Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հարցեր քահանային

Ձախ կողմում տեղադրված 33 մասերից և բազում ենթամասերից կազմված հարցաշարում կարող եք գտնել Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Եթե այդպիսիք չգտնվեն, ապա գրեք Ձեր հարցը harc@qahana.am էլ. փոստի հասցեին կամ ֆեյսբուքյան Qahana.am էջին: Նամակի subject տեղում նշեք շտապ, եթե ակնկալում եք ստանալ շուտափույթ պատասխան: Ոչ աշխատանքային օրերին ձեր հարցերն ուղղեք ֆեյսբուքյան Qahana.am էջին:


Վերջին 20 հարցերը

Իմ ծանոթներից մեկը մեկնում է արտերկիր՝ գործուղման, եւ անհանգստանում է, որ այնտեղ չի գտնի պահքային սնունդ: Եթե չեմ սխալվում, հիվանդներն ու ճանապարհորդներն ազատվում են պահքից: Արդյո՞ք դա ճիշտ է: 

Պահեցողության ժամանակ որոշ առողջական խնդիրներ ունեցող քրիստոնյաներ, խորհրդակցելով քահանայի և բժիշկի հետ, կարող են հրաժարվել պահեցողությունից ամբողջությամբ կամ մասամբ: Իսկ ճամփորդներին, եթե առողջ են, չի կարելի Մեծ Պահքը խախտել: Իսկ եթե լինելով գործուղման մեջ, չեն կարողանա պահքի սնունդ ապահովել և ստիպված կլինեն խախտել, ապա թող վերադարձին շարունակեն պահքը:


Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ

Ինչպե՞ս կարելի է ծոմ պահել:

Ծոմապահությունը հիմնականում ըստ ցանկության է: Թեև ծոմապահությունը շատ չնչին վերապահումներով պարտադիր է: Երբ պատրաստվում ենք Ս. Հաղորդություն ստանալ, պետք է ծոմ պահել տվյալ օրը՝ առավոտից: Թույլատրվում է միայն ջուր խմել: Իսկ եթե Ս. Հաղորդություն ստացողը հղի է կամ առողջական խնդիրներ ունեցող մարդ, ապա թույլատրվում է հաց ուտել և ջուր խմել: Մնացած դեպքերում ծոմ պահողն ինքն է որոշում` երբ և ինչ ժամկետով ծոմ պահել: Սակայն այդ որոշումը պարտադիր պետք է համաձայնեցվի հոգևորականի հետ՝ ծոմապահության հոգևոր խորհուրդն իմանալու համար: Ծոմապահությունն առանց աղոթքի և հոգևոր սննդի անիմաստ կդառնա:

Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ

Կիրակի օրը Ս. Պատարագին Սուրբ Հաղորդություն ստանալու համար ծոմ ե՞րբ պետք է պահել: Կարելի՞ է արդյոք ջուր խմել: Մեկ տարեկան երեխան կարո՞ղ է Հաղորդություն ստանալ` առանց ծոմ պահելու:

Կիրակի օրը հաղորդություն ստանալու համար անհրաժեշտ է տվյալ օրը՝ առավոտից Ջուր խմելը չի արգելվում, սակայն ցանկալի է չխմել:
Հայ Առաքելական եկեղեցու Կանոնագրքի համաձայն՝ մինչև 14 տարեկան երեխաները իրավունք ունեն հաղորդվել առանց ծոմապահության:


Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ

Ես 21 տարեկան եմ, ուսանողուհի, 3 տարի պահել եմ բոլոր պահքերը (շաբաթապահք, չորեքշաբթի, ուրբաթ օրերի պահք), սակայն երբեմն թուլություն եմ զգացել: Մայրս ասում է, թե միգուցե պետք չէ պահել բոլոր պահքերը: Միգուցե իմ դեպքում բավարար կլինի միայն Մեծ Պա՞հքը:

Ս. Եսայի Անապատականն ասում է. «Մարմինը հոգու ծառան է, եթե չկերակրես` քեզ չի ծառայի»: Սա նշանակում է, որ պետք է կերակրենք մեր մարմինը չափավոր կերպով: Խիստ պահեցողությունը միայն վանականներին վայել առաքինություն է, սակայն հոգևորականի հսկողությամբ կարող են պահել նաև ապաշխարողները: Վանականներն էլ իրենց խոստովանահայրն ունեն և ինքնագլուխ չեն պահք պահելու մեջ: Մենք չպետք է մոռանանք, որ մեզ համար չենք ապրում, այլ` մեր հարազատների: Եվ եթե տկարանանք, ոչ միայն մեզ համար վատ կլինի, այլ նաև` մեր հարազատների, ում մասին մենք պարտավոր ենք հոգ տանել: Ուստի պետք է պահել բոլոր պահքերը, սակայն` չափավոր:


Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Պահքը խախտելու դեպքում կարելի՞ է շարունակել: 

Այո: Թեև նախընտրելի է պահքը չխախտելը, սակայն եթե խախտել եք, ապա անպայման նորից շարունակեք պահել:


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Ընկերուհիս այնքան էլ հավատացյալ չէ, չի էլ մասնակցում եկեղեցական արարողություններին, բայց պատրաստվում է պահք պահել 40 օր: Մի՞թե դա անիմաստ չէ:

Պահքն ունի հատուկ նպատակ, որը թելադրում է Սուրբ Եկեղեցին: Պահքի իմաստը մեղքից հրաժարվելն է: Եթե ինչ-որ մեկն այլ նպատակով է պահք պահում, ապա կարող է դա անել ցանկացած այլ ժամանակ, քանի որ այն կապ չունի Մեծ Պահքի հետ: Սուրբ Եկեղեցին Մեծ Պահքի բոլոր կիրակիները հատուկ է համարում և դրանց հետ կապված հատուկ խրատներ ունի: Առանց այդ խրատների և ցուցումների պահքն անիմաստ է:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Տարիներ շարունակ ես պահք եմ պահել թե հոգեպես, թե ֆիզիկապես: Օգտագործել եմ միայն բուսական սնունդ, հաճախել եմ եկեղեցի, աղոթել: Հիմա առողջական խնդիրներ ունեմ, երեք շաբաթից ավելի չեմ կարող պահք պահել: Արդյո՞ք կարելի է այդպես վարվել, և հատկապես ո՞ր շաբաթները պահք պահել:

Ցանկալի չէ հոգևոր ամրությունը թողնել: Ս. Պողոս Առաքյալն ասում է. «Հոգով սկսեցիք, մարմնով մի ավարտեք» (տես՝ Գաղ. 3:3; 5:16-17): Քրիստոնյայի համար լավ է, որ փրկության ճանապարհին ամեն մի քայլ և ամեն մի գործ հոգևորականի օրհնությամբ լինի: Հոգևորականը (Ձեր խոստովանահայրը կամ հոգևոր հովիվը) ճիշտ կհասկանա Ձեր խնդիրը և անհատապես խորհուրդներ կտա, թե ինչպես պահք պահել:
Այն մարդիկ, ովքեր հիվանդ են կամ բուժման ընթացքի մեջ են և դեղեր են ընդունում, երբեմն քահանայի օրհնությամբ շատ թեթև պահք են պահում (կամ ընդհանրապես չեն պահում):


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Մեծ Պահքի շրջանում ե՞րբ է կարելի Սբ. Հաղորդություն ստանալ:

Մեծ Պահքի շրջանում Ս. Հաղորդություն կարելի է ստանալ միայն այն օրերին, երբ մեծ տոն է և եկեղեցում մատուցվում է բաց Պատարագ, օրինակ` ապրիլի 7-ին` Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին, Ս. Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապ մուտքի օրը և Ծաղկազարդի տոնին` Հիսուսի` Երուսաղեմ հաղթական մուտքի օրը. նաև փետրվարի 14–ին՝ Տեառնընդառաջին, եթե Մեծ Պահքը շուտ է սկսվում։


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Ես ուսանող եմ ու տանը մեկ անգամ եմ սնվում, օգտվում եմ բուհիս ճաշարանից: Կարելի՞ է Մեծ Պահքի 40 օրվա փոխարեն ամառային արձակուրդներին 40 օր պահք պահել:

Պահքի իմաստը ուտելու կամ չուտելու մեջ չէ: Այդքան էլ էական չէ. թե օրվա մեջ քանի անգամ ես ուտում: Կարևոր է քաղցի զգացումը, որպեսզի քաղցը համբերելով՝ մարդը վարժվի ժուժկալության: Ժուժկալությունն անհրաժեշտ է հատկապես մեր հոգևոր կյանքի համար. պետք է ժուժկալ լինել ոչ միայն ուտելիս, այլ նաև խոսելիս, քնելիս: Այս ամենի մեջ մեզ օգնության է գալիս Սուրբ Եկեղեցին: Ուստի, անհրաժեշտ է Մեծ Պահքը պահել հենց Մեծ Պահքի օրերին: Դուք կարող եք հրաժարվել բուհի ճաշարանից՝ օրը մեկ անգամ ուտելով տանը: Իսկ եթե տանն էլ չլինի պահքային կերակուր, ուղղակի կարող եք քիչ ուտել:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Իմ մայրը 76 տարեկան է և ունի ստամոքսի խոց, բայց համառորեն ուզում է Մեծ Պահքը պահել: Մի՞թե Աստծուն ընդունելի կլինի, եթե նա իր առողջությունը վատթարացնի:

Պետք է խորհրդակցել նրա բժշկի հետ: Բայց ամեն դեպքում, ստամոքսի խոցը պահանջում է հատուկ սննդակարգ, որն արդեն իսկ պահեցողություն է: Սակայն բուժման ֆոնի վրա գուցե հնարավոր լինի նաև Ձեր մայրիկի նախընտրած պահեցողությունը:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Կարելի՞ է Մեծ պահքի ժամանակ հրաժարվել, ասենք, միայն մսից: Կհամարվի՞ արդյոք դա պահք: Եվ ի՞նչ աղոթքներ պետք է կարդալ պահքի ժամանակ: Ձեր կայքի աղոթքի էջում կա՞ն այդպիսի աղոթքներ:

Մեծ պահքն ապաշխարության շրջան է, որի ընթացքում կենդանական ծագում ունեցող կերակուրներից հրաժարվում ենք կամ ծոմ պահում այն նպատակով, որ վարժվենք մեղքից հրաժարվել, որովհետև խնդիրը ոչ թե ուտելը կամ չուտելն է, այլ՝ մեր չար կրքերը զպսելը:
Մեծ Պահքի ժամանակ կարող եք կարդալ «Գանձասարի աղոթագրքից» ապաշխարության աղոթքներ ու սաղմոսներ, նաև Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթքները, նաև Ս. Եփրեմ Ասորու «Զորավոր աղոթքը» (դրանք բոլորն էլ կան այս կայքում), և այս ամենին ավելացրեք Ձեր անձնական խնդրանքները, որ գալիս են սրտից: Աղոթքներ պետք է կարդալ ոչ թե կարդալու համար, այլ զղջումը Ձեր հոգում ապրելու համար՝ մեղքից հրաժարվելու ամուր վճռականությամբ:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Ես ամուսնացել եմ մեկ շաբաթ առաջ, և փաստորեն հիմա մեր մեղրամիսն է, բայց կինս ասում է, որ Մեծ պահքի ժամանակ ամուսնական հարաբերությունն անթույլատրելի է: Դա իրո՞ք այդպես է:

Իրականում այդպես է. Մեծ Պահքի ընթացքում ամուսինների միջև անկողնային հարաբերությունները չեն խրախուսվում: Շնորհք Պատրիարք Գալուստյանը այս մասին գրում է. «...պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են խաղը, ուրախությունը և պարը, երևակայելն անհնար է» (տես՝ Շնորհք Արք. Գալուստյան «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» հրատ. Էջմիածին 2008 թ., էջ 13): Սակայն պահքը կամավոր առաքինություն է: Ս. Պողոս Առաքյալը, մարդկանց հորդորելով ժուժկալության (որովհետև ժուժկալությունը հոգևոր կյանքի համար խստորեն անհրաժեշտ է), միևնույն ժամանակ չի պարտադրում՝ ասելով. «Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն այն դեպքում, եթե միառժամանակ համաձայն եք, որ աղոթքի նվիրվեք. և վերստին միմյա՛նց դարձեք, որպեսզի սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալության պատճառով։ Այս ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով...» (տես՝ Ա Կոր. 7:1-7):
Մեղրամիսը չէ կարևորը, այլ՝ Ձեր միմյանց նկատմամբ հարգանքն ու սերը: Դրանք մեղրամիսի պատճառով ոտնահարել չի կարելի: Եթե սիրում եք Ձեր կնոջը, ապա ճիշտ կլինի զիջել նրան: Սակայն նաև կարող է Ձեր կինը Ձեզ զիջել: Պահեցողության հարցերն ընտանիքում լուծվում են միմյանց հետ համաձայնեցնելով: Եթե չեք դիմանում, ապա խնդրեք Ձեր կնոջը պահք չպահել, և նա Ձեզ համար պահքը խախտելով՝ մեղք չի գործի:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Եթե ես ամենսակզբից Մեծ Պահքը չեմ պահել, կարո՞ղ եմ որևէ ժամանակից սկսել այն պահել:

Մեծ Պահքը մեր հայրերը պատվիրում են խստորեն, առանց խախտումների պահել: Սակայն, եթե ինչ որ պատճառով չեք պահել կամ խախտել եք պահքը, ապա կարող եք հիմա սկսել, և Ձեր ջանքն Աստված ամբողջական կհամարի:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Միջինքին պահքն ինչպե՞ս է լուծվում:

Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել՝ առանց գուշակության միտումների:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Մեծ Պահքի ընթացքում ո՞ր օրերին կարելի է ձուկ ուտել:

Ձուկը կենդանական ծագում ունի: Մեծ պահքի ընթացքում ձուկ ուտելու որևէ օր չկա:


Օրհնությամբ՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ինչու՞ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, և փակ են մնում Մեծ պահքի ամբողջ ընթացքում` մինչև Հարության ճրագալույցի պատարագը:

Բուն Բարեկենդանին եկեղեցիների վարագույրները փակվում են, սակայն բացվում են մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի Պահոց շրջանում: Դրանք են՝ Տեառնըդառաջը, Ս. Աստվածածնի Ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ: Մեծի Պահոց շրջանն ավարտվում է Ղազարոսի հարության հիշատակությամբ, և սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի պահոց շրջանի ավարտը: Սակայն սկսվում է Ավագ շաբաթը: Մինչև Խավարման գիշեր բոլոր մաղթանքները վերաբերում են Տիրոջ Գալստյանը, քանի որ Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ:
Ավագ հինգշաբթի բաց պատարագ է լինում, որը Խորհրդավոր Ընթրիքի հիշատակն է. կարող եք Ս. Պատարագին մասակցել և Ս. Հարղոդություն ստանալ: Երեկոյան, երբ կատարվում է ուրբաթի գիշերային ժամերգություն, վարագույրը դարձյալ փակվում է և բացվում է միայն Հարության ճրագալույցի ժամանակ, քանզի Տերը մատնվում է, խաչվում, դրվում գերեզման, դժոխքն ավերվում է և միայն Հարության ավետիսով է բացվում մեզ համար Աստծո մեծ փառքը:


Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

Կցանկանայի իմանալ, թե Մեծ Պահքի ընթացքում ո՞ր օրը և ո՞ր ժամին են լինում յոթ աղոթքները և տեղեկանալ դրանց իմաստի մասին: 

Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգություններն ինն են: Եվ Մեծ Պահքի շրջանում նրանք խտացված մատուցվում են Ձեզ՝ առավոտյան՝ ժ. 9.00-ին և երեկոյան՝ ժ. 17.00-ին: Պարզապես գիշերային ժամերգությունն էլ կցվում է առավոտի ու արևագալի ժամերգությանը, իսկ երեկոյան կատարվում են Խաղաղական և Հանգստյան ժամերգություններ:
Վանքերում դրա կարիքը չի եղել: Քանի որ վանքում գիշերը ժ. 3-ին սկսել գիշերային ժամերգություն (1), առավոտյն՝ 6-ին, սկսել են առավոտյան ժամեգությունը (2), ժամը 7-ին հնչել է արևագալի ժամերգությունը (3), այնուհետև ճաշու 3 ժամերգությունները (4, 5, 6), որից հետո տեղի է ունեցել Ս. Պատարագ: Ս. Պատարագից մինչև երեկո ընդմիջում է եղել: Որից հետո երեկոյան սկսվել է երեկոյան ժամերգությունը (7): Այնուհետև խաղաղական ժամերգությունը (8), և հանգսյան ժամերգությունից (9) հետո վանականները մտնում էին անկողին:


Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

Մեծ Պահքի վերջին շաբաթվա ընթացքում թույլատրվում է միայն սև հաց և ջո՞ւր:

Ավագ Շաբաթվա ընթացքում, որը հաջորդում է Մեծ Պահքին, պահեցողության պայմանները չեն փոխվում. այս ընթացքում նույնպես պետք է խուսափել կենդանական կերակրից (եթե, իհարկե, խոստովանահոր կողմից այլ ցուցումներ չկան): Այս ընթացքում նույնպես անհրաժեշտ է ջերմորեն աղոթել և մասնակցել ամեն օր տեղի ունեցող հատուկ իմաստ ունեցող արարողություններին: Ավագ շաբաթվա արարողություններին մասնակցելն իմաստավոր է նրանով, որ դրանց միջոցով խորհրդաբար մասնակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներին և ապա վկա ենք լինում Նրա հրաշափառ Հարության:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Տեղյակ եմ, որ պահոց շրջանում հաղորդություն չի տրվում, քանի որ համարվում է ապաշխարության շրջան: Սակայն Ս. Ծնունդին նախորդող շրջանում հաղորդություն տրվում է: Ինչո՞ւ:

Խնդիրն այն է, որ հնում Հայ Առաքելական Եկեղեցին ուներ 3 Մեծ պահք, դրանք Ս. Զատկին, Ս. Ծննունդին և Ս. Պայծառակերպությանը նախորդող հիսնյակներն են: Սակայն, ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար, Ս. Ներսես Մեծ հայրապետը և նրա հաջորդները Ծննդյան և Այլակերպության պահքերը բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր:
Ս. Ծննդին նախորդող պահքի շրջանում վարագույրը չի փակվում, ինչպես Մեծ Պահոց շրջանում, որը պահում ենք հատուկ խստությամբ: Ուստի, հունվարի 1-ին, երբ Ս. Պատարագով նշում ենք տարեմուտը, և հունվարի 1–ից 5–ը հանդիպող կիրակի օրը կարելի է հաղորդվել:


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Ես ամուսնացած չեմ եղել, բայց սիրում եմ մի տղամարդու ով կորցրել է կնոջը և երեխաներ ունի: Արդյոք ես մեղք չե՞մ գործում իր կնոջ հանդեպ: Կարո՞ղ եմ ստանալ եկեղեցու օրհնությունը, եթե որոշեմ ամուսնանալ նրա հետ:

Դուք կարող եք ամուսնանալ նրա հետ, որովհետև լիիրավ երջանիկ լինելու իրավունք ունեք, ավելին կասեմ` այս ամուսնությամբ Ձեզ առիթ է ընձեռվում նաև մայրություն անել նրա որբացած երեխաներին: Եվ Աստված հաստատապես կօրհնի ձեզ, եթե քրիստոնեավայել ապրեք Ձեր կյանքը: Դուք չեք կարող մեղք ունենալ մահացած կնոջ հանդեպ, ով արդեն Աստծո մոտ է: Գնացեք եկեղեցի և պսակադրվեք, և Աստված կօրհնի Ձեր կյանքը:


Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ

Եկեղեցական տոներ

« Մարտ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
6
7
8
9
10
13
14
15
16
17
20
21
23
24
27
28
29
30
31

Թեմական կյանք