Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Վերջին 20 հարցերը

Աստվածաշնչում կարդացել եմ, որ մեղավորների հետ պատահածն արդարների հետ էլ կարող է պատահել: Ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի անում, որպեսզի բոլորը շահագրգռվեն և ձգտեն արդարությանը՝ երջանիկ լինելու համար: Եվ ինչո՞ւ հաճախ շատ չար մարդիկ ապրում են երկար ու երջանիկ, վնասելով արդարներին և անմեղ երեխաներին:

Իսկապես, Աստված խտրություն չի դնում մարդկանց միջև: Աստված սեր է՝ միմիայն սեր, քանի որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, անձրև է բերում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45): Սակայն մարդկանցից ո՞վ կարող է իրեն արդար համարել: Արդար է միայն Աստված:


Մենք` բոլորս, մեղավոր մարդիկ ենք և վայրը, որտեղ ապրում ենք մենք, Երկնքի Արքայությունը չէ (Տերունական աղոթքի մեջ խնդրում ենք նրա գալուստը):
Ադարությունը մեզ համար երկու տեսակ է` արտաքին և ներքին: Արտաքին արդարությունը` ընկերային արդարություն է, որը  հարաբերական է` պայմանավորված ներկա քաղաքակրթությամբ: Ներքին արդարությունը բաձարձակ արդարություն է, որը պայմանավորված է մարդու ներսում Աստծո արքայության առկայությամբ և Աստծո արդարությամբ, այսինքն` ներքին արդարությունը պայմանավորված է Աստված-մարդ փոխհարաբերությամբ, որտեղ և իրական, հավիտենական երջանկությունն է:


Հարցում առաջադրված արդարների կյանքն անփորձանք դարձնելը և բոլորին շահագրգռելն Աստծո գործելակերպը չէ, ինչը շկնշանակեր պարտադրված անփորձանք կյանք և մարդը այն հեշտությամբ կկորցներ` ինչպես վարվեց հավիտենական կյանքի հետ դրախտում: Այն նաև չէր շահագրգռի մարդկանց ընտրել բարին, երջանկությունը, ինչի մասին խոսում է Տերը «Աղքատ Ղազարոսի և մեծահարուստի» առակում: Աստծո գործելակերպը Խաչի և Հարության ճանապարհն է, որով մարդու փրկության կարելիությունը, հնարավորությունը մուտք գործեց աշխարհ և յուրաքանչյուր անհատ իր ազատ ընտրությամբ կարող է իրագործել իր սեփական փրկությունը, երջանկությունը` միանալով արդարների երամին: Եվ արդարների` սրբերի, ժամանակավոր կյանքը մեզ համար օրինակ է ոչ թէ անփորձանք ապահովությամբ, այլ` պայքարով մասնակցությամբ Հարության հաղթանակին:
Ինչ վերաբերում է չար մարդկանց երկարակեցության ու երջանկության մասին Ձեր հարցին, ապա պետք է ասել, որ բարի մարդ չկա, բարին միայն Աստված է, և մեր այս ժամանակավոր կյանքն էլ արժևորվում է ոչ թե մարդու կյանքի օրերի երկարությամբ և բարեկեցությամբ, քանի որ, ինչպես Տերն է ասում՝ մարդու համար կա մեկ անգամ մեռնել, որից հետո՝ դատաստան (տես՝ Եբր. 9:27), այլ Աստծո Կամքի ընտրությամբ: Եվ յուրաքանչյուր անհատ, քանի դեռ ապրում է, հնարավորություն ունի ապաշխարությամբ արժանանալ մեղքերի թողության և Տիրոջ Մարմնի ու Արյան Հաղորդությամբ ժամանակի մեջ ճաշակել հավիտենական կյանքը:


Օրհնությամբ՝ Տ. Մաշտոց քահանա Բաբայան

Արդյո՞ք մեղք է այս կյանքը համարել երկնային կյանքից ոչ պակաս կարևոր:

Մարդիկ երկրային կյանքն անցնում են երկնայինում իրենց տեղին արժանանալու համար: Եթե այս կյանքն անկարևոր լիներ, Աստված մեզ չէր ուղարկի այս աշխարհ: Աստված մեր շուրջ գտնվող ամեն ինչ ստեղծեց, որ մենք ապրենք ու վայելենք: Կարո՞ղ եք ասել` ձեր աջ ձեռքն է կարևոր, թե՞ ձախը, սիրտը, թե՞ ոտքերը: Եթե մեզ համար կարևոր է երկնային արքայությանն արժանանալը, պետք է ճշմարտորեն կարևորենք ու գնահատենք մեզ ընձեռված հնարավորությունը, որ ճիշտ ապրելով հասնենք դրան: Իսկ եթե համարենք, որ երկրայինը կարևոր չի, մենք կձախողվենք: Կստացվի, որ մենք քայլում ենք օդում ու ամուր կանգնած չենք հողին:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Հազարամյա թագավորության մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն գտնի իրենց հարազատներին: Արդյո՞ք նրանք չեն տխրի: Կա՞ հիշողություն:

Գիտենք, որ ավելի լավ հիշում ենք երեկվա, քան թե տասը տարի առաջ կատարվածը: Երբ Նավն ընթանում է ծովի վրա, իր ետևից հետք է թողնում, բայց այն հետզհետե կորչում է: Ուրեմն, հիշողությունը հավիտենական չէ, և շատ կարևոր բաներ ժամանակի ընթացքում անկարևոր են դառնում: Հավիտենական կյանքում ուրիշ իրականության մեջ կլինենք: Այս աշխարհից որոշ հիշողություններ պիտի մնան, բայց Սուրբ Գրքում ասվում է. «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը: Վերին բաների մասին խորհեցեք և ոչ այն, որ այստեղ` երկրի վրա է» (Կող. 3:1-2): Հավիտենականության մեջ կգտնենք մեր ճշմարիտ տեղը, անունը և բարեկամությունը:
Օրհնությամբ՝ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Իմ դասատուն մահացել է անսպասելի, 65 տարեկանում: Նա   մկրտված չէր, սակայն մտադիր էր վաղ թե ուշ մկրտվել:  Ի՞նչ կարող եմ անել նրա համար:

Մարդն ապավինում է Աստծո ողորմածությանը: Նման դեպքերում անհրաժեշտ է մեռելոց (ննջեցյալների հիշատակության) օրերին եկեղեցում հոգեհանգստյան կարգ պատվիրել: 5-րդ դարում Եղիշեն քահանաներին ուղղված կանոն գրեց, ուր հորդորում էր աղոթել ապրողների (նկատի ունենալով չմկրտված ննջեցյալների հարազատներին) և չմկրտված ննջեցյալների հոգու հանգստության համար: Դա կարելի է պարբերաբար անել, ինչպես նաև աղոթքներում հիշել հանգուցյալին` հայցելով Աստծո ողորմածությունը:
Առհասարակ, ննջեցյալներին ուղղված մեր աղոթքներն ուղղում ենք Աստծուն` Արդար Դատավորին, և խնդրում մեր եկեղեցու շարականի իմաստուն խոսքերով. «Ո~վ Տեր, արդարությամբ մի´ դատիր մեզ, այլ գթությամբ քավիր մեր մեղքերը»:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Մահացածի գերեզմանից հող ենք բերել տուն, լցրել ծաղկամանի մեջ, բայց մեզ ասացին, որ գերեզմանի  հողը  չի կարելի պահել տանը: Արդյո՞ք կարող ենք հողը ետ տանել:

Այդ հողը ընդամենը հող է և ննջեցյալի հետ կապ չունի: Չարժե մեր կյանքի ամեն հարց կրոնականացնել: Նրանք, ովքեր Ձեզ խորհուրդ են տալից հողը ետ տանել, պաշարված են հեթանոսական վախերով, որովհետև հենց հեթանոսներն են նյութն աստվածացնում և շատ կախված են նյութից: Իսկ մենք՝ քրիստոնյաներս, հոգին ենք կարևորում և Աստծու hետ հոգևոր հաղորդությունը, որով ապրում ենք: Վստահ եղեք, Ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Հողը կմնա, թե կտանեք, դրանից ոչինչ չի փոխվելու:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Գերեզմանատուն այցելելուց հետո երբեմն խունկը կամ փայտն ավելանում են: Կարելի՞ է դրանք նորից տուն տանել, թե ոչ:

Ննջեցյալների գերեզմանատունն այն վայրն է, ուր ամփոփված են նրանց մարմինները, իսկ հոգիները գտնվում են երկնային օթևաններում: Պարբերաբար այցելում ենք նրանց շիրիմներին, խունկ վառում և աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Սա է կարևորը: Իսկ մնացած հարցերը լոկ կազմակերպչական են. կարելի է այնտեղ մի փոքրիկ պահարան ունենալ և խունկը, փայտը այնտեղ թողնել, որպեսզի ամեն անգամ դրանք տանելու հարց չառաջանա: Իսկ հակառակ դեպքում կարելի է ետ բերել, դրանից ոչ մի վատ չի լինի: Լավ կլինի  սնոտիապաշտությամբ չտառապել, այլ ապրել առողջ  քրիստոնեական կյանքով:
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու կարգի` ինչպե՞ս պետք է կատարել հանգուցյալ քրիստոնյայի մահվան տարելիցը: Արդյո՞ք անընդունելի է միայն գերեզման այցելելն առանց հոգեհանգստյան արարողության պատվիրման, պարզապես մտերիմներին և հարազատներին այդ օրը հիշելը:

Համաձայն Հայ Առաքելական եկեղեցու սահմանած կարգի, ննջեցյալի այգուցին, յոթնօրեքին, քառասունքին և տարելիցին գերեզմանատանը հոգևորականը կատարում է տվյալ օրվան հատուկ կարգ:  Դա հենց այն աղոթքն է, որն ասվում է ննջեցյալի հոգու խաղաղության և հանգստության համար: Ննջեցյալների գերեզմանին այցելելու նպատակը ոչ թե անհուսորեն արտասվելն է, այլ նրանց անմահ հոգիների համար աղոթելը:  Ուստի այդ օրը գերեզմանատուն պետք է գնաք հոգևորականի հետ միասին:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Ս. Հարության՝ Զատիկի տոնը կտրո՞ւմ է հանգուցյալի քառասունքը:

Նման բան չկա: Հանգուցյալի մահվան օրվանից հաշվեք 40 օր և այդ օրը կատարեք ննջեցյալի մահվան քառասունքը:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

Եթե ննջեցյալի քառասուներոդ օրը համընկնում է Ս. Հարության տոնին, ինչպե՞ս վարվել:

Մեռելոցի օրը թող դառնա 40-ի արարողության և ննջեցյալների հիշատակի օր:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան

Իմ մեծ մայրիկը վատառողջ է, անկողնային հիվանդ, ամեն վայրկյան կարող է մահանալ: Գիտեմ, որ շատ կարևոր է մահից առաջ ապաշխարել, մեղքերի թողություն ստանալ, բայց տատիկս հազիվ թե կարողանա խոսել, ինչ-որ բան ասել: Ի՞նչ անեմ, որ նա քրիստոնյային վայել ապրի իր վերջին օրերը և նրա հոգին արժանանա Աստծո արքայության: 

Պետք է անհապաղ դիմել հոգևորականի, որպեսզի նա, գալով հիվանդի մոտ, նրան վերջին Սուրբ Հաղորդություն տա: Դա շատ կարևոր է հոգու փրկության համար:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Ի՞նչ է հոգեվարքը: Ի՞նչ պետք է անել, եթե մարդը գտնվում է այդ վիճակում: Ի՞նչ պետք է խնդրել մեր Տեր Հիսուսից այդ մարդու համար: Կարելի՞ է խոսել մահացողի հետ, բարձր աղոթել, նստել կողքին, փորձել ջուր տալ:

Երբ մարդը կյանքի և մահվան սահմանակետին է, հոգին պիտի անջատվի մարմնից, մարմինը ենթարկվում է ֆիզիկական տարբեր տանջանքների: Բայց հոգին կարող է նաև խաղաղ կերպով անջատվել մարմնից: Լինում են դեպքեր, երբ մարդը նույնիսկ շաբաթներով հոգին չի տալիս, երբ բժիշկները վկայում են, որ որևէ զգայարան չի գործում, տեսողություն, լսողություն չկա, միայն շնչառությունն է մնացել:


