Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երեխային չպետք է ասել. «դու մեղավոր ես»

Երեխային չպետք է ասել. «դու մեղավոր ես»

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն, հոգեբան Էլոննա Ավետյանի հետ:

 

Չարություն, նախանձ, եսասիրություն. օրինակ, «խաղալիքս միայն իմն է` չեմ տալիս». ինչպե՞ս շեղել երեխային այս ամենից:
 

Նախ պետք է ուշադրություն դարձնել, թե ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է երեխան իրեն այդպես դրսևորում. այդ ամենի հիմքում ագրեսիա կա: Օրինակ, դա կարող է լինել ծնողի գերխնամքի արդյունքում: Երես տալ, նրա փոխարեն ամեն ինչ անել. երբեմն թվում է, թե այս կամ այն բանը երեխայի համար ծանր աշխատանք կարող է լինել, երեխան չպետք է ոչ մի դժվարություն տեսնի կամ, շատ դեպքերում, ագրեսիվությանը ծնողները ևս ագրեսիվությամբ են պատասխանում և դրանով երեխայի մեջ ավելի են սերմանում չարություն: Կարևոր է, որ ծնողը վերանայի իր խոսելու ոճը, վերաբերմունքը, նույնիսկ պահվածքը: Նախադպրոցական տարիքի երեխայի համար հեղինակավոր է մայրիկի, հայրիկի խոսքը: Շատ կարևոր է, թե երեխային գովերգելիս կամ նկատողություն անելիս ինչ արտահայտություններ, ձևակերպումներ է անում ծնողը: Երեխայի հետ պետք է քննարկել բարության, ընկերասիրության գաղափարները, խոսել իր իրերի մասին՝ բացատրելով, որ դրանք միայն իրենն են: Երբ երեխան գիտի, որ խաղալիքն իրենն է, ապա նա վստահ և հանգիստ է կիսում այն ուրիշ երեխաների հետ:

 


Երեխայի հոգևոր դաստիարակության հարցում պետք է նաև բարություն, ազնվություն սերմանել. ինչպե՞ս ծնողները փոխանցեն այդ ամենը նախադպրոցական տարիքի երեխաներին:
 

Ամեն ընտանիք յուրովի է կրոնի, հավատքի իր դրսևորմամբ: Ընտանիք կա, որ պարտադիր ամեն կիրակի գնում է եկեղեցի և մասնակցում Ս. Պատարագի, ընտանիք կա՝ ամիսը մեկ անգամ, ընտանիք էլ կա, որտեղ պարզապես շատ է խոսվում Աստծո մասին. դա շատ կարևոր նշանակություն ունի արտաքին աշխարհի մասին ներքին ընկալման ձևավորման համար: Հնարավոր է, որ երեխայի մոտ լինի ներքին անհանգստություն և դա խանգարի նրան, ինչքան էլ ծնողն ասի, թե պետք է լինել շատ բարի, միևնույնն է՝ ինչ-որ բան խանգարում է երեխային այդպիսին լինել: Երեխան միայն 3-4 տարեկանից է սկսում հասկանալ, որ թե տանը և թե դրսում կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել: Երեխան ուզում է հասակակցի մոտ հաստատել իր կարծիքը, բայց դիմացինն էլ ունի իր կարծիքը, ու հենց այստեղ երեխայի մոտ բախում է տեղի ունենում: Ծնողը պետք է սովորեցնի երեխային ճիշտ արտահայտել իր զգացումները, եթե երեխան բարկանում է, ծնողը պետք է բացատրի, խոսի, հասկանա, թե ինչը հանգեցրեց դրան՝ ասելով. «Ի՞նչ եղավ, ինչո՞ւ բարկացար»:

 

Իսկ լացի դեպքո՞ւմ: Երբեմն ծնողները համբերատար լռում են, սպասում, որ երեխան հանդարտվի, կամ հակառակը՝ նյարդայնանում են լացից և բարկանում:
 

Մենք անձի հետ գործ ունենք: Պետք է անգամ երեք տարեկան երեխային դիտարկել որպես անձ, ով շատ յուրովի է, իր սուբյեկտիվ գաղափարները, բնավորության գծերն ունի: Եթե երեխան սխալ է, պետք չէ սխալը հասկացնելու համար ապտակել: Անտարբերությունից ուժեղ ապտակ չկա, բայց անտարբերությունն էլ երեխայի մոտ վախ է առաջացնում: Սովորաբար մինչև երեք տարեկան երեխայի մոտ վախն առաջանում է նրանից, որ ծնողն էլ չի սիրի իրեն, ինքը սիրված չի լինի. հիմնական վախը ծնողի կողմից անտեսված լինելն է: Որպեսզի երեխան չշարունակի լացել՝ ավելի ճիշտ է բացատրել ու խոսել, քան նյարդայնանալ:
Եթե կամակոր լաց է, պետք է փորձել հասկանալ երեխային և ասել. «Լացիր, հանգստացիր, հետո պատմիր, որպեսզի միասին հասկանանք, թե ինչո՞ւ ես լացում»:



Զղջալ, մեղավոր զգալ, ներողություն խնդրել. ինչպե՞ս անել, որպեսզի խղճահարության զգացումը չմեկուսացնի, չընկճի երեխային:
 

Եթե տանը երեխան հաճախ է լսում ծնողների կողմից իրեն ուղղված «դու մեղավոր ես, որ այս բանը տեղի ունեցավ» արտահայտությունը, ապա արդյո՞ք դա հարցի լուծում է, երբ սխալ արարքն արդեն կատարվել է: Հակառակը, պետք է քննարկել՝ ասելով. «Դու արեցիր սա, իսկ ի՞նչ ստացար արդյունքում, դու հասկացա՞ր, որ քո այս վարքը հանգեցրեց այս վատ հետևանքին, դրանից ես վիրավորվեցի: Դու ուզո՞ւմ ես, որ ես վիրավորվե՞մ, տրամադրությունս ընկնի՞»: Ծնող-երեխա փոխհարաբերություններում կարևոր է հարցը քննարկել, և այդ դեպքում երեխան հասկանում է իր արարքը ու մյուս անգամ մտածում, թե կարելի՞ է այդ բանն անել, թե՞ ոչ: Ցանկացած արարքից առաջ երեխայի մոտ արդեն զարգանում է մտածելու ունակություն, նա սկսում է մտածել քայլ անելուց առաջ: «Դու մեղավոր ես» ասելը հարցի լուծում չէ:
Օրինակ՝ «դու մեղավոր ես, որ երկու ստացար» ասելու փոխարեն պետք է օգնել, միասին ելք գտնել, թե ինչ անել, որպեսզի երեխան այլևս երկու չստանա: Իսկ մեղադրանքը և քայլեր չձեռնարկելն իհարկե կարող են փոխել երեխայի բնավորության գծերը, և նա՝ որպես անհատ, որպես անձ, իրեն այլ մարդկանց հավասար չի համարի, միշտ թույլ կհամարի իրեն:



Ինչպե՞ս չզրկելով՝ թույլ չտալ երկար ժամանակ զբաղվել համակարգչային խաղերով, ժամանակ տրամադրել նաև բակային խաղերին:
 

Որպես հոգեբան, առաջարկում եմ գտնել մի հետաքրքիր ժամացույց, որը կունենա սլաքներ, բժշկի հետ խորհրդակցել, թե ինչքա՞ն ժամանակ երեխան կարող է անցկացնել համակարգչի առջև, ո՞ր տարիքից, և երեխայի հետ պայմանավորվել. «Երբ այս սլաքը հասնի այս թվին, մենք կդադարեցնենք համակարգչային խաղն ու այլ խաղ կխաղանք»:
Կտրականապես արգելելը սխալ է, քանի որ երեխան դուրս է գալիս սոցիում, որտեղ իր հասակակիցները քննարկում են համակարգչային խաղերը, և որպեսզի ինքը վատ չզգա, տեղյակ լինի այդ խաղերից, պետք է միասին նորմեր մշակել: Բակային խաղերը շատ կարևոր են, բայց այդքան չեն գրավում երեխաներից շատերին: Ծնողները զբաղված են լինում, բայց նրանց էլ խորհուրդ եմ տալիս երեխայի հետ բակ դուրս գալ ու գնդակով խաղալ: Այդպիսով կամաց-կամաց երեխան կներգրավվի բակային խաղերին, կշփվի երեխաների հետ:

 

Հավատն առ Աստված շատ կարևոր է երեխայի դաստիարակության հարցում. Կմեկնաբանե՞ք հավատը հոգեբանի տեսանկյունից:
 

Մենք ապրում ենք քրիստոնյա երկրում, և ցանկացած քրիստոնյա ունի հավատքի իր ձևը, որը գալիս է ընտանիքից, այն բանից, թե ընտանիքն ինչպե՞ս է հավատքն ընկալում, դրսևորում, մատուցում երեխային: Ճիշտ կլինի, օրինակ, ամիսը մեկ անգամ քահանայի հետ միասին զրուցել երեխայի հետ, որպեսզի քահանան ուղղորդի, թե ինչպես ավելի ճիշտ բացատրել երեխային, երեխայի մոտ դաստիարակել հավատք առ Աստված:

 

 

Զրուցեց Նարե Ոսկանյանը

Դիտվել է 18923 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մայիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
29
30
31

Թեմական կյանք