Քրիստոսի Պայծառակերպության տոն: «Վարդավառը գալիս ա»

Քրիստոսի Պայծառակերպության տոն: «Վարդավառը գալիս ա»

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

 

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականցնել Աստծո կամքը:


Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):


Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:


Վարդավառը գալիս ա, ծաղիկը ցնծալիս ա,
Այ գյուլում կանչող աղջիկ, ձենդ ծլվլալիս ա…
(«Սոնա յար» Կոմիտաս)


Ժողովրդի մեջ տոնն առավել հայտնի է Վարդավառ անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով: Ինչպես օրինակ՝ Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ): Չնայած անվանումների բազմազանությանը՝ հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ:

 

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

 

Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական»-ը, դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:


Նախիջևանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով՝ խաչաձև կապում էին երեխաների կրծքին և տանում եկեղեցի (Արտակ արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»):


Ինչպես առաջին խաղողն ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Մինչև Վարդավառ ընդունված էր խնձոր չուտել, «խնձորի պաս» էր:


Վարդավառից առաջ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Վարդավառին մի երեխայի հասակի չափ փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգով, խնձորով ու վարդերով: Փայտը հաճախ թևավոր էր լինում: Այս զարդարած փայտը կանաչի հետ միասին կոչվում էր «Խնդում»:

 

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդներն առուների եզրին կամ աղբյուրների մետ հավաքվելով՝ ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա:


Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն էր` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:


Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են կազմում և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Այսօր արդիական է ժողովրդական ավանդույթների վերականգման և պահպանման հարցը: Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում են մի շարք միջոցառումներ, որոնք անց են կացվում ժողովրդական սովորությունների համաձայն:
 

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

  • 2021-08-09
×