Հարցեր քահանային

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աստված ոչնչից ստեղծեց չարին: Չէ՞ որ Նա ամեն ինչ գիտեր: Ինչո՞ւ չոչնչացրեց, ինչո՞ւ թույլ տվեց, որ նա մարդկությանն իր ետևից տանի:

Այս հարցին լավագույնս պատասխանում է Ս. Հովհաննես առաքյալն իր ընդհանրական նամակում՝ ասելով. «Եվ այս է այն պատգամը, որ լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա» (Ա Հովհ. 1.5) կամ չարի գործունեության արդյունքի` մեղքի մասին ասում է. «Մեղքն ինքնին անօրենություն է: Եվ գիտենք, որ նա այն պատճառով հայտնվեց, որպեսզի վերացնի մեղքերը. բայց նրա մեջ մեղք չկա» (Ա Հովհ. 3.4-5):


Միանշանակ կարելի է ասել, որ Աստված չի ստեղծել չարը, չարը ստեղծված էակ չէ, այլ` բարուց չարի վերափոխված: Աստված կատարյալ Լույս է, Բարի ու Սեր: Իր ստեղծագործությունն էլ է նույնը: Թե´հրեշտակները, թե’´մարդիկ, որոնց բոլորին ստեղծել էր Աստված, բարի էին, որովհետև ամեն անգամ Սուրբ Գիրքն ասում է «...և տեսավ, որ բարի է» (Ծննդ. 1.31):


«Հավատամք»-ի մեջ ասում ենք. «Հավատում ենք երկնքի և երկրի, տեսանելի և անտեսանելի արարածների Արարչին»: Ըստ Եկեղեցու Հայրերի` առաջին օրը` լույսի հետ, ստեղծվեցին նաև հրեշտակները, որոնք դասերից են կազմված: Եվ նրանցից Աստծուն ամենամոտ եղածներից մեկը, որի անունը Արուսյակ, Լուսաբեր (Լյուցիֆեր) էր, ըմբոստացավ ու իր հետ Աստծո դեմ ապստամբության մղեց շատ հրեշտակների և որպես պատիժ գահընկեց արվեց ու չարացավ: Եսայու մարգարեության մեջ այդ մասին ակնարկ կա. «Արդ, ինչպես երկնքից ընկավ արուսյակը, որ ծագում է առավոտյան. նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց: Մտքիդ մեջ ասում էիր. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»: Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (Եսայ. 14.12-15):


Դրա համար էլ Ադամը, որ բարի բանի համար էր ստեղծվել, Աստծուց ստացել էր ամբողջ արարչության մեջ ամենամեծ նվերը` ազատ կամքը, նույն այդ օրհնանք-նվերն անեծքի առիթ դարձրեց, երբ ազատ կամքով ընտրեց անհնազանդությունը, որով յուրաքանչյուրս էլ, երբ ընդդիմանում ենք Աստծո պատվիրանին, կրկնում ենք սատանայի (բառացի` հակառակորդ) և Ադամի սխալը:


Չարը նոր բան չի ստեղծում, այլ եղածն աղճատում, աղավաղում է: Չարի գործն ավելի լավ պատկերացնելու համար կարելի է վերցնել թեկուզ գրադարանի օրինակը: Գրադարանում բոլոր գրքերն ըստ այբբենական կարգի են շարված: Չարը նոր բան չի ավելացնում, այլ այդ դասավորությունն է խառնում:


Եթե չարը ոչնչացնելու խնդիր դնենք, առաջին հերթին պետք է մարդու ազատ կամքի գործոնը վերացնենք: Բայց այդ դեպքում մարդն արդեն ռոբոտանման էակ կլինի, և ոչ թե` աստվածանման: Ցանկացած երևույթ կոնտրաստի մեջ է գնահատվում. լույսը խավարի հետ համեմատելիս, բարին` չարի, ճշմարիտը` կեղծի: Հետևաբար Աստված առավելագույն հոգատարությունն ու սերը մարդու նկատմամբ ցուցաբերել և ցուցաբերում է: Մնացյալը մարդու ընտրության խնդիրն է:

 


Աղոթաբար` Գևորգ սարկավագ Ալավերդյան


Դիտվել է 2238 անգամ

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2018 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
7
10
12
14
17
19
21
24
26
31

Թեմական կյանք