Հոգու և մարմնի բաժանմանը հոգևոր մոտեցում է պետք: Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի 95 գլուխներից ուշ միջնադարում առանձնացվել են գլուխներ, որոնք կարդացվել են կրոնավորի կողմից հոգեվարք ապրող մարդու սնարի  մոտ: Այդ գլուխներում նկարագրվում է հոգու ճամփորդությունը դեպի երկինք, սրբերի բարեխոսությունն Աստծուն մահացածի համար, երկնքի արքայության դռների բաց լինելը և ողորմածության գթառատության բաղձանքը, իղձը: Իհարկե պետք է աղոթել նման պահին, սակայն պետք է անպայման հրավիրել հոգևորականի, որպեսզի նա վերջին հաղորդությունը տա մահացողին: Հոգին կարոտ է Հիսուսի Մարմնին և Արյանը: Ինչպես Հիսուսն է խոսում Ս. Հովհաննեսի Ավետարանում` «… Ես բարձրանում եմ դեպի Իմ Հայրը և ձեր Հայրը, դեպի Իմ Աստվածը և ձեր Աստվածը» (Հովհ. 20:17):
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

89-ամյա տատիկս միանգամից վատացել է և արդեն մեկ շաբաթ է, ինչ անկողնում պառկած է: Ինչո՞ւ է նա հիմա ցավերից տանջվում, չէ՞ որ նա շատ բարի, ազնիվ է:

Աստված ողորմած է: Մի դադարեք աղոթել Աստծուն Ձեր տատիկի առողջության համար: Իսկ ինչու՞ են ցավերը, տառապանքները, փորձությունները լինում, մենք չենք կարող ասել: Յուրաքանչյուրիս պետք է կյանքի հասկացողություն ունենալ՝ Աստծու շնորհը, որով փորձությունները հաղթահարել կկարողանանք: Իսկ բարությունն ու ազնվությունը մնայուն արժեքներ են, որոնք ոչ ոք մեզանից կողոպտել չի կարող: Դրանք են զարդերը մարդու, որ որպես մարգարիտներ անգին գանձերի պես զարդարում են մարդու հոգին, հարստություն, ինչ վայելելու է Ձեր տատիկը հավիտյան:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Հանգուցյալ մայրս չափազանց բարի կին էր: Սակայն արդեն 20 տարի շարունակ նա հենց գալիս է իմ կամ եղբայրներիս երազում, մեր ընտանիքից որևէ մեկը հիվանդանում է, թեև մենք չենք տամադրվում դրան: Ես երեխաներիս երբեք չեմ ասում, որ տատիկին եմ տեսել երազում: Սակայն արդյունքը միշտ նույն է: Երազումս տեսածն իրականանում է: Ինչպե՞ս բացատրել, որ այդքան բարի կինը կարող է երազում հայտնվելով` հիվանդություն բերել:

Նախ ասեմ, որ այդ երևույթը ավելի անձնական՝ սուբյեկտիվ է, քան թե կարող է կապված լինել Ձեր հանգուցյալ մայրիկի անձի հետ։ Հիվանդություններ մեր կյանքում հաճախ են լինում, և դա կապված է ոչ թե մեզանից դուրս ինչ-որ երևույթների, այլ մեր հիվանդացության, կամ այլ կերպ ասած՝ հիվանդանալու հավանականության հետ։ Այդ ինչպե՞ս է, որ գրիպով նույն հիվանդի հետ շփվում են շատ մարդիկ, իսկ հիվանդանում են մի քանիսը։ Այս տրամաբանությամբ՝ մարդը հիվանդանում է, եթե կա այդ հիվանդության նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն։
Ինչ վերաբերում է մեր հանգուցյալ հարազատներին, ապա նրանք իշխանություն չունեն այս աշխարհում որևէ բան փոխելու, ի տարբերություն մեզ, քանզի մենք, ապավինելով Աստծո անչափ ողորմածությանը, մեր աղոթքներով կարող ենք թեթևացնել նրանց վիճակը՝ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքի, թե մենք կարող ենք մեր հանգուցյալ հարազատների պարտքերը վճարել։ Դրա համար սահմանված է հոգեհանգստյան կարգը, որը կատարում է հոգևորականը եկեղեցում, կամ գերեզմանատանը՝ անհրաժեշտաբար սահմանված կարգերի ժամանակ՝ հուղարկավորության, այգուցի, յոթի, քառասունքի, տարեմուտի և մեռելոցների օրերին։
Պատվիրեք հոգեհանգիստ Ձեր հանգուցյալ մայրիկի համար և ամեն անգամ երբ կանգնեք անհատական աղոթքի թե՛ տանը, թե՛ եկեղեցում, Աստծու առջև Ձեր խնդրանքներում հիշեք նաև նրան, որպեսզի թեթևանա թե՛ նրա վիճակը, թե՛ ձեր խիղճը։


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Աստված մարդուն պատժո՞ւմ է իր երկրային կյանքի ընթացքում:

Մարդն ինքն է իրեն պատժում: Երբ մարդու խիղճը հանգիստ չէ, սկսվում է դժոխքը: Երբ մարդը սկսում է չարը մտածել, սխալ գործել, սատանան սկսում է բնակվել մարդու մեջ: Դա արդեն դժոխքի ներկայությունն է աշխարհի վրա:


Օրհնությամբ՝ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

Ինչու՞ են հայերը միշտ խաչը համբուրում:

Խաչը քրիստոնեության հաղթանակի նշանն է: Պողոս առաքյալն ասում է. «...քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով...» (Գաղ. 6: 14): Մենք էլ՝ որպես հարգանք, որպես սիրո արտահայտություն, համբուրում ենք խաչը: Մեր սերը խաչի նկատմամբ արտահայտվել է նաև խաչքարային արվեստի միջոցով:


Օրհնությամբ՝ Տ. Շնորհք աբեղա Սարգսյան

Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո` ձախ պե՞տք է տանել, թե՝ հակառակը: Ո՞րն է ճիշտ:

Խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են և ձեռքի համարժեք շարժումներ կատարում. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) և Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) և Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետևյալ կերպ. Во имя Отца (աջ ձեռքը բարձրանում է վերև) и Сына (ձեռքն իջնում է կրծքավանդակ) и Святого (ձեռքը գնում է աջ) Духа (ձեռքը գնում է ձախ), Аминь:


Նկատելի է, որ «Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:


Օրհնությամբ, Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան

Ի՞նչ են նշանակում հետևյալ խոսքերը. «Դա իմ խաչն է, ես պետք է տանեմ այն միչև վերջ»: Ինչպե՞ս պետք է տանել այդ խաչը: Ի՞նչ է սպասվում այն մարդուն, ով տանում է իր խաչը:

«Սեփական խաչ» ասվածը մարդուն կյանքի ընթացքում բաժին ընկած դժվարություններն են` ծանր վիճակները, որոնք, այնուամենայնիվ, հաղթահարելի են: Պետք չէ խուսափել այդ դժվարություններից, այլ տոկալ, քանի որ տառապանքով էլ է մարդը ճանաչում, մոտենում Աստծուն: Իսկ այս կյանքը ոչ այլ ինչ է, քան` հնարավորություն ճանաչելու Աստծուն:
Օրհնությամբ, Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան

Բնական աղետներն ու՞մ գործերն են` սատանայի՞:

Բնական աղետների ծագման պատճառը հենց մարդն է: Մեղանչելուց հետո մարդը շարունակ աչք է փակում իր հանցանքների վրա, մինչդեռ իր դժբախտությունների մեջ միմիայն ինքն է մեղավոր: 
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Ինչո՞ւ ամենազոր, ամենակարող ու ամենաբարի Աստված չխնայեց Իր սիրելի ժողովուրդներից մեկին` հայերին, և պատմության ընթացքում թույլ տվեց մեր ազգի անհիմն կոտորածը, որը հասավ իր գագաթնակետին` եղեռնին:

Նախ ասենք, որ Աստծո համար չկա առավել կամ պակաս սիրելի ժողովուրդ:  Հիշենք քրիստոնեության պատմությունը: Աստված մարմնացավ: Նա մեղք չուներ, սակայն Նրան խաչեցին: Թափվեց անմեղ արյուն: Դա Նրա առաքելությունն էր:


Առհասարակ, Քրիստոսի խաչելությունը, հայերի ու հրեաների եղեռնը և շատ այլ ողբերգություններ կատարվել և կատարվում են սիրո պակասից: Բացի այդ, ամեն բան պետք է դիտել պատմական ժամանակահատվածում, քանի որ աշխարհում չկա մի ժողովուրդ, ում անմեղ արյունը չի թափվել: Ընդհանրապես, պատմությունն ամեն ինչ հավասարակշռում է: Եթե մի ժամանակ որևէ ժողովուրդ հալածվում է, ապա հարյուրամյակներ, դարեր անց պատմական արդարությունը վերականգնվում է: Մի օրինակ բերենք: Սևամորթներն Ամերիկայում ստրուկներ էին: Սակայն ԱՄՆ-ի ներկա նախագահը սևամորթ է: Եղեռն վերապրած հրեաներն այսօր ունեն հզոր պետություն և ազդեցության համաշխարհային լծակներ:
Հայոց եղեռնի պատճառներից էր պետականության, ազգային ծրագրի բացակայությունը: Սակայն թուրքերի նպատակը` ամբողջությամբ բնաջնջել հայերին, չիրականացավ: Եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը չվերացավ: Այսօր մենք ունենք անկախ պետություն, սփյուռք: Այսօր մենք պահանջատեր ենք:
Պատմության շարունակական ընթացքը պահանջում է հատուցում, ինչին էլ մենք կոչված ենք հետամուտ լինելու: Աստծո միջամտությունը միշտ հավասարակշռում է պատմության կողմերը:


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան

Հարցս Եղեռնի մասին է: Սուրբ Գրքում Հիսուսը չի վերացնում օրենքը, որը տրված էր մարգարեներին, որոնք Փրկչից առաջ են աշխարհ եկել: Նա ասում է. «Մի′ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա… չեկա ջնջելու, այլ` լրացնելու» (Մատթ. 5:17): Այսինքն, հայերն իրավունք ունեն կատարելու օրենքը` «…աչքի փոխարեն` աչք…», (Մատթ. 5:38) և դա մեղք չի համարվի, բայց օգուտ էլ չի բերի, այնպես չէ՞:

Քրիստոս, ցանելով Իր նոր` սիրո ուսմունքի սերմերը, Իրեն լսողներին պատրաստում էր աստիճանաբար. Նա այդպես է վարվում նաև Լեռան քարոզում: Նա խոսում է երանիների մասին` կոչ չանելով կոնկրետ գործողություններ: Բայց դա էլ հրեաների համար նորություն էր, և արդեն իսկ այդ ժամանակ նրանք կարող էին կասկածել Քրիստոսին օրենքին հակառակվելու համար: Եվ նախքան Իր նոր հրաշալի օրենքների գրի առնելը, Նա սկսում է որոշ կասկածամտություններ հերքել. «Մի′ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ` լրացնելու» (Մատթ. 5:17):


Նրա ուսմունքը չէր ոչնչացնում նախկին օրենքը, այլ` լրացնում, այն դարձնելով ավելի կատարյալ: Տիրոջ այս խոսքերում երեք ճշմարտություն կա.
1. Նա իրապես կատարեց ողջ օրենքը (տես` Մատթ. 3:15, Հովհ. 8:46, 14:30).
2. Նա այդ օրենքը կատարեց նաև մեր փոխարեն: Քանզի, ով չկատարեց օրենքի թեկուզ մի կետը, մեղավոր է ողջ օրենքի առջև: Եվ այդ պատճառով Տերը, կատարելով ողջ օրենքը, մեզ է ընծայել այդ կատարելությունը (տես` Հռոմ. 10:4; 8:3-4; 3:31): Օրենքի նպատակն էր մարդուն արդար դարձնել, ինչը չհաջողվեց, ուստի օրենքի այդ նպատակին ծառայեց հենց Ինքը` Քրիստոս, հաստատելով հավատով արդարանալու կարգը: Այսպիսով, մենք կատարում ենք օրենքը հավատալով՝ որ Քրիստոս կատարեց այն:
3. Այն խոսքը, թե գրված է. «Մի սպանիր» … իսկ Ես ձեզ ասում եմ, թե`ամեն մարդ, ով բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. 5:21-22), չի նշանակում, թե Նա ոչնչացրեց պատվիրանը, այլ` դարձրեց այն ավելի կատարյալ և հաստատեց: Ով բարկությամբ չի բռնկվում, նա, անկասկած, չի համարձակվի մարդ սպանել: Եվ ով սանձում է իր բարկությունը, նա, իհարկե, իր ձեռքերը չի արձակի: Այդպես խոսվում է և շնության մասին և այլն:


Իսկ ինչ վերաբերում է «… աչքի փոխարեն` աչք…» խոսքին, ապա այդ էլ Քրիստոս կատարեց խաչի վրա: Օրինակ՝ եթե որևէ մեկն իմ աչքը հանի, ես պետք է նույնն անեմ նրան: Բայց Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «…չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5:39): Իսկ իմ աչքը հանողին կասեր՝ քո աչքը պետք է հանվեր, բայց Ես քո մեղքը Ինձ վրա եմ վերցրել` մահանալով խաչի վրա, և դու չես պատժվի, եթե զղջաս և ներողություն խնդրես:


Այսպիսով, Լեռան քարոզում տեսնում ենք, թե Տերն ինչպես է աստիճանաբար բարձրացնում մարդուն երանությունից կատարելություն: Կարծես մի կարմիր թել անցնում է` «երանի՛ հոգով աղքատներին»-ից մինչև «մյո՛ւս ծնոտն էլ դարձրու», «սիրի′ր քո թշնամուն», «եղե′ք կատարյալ, ինչպես ձեր Հայրը»: Ահա որքան կատարյալ է Քրիստոսի ուսմունքը:


Ինչ վերաբերում է եղեռնին, թե վրեժխնդրությունը «մեղք չէ, բայց օգուտ էլ չի բերի», ապա ասեմ, որ հայերս՝ Հարության ու սիրո որդիներ ենք: Եվ խնդիրը մեր կատարելությունն է: Կատարելությունը սերն է` ինչպես մերձավորի, այնպես էլ` Աստծո հանդեպ: Հարվածել են մեր այտին՝ մյուսն ենք դարձրել: Մեզ նախանձել են, իսկ մենք նրանց համար կառուցել ենք քաղաքներ ու դղյակներ: Մեզ դավաճանել են, իսկ մենք մնացել ենք հավատարիմ: Մեզ ցանկացել են բաժանել Քրիստոսից, բայց պատասխանել ենք, թե` քրիստոնեությունը հանդերձանք չէ, այլ մեր մաշկն է, որը չենք կարող փոխել: Իսկ եթե զենք ենք բարձրացրել, ապա ոչ վրեժխնդրության նպատակով, այլ ի կատարումն Տիրոջ պատվիրանի. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13), այսինքն՝ հանուն հավատի, ընտանիքի և հայրենիքի:


Ուստի, ներել և սիրել թուրքերին` դեռ չի նշանակում մոռանալ այս ցավը, բայց նաև չի նշանակում, որ պարտավոր ենք կրել այն մեր սրտերում ողջ կյանքի ընթացքում` այնպես, որ ամեն անգամ հանդիպելիս զայրույթով լցվենք: Այդ դեպքում ատելությունը մեզ կսպանի: Որպես քրիստոնյա ազգ, պարտավոր ենք աղոթել մեր Եկեղեցու և հավատի թշնամիների համար, որպեսզի նրանք ետ դառնան չարից: Իսկ եթե չզղջան, ապա այդպիսիներին հարկավոր է հանդիմանել, պահանջել եղեռնի ճանաչումը, այլ ոչ թե օրհնել:


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք