Քրիստոնեական

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երբ ընտանեկան երջանկությունը վտանգված է

Երբ ընտանեկան երջանկությունը վտանգված է

Յուրաքանչյուր ամուսնացող զույգ կարծում է, թե ընտանիք կազմելով՝ կլինի երջանիկ, ինչը բնական է։ Շատերն էլ վստահ են, որ Աստծո նկատմամբ իրենց հավատքը կօգնի, որպեսզի երջանիկ լինեն։ Իհարկե, հավատքն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երջանիկ ընտանիքը, սակայն ընտանիքի ամրությունը կախված է նաև զույգերից։ Հովվական կյանքի իմ փորձից ցանկանում եմ առանձնացնել մի քանի օրինակներ, որոնք խախտում են ընտանեկան անդորրը և հանդիսանում են ընտանիքի պառակտման հիմքը։

 

1. Երբ սխալ ենք հասկանում «Տեր եմ» և «Հնազանդ եմ» խոստումները

Շատերին թվում է, թե եթե տղամարդը Պսակի ժամանակ տալիս է «Տեր եմ» խոստումը, նշանակում է, որ պետք է հրամաններ տա, իսկ կինը՝ հնազանդորեն կատարի, քանի որ ինքն էլ տվել է «Հնազանդ եմ» խոստումը։ Իրականում այդ խոստումները վերաբերում են այն ուխտին, որը կապում են զույգերը Պսակի խորհրդի ժամանակ՝ ապրել Աստծո կամքի համաձայն, սիրել, խնամել, հոգ տանել միմյանց։ Ամուսինները պետք է տեր և հնազանդ լինեն այ՛ս ուխտին, այլ կերպ՝ պատասխանատվությամբ ու ծառայության պատրաստակամությամբ պահեն ամուսնական ուխտը մինչև մահ։

 

2. Երբ սպասում ենք, որ կողակիցը մեզ երջանիկ կդարձնի

Այս մոտեցումը խախտում է ամուսնական հարաբերությունների բալանսը։ Սխալ է սպասել, որ ամուսինը կամ կինը կանի ամեն բան, որպեսզի ընտանիքը կայուն ու երջանիկ լինի։ Իրական սերն այն է, երբ ոչ թե սպասում ես, որ դիմացինը քեզ երջանկացնի, այլ՝ ինքդ ես ձգտում երջանկացնել կողակցիդ։

 

3. Երբ ձեր կողակիցը չի վստահում ձեզ

Եթե զույգերից որևէ մեկը հաճախ ստում է ու չի կատարում իր խոստումներն, ապա վստահությունը պակասում է, որն էլ կարող է իր անդառնալի հետևանքն ունենալ ամուսնական կյանքում։

 

4. Երբ երեխան առաջին տեղում է

Որքան էլ տարօրինակ թվա, բայց այն, որ ընտանիքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում ենք միայն երեխայի վրա, սպառնում է ընտանեկան երջանկությանը։ Հասկանալի է, որ երեխաները շատ կարևոր են, սակայն երբ ամբողջ սերն ու ուշադրությունը տալիս ենք երեխային, իսկ կողակցին բաժին են հասնում միայն փշրանքները, ապա վտանգվում է ամուսնական հարաբերությունը։

 

5. Երբ ակնկալում ենք, որ կողակիցը կփոխվի

Շատ անգամ կենցաղում տեսնում ենք մեր կողակցի թերություններն ու բողոքում՝՝ ակնկալելով, որ մի օր կփոխվի՝ փոխարենն ընդունելու նրան, այնպիսին ինչպիսին կա։ Բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ, որոնք ի հայտ են գալիս հատկապես ամուսնական կյանքում։ Շատ կարևոր է կարողանալ թերություններից առաջ նկատել դիմացինի առաքինությունները։

 

6. Երբ ամուսինները մեղադրում են միմյանց

Շատ տարածված մոտեցում է, երբ տղամարդն ամեն հարցում մեղադրում է կնոջը։ Արդյունքում կինը սկսում է ստրկաբար ամեն ձախողման մեջ ընդունել, որ մեղավորն ինքն է։ Մեղքի գիտակցման մեջ էլ պետք է օբյեկտիվ լինել։ Ամուսնու առաքելությունն է անել ամեն բան, որ կինն իրեն ամուր ու լիարժեք զգա, այլ ոչ թե տառապի թերարժեքությամբ։

 

7. Երբ չես հարգում կողակցիդ ընտրությունը և ազատությունը

Հաճախ ենք հարցականի տակ դնում կողակցի ընտրությունը և կարծիքը։ Պետք է հասկանալ, որ որքան տղամարդը կարող է ճիշտ լինել, նույնքան էլ՝ կինը։

 

8. Երբ ծնողներն են որոշում ամուսինների փոխարեն

Շատ ընտանիքներ են քայքայվում այս պատճառով։ Ընտանիքի մեջ չի կարող ընտանիք ձևավորվել։ Խոսքն անպայման առանձին ապրելու մասին չէ, սակայն երբ զավակներն ամուսնանում են, ծնողները պետք է ընդունեն, որ գործ ունեն առանձին ընտանիքի հետ և ազատ թողնեն։ Կարող են խորհուրդներ տալ, հոգ տանել, բայց իրենց փոխարեն որոշում կայացնելը սպառնում է այդ ընտանիքի ամրությանը։

 

9. Երբ չենք կարողանում ներել ու ներողություն խնդրել

Շատ կարևոր է ներելն ու ներողություն խնդրելը։ Ոչ մեկս անմեղ չենք, նույնիսկ եթե քրիստոնյա ենք։ Իրականում քրիստոնեությունն արտահայտվում է սխալն ընդունելու և ներողություն խնդրելու առաքինությամբ։

 


Եսայի քհն. Արթենյան

Դիտվել է 6316 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք