Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Կենտրոն, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.): Ներկայիս Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով այն հին Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Արտաքին տեսքը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի, չէր համապատասխանում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական նորոգման և բարեզարդման: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի 1972թ. կազմած նախագծի համաձայն, սկսվեցին Ս. Սարգիս եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները:  Եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվել է եկեղեցու ներքին տեսքը, արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել վերնատուն: Վերնասրահում հիմնովին քանդվել են նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Շնորհաշատ քանդակագործներից Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի  Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ  են ստեղծվել:  Ս. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, որի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսում արձանագրվել է. «Ի Հայրապետութեան Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Ս. Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին: Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:  

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք