշած կաղամբի տերեւներով,վրան լցնել տոմատաջուր այնքան, որ ծածկի դոլմաները, եւ եփել :

Անուշ լինի

Հովհաննիսյան Ասյա

 

Ոսպով խիտ ապուր
 

Անհրաժեշտ է`

2 բաժակ ոսպ

1 ճաշի գդալ քացախ

1 հատ փոքր կարմիր սոխ

ձեթ

աղ

կծու կարմիր բիբար

Ոսպի վրա առատ ջուր լցնել ու դնել կրակին, երբ սկսի եռալ, ավելացնել քացախը ու եփել: Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացնել:  Ոսպը եփել այնքան, որ ստացվի ոչ շատ ջրով թանձր ապուր: Ավելացնել աղն ու կծու կարմիր բիբարը:

Սոխը շատ մանր կտրտել և առանձին ձեթով սոխառած անել: Լցնել ոսպի վրա, խառնել և մատուցել գերադասելի է սև հացով:


Լոբիով և լոլիկով աղցան
 

  • 500 գր. լոբի
  • կես բաժակ ջուր
  • 5 լոլիկ
  • մաղադանոս
  • 2 ճ. գդալ բուսական յուղ

Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

 

Շոգեխաշած կաղամբ
 

  • 4-5 միջին չափսի սոխ
  • 1 միջին չափսի կաղամբ
  • 1-2 ճ/գ տոմատ
  • 2-3 թ/բ ջուր
  • Ձիթայուղ
  • Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական
կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:
 

Թաբուլե
 

300 գր. խոշոր բլղուր

  • 3-4 հատ լոլիկ

    1 կապ մաղադանոս

  • 1 կապ սոխ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1 թ. գդալ չաման
  • 2 ճ. գդալ մանրացրած նանա
  • կես կիտրոնի հյութ
  • 2 թ. գդալ ձեթ

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:
 

Գազար կորեական եղանակով 

 

1կգ. գազարը քերում ենք երկարությամբ, վրան լցնում 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ ,որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում: Ինձ հանդիպած բոլոր համեմունքներից լավագույնը երևի ռուսական “լավկա պրյանոստեյ” արտադրության համեմունքն է: Այնուհետև ավելացնում աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 պճեղ ճզմած սխտոր և ամենավերջում ավելացնում ենք սոխեռածի ձեթը, որի մեջ նախօրոք տապակում ենք խոշոր կտրտած կես սոխ: Տապակած սոխը անպայման պետք է հանել ձեթի միջից, կարիք չկա, որ այն հայտնվի աղցանի մեջ: Ցանկալի է այն 1 օր թողնել սառնարանում, որպեսզի գազարը ավելի համեղ լինի:

 

Ոսպով աղցան
 

Բաղադրությունը

400 գր. ոսպ
100 գր. բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:
 

Պահքի ուտեստ. Կաղամբով կոտլետ                                                             
 

Բաղադրությունը՝   

Կաղամբ - 1 կգ
Սոխ - 1 հատ
Սպիտակաձավար - 100 գրամ
Ալյուր - 100 գրամ
Սխտոր - 2-3 պճեղ
Պաքսիմատ- 100 գրամ

Կանաչի - ըստ ճաշակի
Աղ-ըստ ճաշակի

Համեմունքներ-ըստ ճաշակի:
Բուսական յուղ - 50 գրամ
Պատրաստման եղանակը՝

Կաղամբը բաժանել 4 հավասար մասերի, այն դնել կաթսայի մեջ վրան տաք ջուր լցնել, աղ և դնել կրակի վրա 8-10 րոպե: Ապա կաղաբը դնել քամիչի վրա: 
Սոխը և սխտորը մաքրել և սոխը բաժանել 4 մասերի: Մսաղացով աղալ կաղամբը, սոխը և սխտորը: Կանաչին մանր կտրատել: Կաղամբով զանգվածի վրա լցնել աղ, պղպեղ և կանաչի, ապա սպիտակաձավար և խառնել: 
Ապա ավելացնել ալյուր, այն լավ խառնել: Ապա լցնել պաքսիմատը և կաղամբից կոտլետներ պատրաստել և այն թաթախել պաքսիմատի մեջ: Այն տապակել թավայի մեջ՝ երկու կողմերով՝ 2-3 րոպե:

 

Փոխինձով գնդիկներ


Շաքարավազով և ջրով պատրաստել օշարակ: Օշարակի փոխարեն կարելի է օգտագործել մեղրաջուր: Փոխինձը սառեցրած օշարակով շաղախել (ըստ    ցանկության կարելի է ավելացնել նաև բուսական յուղ), ձեռքերով լավ հարել, պատրաստել գնդիկներ և մատուցել:


Կանաչիներով կարկանդակ


1 կգ ալյուր, 2 թեյի գդալ աղ, 2 թեյի գդալ խմորիչ, այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր:

Պատրաստման եղանակը
Հունցել խմոր, թողնել հանգստանա 15-20 րոպե: Խմորը բաժանել փոքր գնդերի: Գնդերը բացել, տափակեցնել, միջուկը լցնել և փակել: Շարել թիթեղի վրա, թողնել 15-20 րոպե՝ մինչև հասունանա, ապա թխել ջեռոցում: 
Միջուկը
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ: Ամբողջը մանր կտրատել, աղ անել, ավելացնել բուսական յուղ՝ ըստ քիմքի:

 


Լավաշով բլիթներ

 

Լավաշը բաժանել շերտերի, վրան դնել խճողակը, խողովակաձև փաթաթել, երկու կողմից տապակել բուսական յուղով: 

Խճողակ 1. Ոսպը (նախընտրելի է մանր տեսակը) եփել մինչև պատրաստ լինելը, աղ, պղպեղ անել, ավելացնել մանր կտրատած կանաչի (համեմ, մաղադանոս, սամիթ):

Խճողակ 2. Չորացրած ավելուկը կտրակել, լվանալ և եփել: Ապա քամել, նորից մանրացնել, ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը և խառնել:

 



Ժենգյալով հաց
 

100 գ գնձմնձուկ

100 գ ճռճռուկ
25 գ խազազ (վայրի սոխ)
25 գ եղինջ
համեմ
սամիթ
կանաչ սոխ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը
Կանաչիները ընտրել, մաքրել, լավ լվանալ, քամել: Հետո մանր կտրատել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, չորացրած սամիթ, պատրաստի սոխեռած կամ բուսական յուղ՝ ըստ ցանկության:
Նախապես հունցել խմորը. 1 կգ ալյուրին՝ 1 թեյի գդալ խմորիչ, 1 թեյի գդալ աղ, ջուր այնքան, որ խմորը ձեռքերին չկպչի: Թողնել, որ հասունանա: Խմորը բաժանել փոքր գնդերի: Յուրաքանչյուր գունդը երկարավուն էլիպսաձև բացել, լցնել կտրատած կանաչիները, խմորի եզրերը միացնել, տափակեցնել: Երկու կողմից հավասարաչափ թխել նախապես տաքացրած տապակի մեջ՝ մարմանդ կրակի վրա:

 

Տորթ «Սնանկ»
 

1 թեյի բաժակ մուգ թեյ 

1 սուրճի բաժակ մուրաբա
1 սուրճի բաժակ ձեթ
շաքարավազ (ըստ ճաշակի)
1 թեյի գդալ սոդա
1 ճգ քացախ
1.5 թեյի բաժակ ալյուր

Պատրաստման եղանակը
Պատրաստել 1 թեյի բաժակ մուգ թեյ, որին ավելացնել 1 սուրճի բաժակ մուրաբա, 1 սուրճի բաժակ ձեթ, շաքարավազ, 1 ճաշի գդալ քացախի մեջ լուծված 1 թգ սոդա, ապա 1.5 բաժակ ալյուր: Ավելացնել պոպոք և ալյուր ըստ ճաշակի: Թխել նախապես տաքացված ջեռոցում ՝ 180-200C: 
Անահիտ Չոբանյան

 

Բուլկի

 

1 կգ ալյուր
1 ճգ խմորիչ
1 սուրճի բաժակ բուսական յուղ
3 ճգ շաքարավազ
3 ճգ մեղր
ջուր

Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել սեղանի վրա, փոս բաց անել, փոսի մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, ջուրը: Թողնել, որ խմորիչը բացվի, ավելացնել բուսական յուղ, այնքան ջուր, որ ստացվի կպչուն, միջին պնդության խմոր: Թողնել, որ խմորը բարձրանա: Ձեռքերը թեթև թաթախել բուսական յուղի մեջ և հունցել խմորը: Թողնել, որ հանգստանա: Գործողությունը կրկնել 2 անգամ: Հետո խմորը բաժանել մանր գնդերի, ձևավորել ըստ ճաշակի, դասավորել թիթեղի վրա, թողնել հասունանա փակած ցելոֆանի տակ: Թխել ջեռոցում: Երբ պատրաստ լինի, հանել բուլկիները, վրան տաք-տաք վիճակում հատուկ խոհարարական վրձինով քսել մեղրը, 2-3 րոպե նորից դնել ջեռոցը, հանել, թողնել սառչի, մատուցել:

 

 Բուլկի չամիչով

                          

 0.5 կգ ալյուր
 200 գ չամիչ
 100 գ շաքարավազ
 1 ճգ խմորիչ
 1 սուրճի բաժակ բուսական յուղ
 ջուր

 Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել սեղանի վրա, ավելացնել չամիչը, խառնել, ապա փոս բաց անել, փոսի մեջ լցնել շաքարավազը, խմորիչը, ջուրը, թողնել, որ խմորիչը հասունանա, հետո ավելացնել բուսական յուղ, այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր: Ձեռքերը թեթև թաթախել բուսական յուղի մեջ և հունցել խմորը: Նախօրոք յուղոտած թիթեղի վրա բացել խմորը, փակել ցելոֆանով: Երբ խմորը հասունանա, դնել ջեռոցը և թխել:

 

Խավիծ

 

Ալյուրը մաղել, բովել տապակի մեջ մինչև վարդագույն դառնալը, ընթացքում ավելացնել բուսական յուղ: Ապա վերցնել կրակից, թողնել սառչի: Կամաց-կամաց ավելացնել սառը ջուր այնպես, որ ստացվի միատարր զանգված: Դնել մարմանդ կրակի վրա, ավելացնել շաքարավազ և անընդհատ խառնելով եփել մինչև խտանա: Լցնել ափսեյի մեջ և մատուցել:
Կարելի է ավելացնել նաև մանրացրած ընկույզի միջուկ:

 

Եղինջով ապուր
 

100 գ եղինջ
1 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 սուրճի բաժակ բրինձ
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած: Վրան ավելացնել եռջուր, կտրատած կարտոֆիլ, լվացած բրինձ: Կրակից վերցնելուց 10 րոպե առաջ ավելացնել լվացած և կտրատած եղինջ, աղ, պղպեղ անել:
 

Ավելուկով ապուր
 

1 կապ ավելուկ
200 գ գլուխ սոխ
1 ճգ ալյուր
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, խառնել, ավելացնել ջուր, աղ անել, թողնել եփվի՝ մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել ապուրի ջրով բաց արած ալյուր: Եփել մինչև ալրահամը անցնի:

 

Ավելուկով և բլղուրով ապուր
 

1 կապ ավելուկ
200 գ գլուխ սոխ
200 գ բլղուր
աղ 
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխեռած, ավելացնել լվացած, կտրատած ավելուկ, ջուր, աղ, պղպեղ անել, եռալուց հետո ապուրին ավելացնել բլղուր, եփել մարմանդ կրակին մինչև պատրաստ լինելը:

 

Ավելուկով ոսպապուր
 

Չորացրած ավելուկը (կես կապ) լվանալ գոլ ջրում, մանր կտրատել: Եռացող ջրի մեջ լցնել ավելուկը, կես բաժակ մաքրած, լվացած, կիսաեփ արած ոսպը, մանր կտրատած կարտոֆիլը և սալորաչիրը: Առանձին 1 ճգ ալյուրը բացել սառը ջրով այնպես, մինչև դառնա միատարր զանգված և ավելացնել ապուրին՝ անընդհատ խառնելով: Ապա ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրարած սխտոր (ըստ ցանկության) և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց 5 րոպե առաջ ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը:


Ավելուկով բրնձապուր
 

Կես կապ ավելուկ
1 սուրճի բաժակ բրինձ
1-2 գլուխ սոխ
1 կարտոֆիլ
սալորաչիր
աղ
պղպեղ
բուսական յուղ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Չորացրած ավելուկը լվանալ գոլ ջրում, ապա կտրատել, լցնել եռացող ջրի մեջ և եփել մինչև կիսաեփ լինելը: Այնուհետև ավելացնել 1 սուրճի բաժակ բրինձ, մանր կտրատած կարտոֆիլ, սալորաչիր, աղ, պղպեղ անել և եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը և մանր կտրատած համեմ:

 

Հատիկավոր լոբով ապուր
 

1 բաժակ կարմիր լոբի
1 գլուխ սոխ
2 պճեղ սխտոր
¼ բաժակ ընկույզի աղացած միջուկ
համեմ
աղ
կարմիր կծու պղպեղ՝ ըստ քիմքի
բուսական յուղ
1 աղանդերի գդալ ալյուր

Պատրաստման եղանակը
Լոբին լցնել սառը ջրի մեջ և եփել մինչև պատրաստ լինելը: Եփած լոբու մի մասը հանել, տրորել և նորից լցնել լոբաջրի մեջ: Սոխը մանր կտրատել, առանձին տապակել բուսական յուղով: Քիչ լոբաջրով բացած ալյուրը՝ անընդհատ խառնելով, լցնել ապուրի մեջ: Հետո ավելացնել պատրաստի սոխեռածը, ճզմած սխտորը, աղը, համեմը, ընկույզի միջուկը: 5 րոպե եռացնել և կրակից վերցնել: Ստացված ապուրը պետք է լինի թանձր:

 

Ոսպով ապուր
 

1 բաժակ ոսպ
1 գլուխ սոխ 
1 կարտոֆիլ
1 ճգ ալյուր
տոմատի մածուկ
բուսական յուղ
աղ
սև պղպեղ 
համեմ

Պատրաստման եղանակը
Մաքրած ոսպը եփել աղաջրում: Կարտոֆիլը կտրատել և լցնել ոսպապուրի մեջ: Բուսական յուղով առանձին պատրաստել սոխեռած, ավելացնել տոմատի մածուկ, խառնել և լցնել ոսպապուրի մեջ: Ալյուրը քիչ ոսպաջրով բացել և լցնել ապուրի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացնել պղպեղ, կտրատած համեմ:


Սնկապուր

100 գ չորացրած (կարելի է օգտագործել նաև թարմ կամ պահածոյացված) սունկ, 1 գլուխ սոխ, 1 սուրճի բաժակ բրինձ, բուսական յուղ, աղ, պղպեղ, մաղադանոս:

Պատրաստման եղանակը
Սունկը ընտրել, լվանալ, 3-4 ժամ պահել աղաջրում, ապա քամել, լցնել ջրի մեջ և խաշել: Եփելուց հետո ջրքամել, մանր կտրատել և նորից լցնել արգանակի մեջ: Ապա ավելացնել բրինձը, աղը, պղպեղը, նախօրոք պատրաստած սոխեռածը: Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանր կտրատած մաղադանոս:


Չամչարակ
 

Վերցնել հավասարաչափ՝ ծիրանաչիր, չորացրած թութ, չամիչ: Ընտրել, լվանալ, խառնուրդի վրա եռջուր լցնել և եփել 20-25 րոպե: Հետո ավելացնել շաքարավազ, դարչին (ըստ համի) և մարմանդ կրակին թողնել մինչև եռալը: Մատուցել սառը:

 

Սպանախով և բրնձով ապուր
 

100 գ բրինձ
300 գ սպանախ
կարտոֆիլ
բուսական յուղ 
աղ
պղպեղ
համեմ

Պատրաստման եղանակը
Բրինձը կիսաեփ անել աղաջրում: Մաքրած կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով և լցնել բրնձի վրա: Ավելացնել պատրաստի սոխեռածը, պղպեղը և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ լցնել լվացած, կտրատած սպանախը և համեմը:


Քրչիկ
 

0.5 կգ թթու դրած կաղամբ
կես բաժակ բլղուր 
4-5 գլուխ սոխ
բուսական յուղ
չորացրած խառը կանաչի
կարմիր պղպեղ
տոմատի մածուկ՝ ըստ քիմքի

Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, ավելացնել բարակ կտրատած կաղամբը, բլղուրը, մանրացրած կանաչին, կարմիր պղպեղը, տոմատի մածուկը՝ ըստ ցանկության: Ավելացնել ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 2-3 ժամ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կարտոֆիլ:


Դդումով կերակուր


1 փոքր դդում
2 գլուխ սոխ
4 կարտոֆիլ
սալորաչիր
բուսական յուղ
չորացրած մաղադանոս
աղ
պղպեղ
շաքարավազ՝ ըստ ցանկության
3 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը
Դդումի կեղևը հեռացնել, կտրատել խորանարդիկներով: Պատրաստել սոխեռած: Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել կտրատած դդումը, կարտոֆիլը, սոխեռածը: Երբ կարտոֆիլը կիսաեփ լինի, ավելացնել մանրացրած կանաչին, պղպեղը, աղը: Եփել մինչև պատրաստ լինելը:


Ղափամա
 

Միջին չափի դդում, 2 բաժակ բրինձ, 3 գլուխ սոխ, հոնաչիր, խառը կանաչի, աղ, բուսական յուղ, շաքարավազ կամ մեղր՝ ըստ դդումի քաղցրության:

Պատրաստման եղանակը
Դդումը լվանալ, պոչի կողմից կափարիչաձև կտրել, հեռացնել կորիզները: Սոխը մանր կտրատել, ավելացնել բրինձը, կանաչին, հոնչիրը, բուսական յուղը, աղը: Լավ խառնել, լցնել նախապատրաստած դդումի մեջ, ծածկել կտրած մասով և դնել ջեռոցի մեջ: Եփել միջին ջերմաստիճանի տակ մինչև պատրաստ լինելը:
 

Լավաշով փլավ
 

Եռացող աղաջրի մեջ լցնել բրինձը և եփել մինչև պատրաստ լինելը: Որից հետո քամել, ցողել սառը ջրի տակ, թողնել քամվի: Խոր կաթսայում դաղել բուսական յուղը, լցնել բրնձի մի մասը, խառնել, ավելացնել մնացած բրինձը և մոտ 5-10 րոպե դնել կրակին: 
Լավաշի կտորները առանձին տապակել բուսական յուղի մեջ: Խոր կաթսայում շարել լավաշի կտորները, վրան լցնել փլավի մի մասը, լցնել բուսական յուղ, նորից դնել լավաշի կտորները, ապա մնացած փլավը:

 

Ոսպով և բրնձով փլավ
 

Առանձին-առանձին եփել աղաջրում ոսպն ու բրինձը, քամել: Խոր կաթսայի մեջ դաղել բուսական յուղը, լցնել բրինձն ու ոսպը, խառնել, թողնել 3-5 րոպե եփվի մարմանդ կրակի վրա, որից հետո կարելի է մատուցել:

 

Հաճարով փլավ
 

Կաթսայի մեջ լցնել ընտրած և լվացած հաճարը, ավելացնել ջուր (1:2 հարաբերությամբ), փակել կափարիչով և մարմանդ կրակի վրա եփել՝ մինչև հաճարի պատրաստ լինելը: Սունկը ընտրել, լվանալ, կիսաեփ անել: Որից հետո քամել, մանր կտրատել, տապակել բուսական յուղի մեջ կտրատած սոխի հետ: Ապա տապակած սունկը լցնել փլավի վրա և մատուցել:

 

Խյուսեր
 

Տոմատի մածուկը բացել քիչ ջրով, ավելացնել մանր կտրատած սոխ, աղ, կարմիր կամ սև պղպեղ, մանրացրած համեմ, խառնել: 
Բուսական յուղին ավելացնել քիչ քացախ, ճզմած սխտոր, աղ, պղպեղ՝ ըստ քիմքի: 
Մանր կտրատած կամ քերիչով անցկացրած գազարը, լոլիկը, գլուխ սոխը խառնել իրար, ավելացնել 1 ճգ ալյուր, աղ, պղպեղ, եռջուր: Եռացնել 3-4 րոպե: 
Այս խյուսը կարելի է օգտագործել տարբեր կերակրատեսակների, հատկապես փլավների հետ:

 

Պաշտետ լոբով
 

0.5 կգ հատիկավոր կարմիր լոբի
1 բաժակ ընկույզի միջուկ
2-3 պճեղ սխտոր
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը
Լոբին եփել, քամել, ապա լոբին, ընկույզի միջուկը, սխտորը անցկացնել մսաղացով, զանգվածին աղ ու պղպեղ ավելացնել, լավ խառնել ու մատուցել: Եթե զանգվածը չոր ստացվի, կարելի է ավելացնել քիչ լոբաջուր կամ բուսական յուղ:


Լոբով կոտլետ
 

Հատիկավոր լոբին խաշել, աղալ, ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրատած կանաչի, աղացած գլուխ սոխ և քիչ ալյուր: Բոլորը լավ խառնել, կոտլետների ձև տալ և տապակել առատ բուսական յուղի մեջ:

 

Կարտոֆիլով կոտլետ
 

Կարտոֆիլը խաշել, մաքրել, լավ տրորել: Ավելացնել նախօրոք թրջած բլղուր, աղացած սոխ, սամիթ, համեմ, աղ, պղպեղ, լավ խառնել: Զանգվածից պատրաստել կոտլետներ և տապակել բուսական յուղի մեջ:

 

Պասուց տոլմա
 

250 գ բրինձ կամ ձավար
0.5 կգ սիսեռ
0.5 կգ ոսպ
200 գ կարմիր լոբի
2-3 գլուխ սոխ
0.5 բաժակ ընկույզի աղացած միջուկ՝ ըստ ցանկության
2 ճգ տոմատի մածուկ
բուսական յուղ
աղ 
կարմիր պղպեղ
չորացրած կանաչիներ (ռեհան, համեմ, թարխուն)
չամիչ կամ սալորաչիր
թթու դրած կաղամբ կամ աղ դրած խաղողի տերև (պատրաստելուց հետո եռացնել ջրի մեջ մոտ 10 րոպե)

Պատրաստման եղանակը
Լոբին և սիսեռը կիսաեփ անել: 
Պատրաստել սոխեռած, ավելացնել ջրով բաց արած տոմատի մածուկ, շարունակել տապակել: Այս բոլորին ավելացնել լոբին, սիսեռը, ոսպը, ձավարը կամ բրինձը, մանրացրած կանաչիները, ընկույզի միջուկը: Համեմել աղով, պղպեղով և բոլորը լավ խառնել: Կաղամբը որոշ ժամանակ դնել սառը ջրի մեջ, ապա լցնել փլավքամիչի մեջ ջրքամվելու: Կաղամբը բաժանել թերթիկների և լցոնել պատրաստի զանգվածով: Կաթսայի մեջ դասավորել երկու շերտ տոլմա, վրան լցնել չամիչ կամ սալորաչիր: Կրկնել նույն հերթականությամբ մինչև մթերքը վերջանա: Որից հետո տոլմայի երեսին դնել շրջած ափսե, լցնել ջրով բաց արած տոմատի մածուկ: Ջուրը պետք է ծածկի տոլմայի երեսը: Եփել մարմանդ կրակին մինչև պատրաստ լինելը: Մատուցում են սառը վիճակում:


Կարտոֆիլով տոլմա
 

1 կգ կարտոֆիլ

2 գլուխ սոխ
0.5 բաժակ բրինձ
1 ճգ տոմատի մածուկ
սամիթ
աղ
պղպեղ
բուսական յուղ

Պատրաստման եղանակը
Մաքրած կարտոֆիլը սոխի հետ աղալ: Ավելացնել բրինձը, մանրացրած կանաչին, աղն ու պղպեղը, լավ խառնել: Կաղամբի թերթիկները խաշել, յուրաքանչյուրի մեջ դնել պատրաստի լցոնը, փաթաթել և դասավորել կաթսայի մեջ: Տոլմայի վրա դնել շրջած ափսե, ավելացնել նախապես ջրով բաց արած տոմատի մածուկը և ջուր այնքան, որ ծածկի տոլման: Եփել մարմանդ կրակի վրա:


Ոսպով կոլոլակ
 

0.5 կգ ոսպ

250 գ բլղուր
մաղադանոս
կարմիր պղպեղ
1-2 պճեղ սխտոր
աղ
1 գլուխ սոխ
բուսական յուղ

Պատրաստման եղանակը
Ոսպը ընտրել, լվանալ և եփել: Բլղուրի վրա լցնել այնքան եռջուր, որ ծածկի այն: Թողնել մինչև բլղուրը ուռչի: Ոսպը և բլղուրը խառնել իրար, ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած կանաչի, նախօրոք պատրաստած սոխեռած, աղ, պղպեղ: Ստացված զանգվածը լավ խառնել: Ձեռքը թրջել գոլ ջրում և պատրաստել փոքր կոլոլակներ: Դնել սկուտեղին և մատուցել:

 

Կակաոյով խմորեղեն


Բաղադրությունը՝

1. 600 գրամ ալյուր
2. 400 գրամ շաքարավազ
3. 150 գրամ կակաո
4. սոդա+քացախ
5. 400մլ ջուր
6. 100մլ ձեթ


Պատրաստման եղանակը՝ Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը, կակաոն և շաքարավազը, մյուս տարայի մեջ լցնել ջուրը, սոդան և քացախը և ձեթը լավ հարել, ապա ստացված զանգվածին ավելացնել մյուս տարայում շաղախված ալյուրի, կակաոյի և շաքարավազի զանգվածը, հարիչով լավ հարել, եփել ջեռոցում 45 րոպե, 180 աստիճան ջերմությամբ:

 

Գազարով խմորեղեն


1. 200մլ ջուր, որ տաք, սենյակային ջերմաստիճանի

2. 200մլ ձեթ
3. 300 գրամ շաքարավազ
4.սոդա+քացախ
5.կես բաժակ չամիչ
6. կես բաժակ կտրատված ընկույզ
7. երկու հատ գազար
8. մեկ պտղունց աղ
9. վանիլին
10.500 գրամ ալյուր


Պատրաստման եղանակը՝ ջրի մեջ լցնել շաքարավազը, ձեթը լավ հարել ձեռքով, ապա ավելացնել սոդան՝ 1ճ/գ քացախով բացված, վանիլ, աղ, չամիչը, ընկույզը ու մանր քերիչով անցակացրած գազարները, լավ հունցել, ապա կամաց-կամաց ավելացնել մաղած ալյուրը, եփել 180 աստիճանում, 45 րոպե:
 

Բաղադրատոմսն առաջարկել է Qahana.am կայքի ընթերցող Լիանա Խաչատրյանը
 

  

Վերմիշելով ապուր


Պատրաստել սոխառած, ավելացնել կարտոֆիլ, 7 ճաշի գդալ լեչո, պարբերաբար խառնել, մի քիչ էլ շոգեխաշել: Ավելացնել 1.5 լիտր եռացրած ջուր, մի բուռ վերմիշել: Անջատելուց հետո ավելացնել աղ, կտրատած համեմ և կանաչ սոխ:

 


Փիփերթով ապուր


Միջին չափի 2 կարտոֆիլ կտրատել, ձեթով սոխառածի հետ մի քիչ տապակել: Ավելացնել 1.5լ եռման ջուր և եփել, մինչև կարտոֆիլը գրեթե եփված լինի: Այդ ժամանակ ավելացնել նախապես լավ լվացած և կտրատված 2 կապ փիփերթ, եփել ևս 3 րոպե: Անջատել և անմիջապես ավելացնել կես բաժակից քիչ լվացած շատ մանր բլղուր և աղ: Խառնել։






 

Դիտվել է 29614 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
4
6
8
11
13
15
18
20
22
25
27

Թեմական կյանք