Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Աստված այն զինվորի կողքին է, ով արդարության համար պատերազմ է մղում», - ասում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Արշեն աբեղա Սանոսյանը

«Աստված այն զինվորի կողքին է, ով արդարության համար պատերազմ է մղում», - ասում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Արշեն աբեղա Սանոսյանը Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում դասալքությանը: Եթե դատապարտում է, ապա ի՞նչ տրամաբանությամբ։ Մեր եկեղեցին միշտ էլ դատապարտել է դասալքությունը։ Ոչ միայն բանակում, այլ ընդհանրապես` կյանքում։ Որևէ բնագավառում ծառայողը, եթե հրաժարվում է իր ծառայությունից, դատապարտելի է։ Ազգային բանակում այդ արարքն առավել ևս անընդունելի է։ Այնտեղ ծառայելու պատասխանատվությունը պետական օրենքներով է սահմանվում և եկեղեցին միանշանակ կողմ է այդ ծառայությանը։ Եթե մարդն իրոք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց քրիստոնեական համոզմունքները նրան խանգարում են սպանել և սպանվել, հատկապես պատերազմի ժամանակ, եկեղեցին ի՞նչ է մտածում այդ մարդու մասին։ Եթե նա Հայ Առաքելական եկեղեցու զավակ է, այդպես չի կարող մտածել։ Որովհետև Հայ Առաքելական եկեղեցին խրախուսում է հայրենիքի պաշտպանությունը և իզուր չէ, որ ժողովուրդը և եկեղեցին սրբացրել են հայրենիքի պաշտպաններին։ Այսինքն, Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է։ Հայրենիքն Աստծո պարգևն է, այն հողակտորը, երկիրը, մշակույթը, որ միանշանակ պաշտպանության կարիք ունի։ Իսկ ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ ժողովուրդը։ Ինչպե՞ս է եկեղեցին հայրենիքի պաշտպանությունը տարանջատում սպանությունից։ Դա սպանություն չէ։ Համարվում է, որ պատերազմները մղվում են արդարության վերականգնման համար։ Այսինքն, եթե մեր երկրի` Աստծո տված այդ պարգևի հանդեպ եղել է ոտնձգություն, հետևաբար եկեղեցին իր ժողովրդին քաջալերում է վերականգնել արդարությունը։ Եվ այդտեղ թշնամուն սպանելը, պարզ, կենցաղային երևույթ չէ, այլ դիտվում է իբրև հայրենիքի պաշտպանության համար կատարված սպանություն։ Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին երկար տարիներ մտահոգում էր հետևյալ հարցը. որտե՞ղ է Աստված պատերազմի դաշտում ։ Ես պատերազմ եմ գնում, կարո՞ղ եմ վստահ լինել, որ Աստված ինձ հետ է։ Քիչ առաջ նշեցի, որ եթե արդարության համար պատերազմ են մղում, եկեղեցին քաջալերում է այդ պատերազմը։ Իսկ եկեղեցին Աստծո ներկայությունն է այս երկրի վրա։ Այսինքն, Աստված այն զինվորի կողքին է, ով արդարության համար պատերազմ է մղում։ Շատ հաճախ պատերազմներ են մղվում այնպիսի պայմաններում, երբ թվում է, թե երկու կողմն էլ արդար են։ Ամեն դեպքում Աստված այնտեղ է և այն զինվորի կողքին է, որն իր Հայրենիքի համար, արդարությունը վերականգնելու համար է պատերազմում։ Երբ թշնամու գնդակից զոհվում է հայ հավատացյալ կամ նույնիսկ ոչ հավատացյալ զինվոր, զոհվելուց առաջ կարո՞ղ է վստահ լինել, որ Աստծո աչքն իր վրա էր։ Պատերազմի դաշտում դժվար է առանձնացնել հավատացյալին և ոչ հավատացյալին։ Անհավատ մարդը պատերազմի դաշտում, նեղության մեջ, մահն աչքի առաջ, անկախ իրենից Աստծուն է ապավինում։ Եվ շատ շատերը փաստարկներով ապացուցում են, որ նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ չեն հավատացել Աստծուն, նույնիսկ այդ մասին լսել չեն ցանկացել։ Բայց պատերազմի դաշտում, դժվար իրավիճակում հայտնված մարդը փորձում է գտնել մի ուժ, որին կարող է ապավինել։ Եվ փնտրում են Աստծուն, որն իրենց օգտակար լինի և դուրս բերի մահվան ճիրաններից։ Աստծո աչքը բոլորի վրա է, նույնիսկ` անհավատների։ Չի կարելի տարանջատել, որովհետև բոլորն էլ Աստծո զավակներն են։ Անհավատն ուղղակի չգիտի, որ Աստված իրեն էլ է սիրում։ Մոլորյալ ոչխարի օրինակն Ավետարանից հայտնի է։ Այդ ոչխարն ավելի փնտրվող, ավելի թանկ է։ Պատմում են, որ Շուշիի գրավման ժամանակ զինվորներից մեկը սողեսող առաջացել է և նկատել, որ պարանոցի խաչը և շղթան խանգարում են։ Փորձել է պոկել շղթան և նույն պահին վիրավորվել բազկից։ Դա միգուցե նշան էր` այդ պահին չհրաժարվել Խաչից, Փրկչից:
Դիտվել է 438 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք