Քրիստոնեական

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ֆիլմ «Կղզի»։ Ապաշխարության 72 րոպե

Ֆիլմ «Կղզի»։ Ապաշխարության 72 րոպե

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը սկսում է նոր շարք ֆիլմերի մասին։ Ինչպիսի՞ հոգևոր ֆիլմեր դիտել, ինչպե՞ս վերաբերվել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը»։ Դիտում ենք հոգևոր ֆիլմեր շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։


Այս շաբաթ առաջարկում ենք դիտել․


Ֆիլմ՝ «Կղզի» (Остров)
Նկարահանող երկիր՝ ՌԴ
Ժանր՝ դրամա
Տարեթիվ՝ 2006
Ռեժիսոր՝ Պավել Լունգին
Գլխավոր դերերում՝ Պյոտոր Մամանով, Վիկտոր Սուխոռուկով, Դմիտրի Դյուժև
Տևողություն՝ 1ժ․12ր․


72 րոպե սպանություն, մեղք, ապաշխարություն, վախ, ցավ, հավատք, Աստված-մարդ հարաբերություններ ու ներում։ Ֆիլմի 72 րոպեների ընթացքում հասցնում ես տեսնել, զգալ ու ապրել այս ամենը։ «Կղզում» անցկացրած այս րոպեները, թեկուզ էկրանից այս կողմ, ստիպում են վերապրել ու վերլուծել հերոսների այս զգացմունքները։


«Կղզում» ամեն ինչ սկսվում է ածուխից և ավարտվում ածուխով։


Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Գերմանացիները գրավում են ածուխ տեղափոխող ռուսական փոքրիկ զբոսանավը։ Զբոսանավի երկու ուղևորներից ողջ է մնում միայն մեկը։ Դավաճանելով ընկերոջը՝ Անատոլին կրակում է Տիխոնի վրա և հրաշքով փրկվում ու սկսում ապրել կղզում գտնվող մենաստանում։
Անցնում են տարիներ։ Կղզում նրան ճանաչում են որպես իրական հավատացյալ, իսկ նրա գործած հրաշքների մասին լուրերը երկրի բոլոր ծայրերից մարդկանց բերում են այստեղ։ Սակայն իր գործած մեղքը թույլ չի տալիս հանգիստ ապրել և անգամ մահանալ։ Անատոլին զգում է, որ մոտենում է մահվան ժամանակը, սակայն գործած մեղքի համար այնքան սպասված ներումը դեռ չի զգում։ Բայց շուտով…


Ամբողջ ֆիլմում ածուխն ուղեկցում է հերոսին, և անգամ մահանալիս նա կտակում է իրեն հուղարկավորել ածուխի համար նախատեսված արկղում։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ֆիլմը դիտելիս։


Մեկնաբանում է քահանան.


«Պետք է ուշադրություն դարձնել հերոսի զղջման և ապաշխարության օրինակին։ Շատ կարևոր է այն, որ մարդը շատ խոր ապաշխարության շրջան է անցնում՝ չկորցնելով հավատը։ Հաճախ մարդիկ ապաշխարության մեջ լինելով՝ հասնում են հուսահատության և հուսալքության։ Սակայն, եթե մարդը հուսահատվում է, հավատի մասին խոսելն անհնար է։
Ապաշխարել՝ չի նշանակում ուղղակի լացել, այլ՝ չկրկնել գործած մեղքը։ Պետք չէ մոռանալ մեղքի մասին, բայց ապաշխարությունից հետո չի կարելի ողբերգությունը վերապրել և հուսահատության հասնել։


Կարելի է առանձնացնել մի քանի հանգամանք․
Մարդը կարող է աստվածաբանական խորը գիտելիքներ ունենալ, բայց այդ գիտելիքներով չէ, որ ճանաչում ենք Աստծուն կամ հարաբերվում ենք Նրա հետ։ Մեր ես-ով, մեր էությամբ է, որ հարաբերվում ենք Աստծո հետ։
Հերոսն աղոթում էր այն մարդու համար, ում սպանել էր։
Նա հասավ նրան, որ սրբագրեց իր կյանքը և շարունակեց ապրել առանց մեղքի:
Ֆիլմում տեսնում ենք պարզ ու անկեղծ հավատք, ձգտում Աստծո հետ անմիջական կապի։
Ֆիլմը ցույց է տալիս, որ Աստծուն իրականում փնտրելու և տեսնելու գրավականը պարզ ու անկեղծ հավատն է՝ անկախ նրանից, ինչպիսին ես դու՝ կրթված, գրագետ, մեղավոր թե անմեղ», - մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։


Կարծիքներ ֆիլմի մասին։


«Այս ֆիլմը դիտել է պետք։ «Կղզին» կյանքի մի փոքրիկ կտոր է մեր հոգում, սակայն որոշ մարդիկ չեն կարողանում գտնել այդ կղզին և նույնիսկ չգիտեն դրա գոյության մասին, իսկ որոշները գիտեն, որ դա միակ տեղն է, որտեղ յուրաքանչյուրը բացահայտում է ինքն իրեն և մյուսներին»։ (Անահիտ)


«Մռայլ ու մութ ֆիլմեր չեմ սիրում, բայց այս ֆիլմը նայելիս անգամ չես մտածում գույների մասին։ Սիրտդ հանգստանում է, սկսում ես մտածել սեփական ապաշխարության մասին»։ (Լենա)
 

Խորհուրդ կտայի դիտել.


«Եպիսկոպոսի կինը»։ (Տեր Եսայի քահանա Արթենյան)

 

Հետաքրիր փաստեր ֆիլմերի մասին.


Ամենաշատ էկրանավորված ստեղծագործություներն են ՝


«Մոխրոտը»՝ 95 ֆիլմ
«Համլետ»՝ 56 ֆիլմ
«Կարմեն»՝ 56 ֆիլմ
Մաղթում ենք հաճելի դիտում։
 

Конец фильма
 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 5258 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք