Քրիստոնեական

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ի՞նչ ընթերցել Պահքի ընթացքում

Ի՞նչ ընթերցել Պահքի ընթացքում

Ըստ վիճակագրության՝ մեկ շաբաթվա ընթացքում միջին տարիքի մարդիկ կարդում են 6,5 ժամ։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր, այսինքն՝ 7 շաբաթ։
Ալեքսանդր Շմեմանն իր «Մեծ Պահք» գրքում գրում է. «Ընթերցանության նպատակը միայն կրոնի մասին մեր գիտելիքներն ավելացնելը չէ. այն հիմնականում նպատակաուղղված է մեր միտքը մաքրել այն ամենից, ինչով լի է: Ուղղակի աներևակայելի է, թե որքան է մեր միտքը բեռնված ամեն տեսակ հոգսերով, հետաքրքրություններով, մտահոգություններով, տպավորություններով, ու թե որքա՛ն չնչին իշխանություն ունենք այդ ամենի վրա: Կրոնական գրքի ընթերցումը, մեր ուշադրության կենտրոնացումը սեփական մտածելակերպից բոլորովին տարբեր բանի վրա ինքնին մտավոր և հոգևոր ուրիշ մթնոլորտ է ստեղծում…»:


Ի՞նչ ընթերցել Պահքի շաբաթների ընթացքում։ Խորհուրդ են տալիս քահանաները։


Աստվածաշունչ


Բնականաբար, առանց Աստվածաշնչի օրվա ընթեցումների հնարավոր չէ պատկերացնել Մեծ Պահքի ընթացքը: Աստվածաշունչն այսօր հասանելի է նաև օնլայն տարբերակով, որը կարող եք ներբեռնել այստեղից։
«Աստվածաշունչ ընթերցեք ամեն օր, թեուզ մեկ պատգամ։ Պահեք այդ պատգամը ձեր մտքում և խորհեք դրա մասին քնելուց առաջ»։ (Տեր Վարդան քահանա Գափոյան)

 

Վարդան վարդապետ Այգեկցի. «Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին»


Այս գիրքը քրիստոնյայի կյանքի մասին է։ Այստեղ հեղինակն անդրադառնում է մարդուն հուզող գրեթե բոլոր հարցերին ու խնդիրներին։ Պահքի ընթաքում այն առավել օգտակար կարող է լինել հավատացյալի համար։ (Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան ) Գիրքը կարելի է ներբեռնել այստեղից։


 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. «Փոքրիկ իշխանը»


20-րդ դարի լավագույն ֆրանսիական գիրք ճանաչված «Փոքրիկ իշխանը» պատմում է բարու հաղթանակի նկատմամբ մարդու հավատի ու մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկության մասին: Գիրքը կարող եք կարդալ  այստեղ։
«Պահքի ընթաքում ի՞նչ կա առավել կարևոր քան, սովորել սիրել դիմացինին և պատասխանատվություն կրել նրա համար»։ (Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան)


Ս. Գրիգոր Նարեկացի. «Մատյան ողբերգության»


Ոչ միայն Մեծ Պահքի ընթացքում, այլև պարբերաբար ու անընդհատ ընթերցելու արժանի գիրք է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը՝ Նարեկը (Տեր Ղազար քահանա Պետրոսյան), որը կարող եք ներբեռնել այստեղից:


Ֆեոդոր Դոստոևսկի. «Կարամազով եղբայրներ»


Իրատես մարդու մեջ ոչ թե հավատքն է ծնվում հրաշքից, այլ հրաշքն է ծնվում հավատքից։ Եթե իրատեսը մի անգամ հավատա, հենց իր իրատեսության շնորհիվ պետք է անպայման ընդունի նաև հրաշքը։ Ս. Թովմաս առաքյալը հայտարարեց, որ չի հավատա, մինչև չտեսնի, իսկ երբ տեսավ, ասաց. «Տեր իմ և Աստված իմ»։ Մի՞թե հրաշքը նրան ստիպեց հավատալ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ. նա հավատաց միայն ու միայն այն պատճառով, որ ցանկանում էր հավատալ և գուցե լրիվ հավատում էր արդեն իր սրտի խորքում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ասաց. «Չեմ հավատա, մինչև չտեսնեմ» (մեջբերում գրքից)։
Գիրքը շատ կարևոր հարցեր է բարձրացնում ու ստիպում է մտածել դրանց մասին։ Պահքի ընթացքում այն շատ օգտակար կարող է լինել հավատացյալի համար։ (Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան)


Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը Մեծ պահքի ընթացքում խորհուրդ է տալիս ընթերցել.


Ալեքսանդր Շմեման. «Մեծ Պահք»
Ալեքսանդր Մեն. «Մարդու որդին»
Օգոստինոս Երանելի. «Խոստովանություններ»
Հենրիկ Սենկևիչ. «Յո՞ յերթաս»
Շնորհք Պատրիարք. «Մեծ պահոց կիրակիների ոսկե շղթան»


Իհարկե, այս գրքերի ընտրությունն անձնական փորձառություն է ենթադրում։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ կարդալ, և պետք չէ սահմանափակվել միայն Պահքի ընթացքով, որպեսզի խելացի լինել, բավական է կարդալ ընդամենը 10 գիրք, բայց այդ 10 գիրքը գտնելու համար հարկավոր է հազարավորները կարդալ:


Վերջում կառաջարկեմ կարդալ նաև այս փոքրիկ առակը:


Հայրերից մեկի մոտ գալիս է իր աշակերտն ու ասում.
- Վարդապետ, ինչ կարդում եմ, միևնույնն է՝ ինձ դատարկ եմ զգում, ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չի մնում կարդացածիցս։ Կարծես անիմաստ լինի ընթերցանությունս։
Վարդապետը վերցնում է ջրի կուժը, մեջը ջուր է լցնում ու նորից դատարակում։ Աշակերտը, տեսնելով այդ ամենն՝ ասում է, որ հենց նույն ձևով դատարկվում է նաև ինքը։
Վարդապետը պատասխանում է․
- Ճիշտ ես ասում, բայց նկատի ունեցիր, որ ամեն անգամ սափորը ջրով լցնելով ու դատարկելով է մաքրվում։

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 8125 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Նոյեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք