Եկեղեցիներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կենտրոն, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Այն Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու նույն ցավալի ճակատագիրն է ունեցել: Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն քաղաքային իշխանություններից եկեղեցու քանդման թույլատվություն էր ստացել, որպեսզի հսկեր աշխատանքները և որևիցե կարևոր բեկոր չկորչեր կամ չփչանար: Եկեղեցին սկսել են քանդել 1936թ. դեկտեմբերին, որ տևել է մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեև կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց գիտական հսկողության շնորհիվ հայտնագործվեց Երևանի ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի` Սուրբ Աստվածածինը: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.: Այն եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցի էր: Կառուցված էր տուֆով, կրաշաղախով: Աղոթասրահի և արտաքին պարագծի չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Եկեղեցու պատերն արտաքուստ և ներքուստ զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Նրանցում տեղ-տեղ ագուցված էին տարբեր թվագրության խաչքարեր՝ 1679, 1693, 1694 և 1695: Պատերը քանդելիս դրանց մեջ հայտնաբերվել են ավելի հին խաչքարեր՝ 1472, 1641 և 1642 տարեթվերով: Հին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին ճշտվել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդման ժամանակ, երբ բացվել են եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատները: Հիշյալ պատերին եղած արձանագրություններից ամենահինը 1264 թվականի է: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարի, իսկ հյուսիսային պատին` 1609թ. արձանագրություններ: Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, արևմտյան կողմում, 17-րդ դարի սկզբին կցակառուցվել էր ժամատուն, որտեղ նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածին եկեղեցին միջնադարյան Երևանի եկեղեցիներից միակն է, որ երկրաշարժից հետո կանգուն է մնացել և ըստ արժանվույն շարունակում է գոյատևել: Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշել էր հայտնաբերված հին եկեղեցին պահպանել՝ լիովին ազատելով Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու մնացորդներից: Վերականգնվել են Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու քանդման ժամանակ վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվել է ու շրջապատը բարեկարգվել: Սուրբ Աստվածածին եկեղեցին (որը շարունակում է կրել Կաթողիկե անունը), փոքր չափեր ունի (5,4 x 7,5 մ պարագծային կողմերով): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են գմբեթով պսակված աղոթասրահը, ապա առանց ավանդատների կիսաշրջան խորանը: Հարավային, արևելյան և հյուսիսային պատերն ունեն լուսամուտներ: Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին մայրաքաղաքի Կենտրոն համայնքում գործող եկեղեցիներից է:   

1 2
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք