Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել

Թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:
 

Ինչպե՞ս սովորեցնել երեխային ներողամիտ լինել:

 

Ներողամտությունը բարության դրսևորման ձև է, գիտակցում, որ մարդիկ կարող են սխալվել, ուստի հարկավոր է հնարավորություն տալ սխալն ուղղել և շարունակել հարաբերությունների կառուցումը: Ներողամտությունը կոնֆլիկտն իմաստուն կերպով լուծելու լավագույն տարբերակներից է: Այսինքն, այս գործում շատ կարևոր գործոն է իրադրության օբյեկտիվ վերլուծությունը. ինչո՞ւ սխալը տեղի ունեցավ, ի՞նչն է դրդել մարդուն այդ քայլը կատարել, արդյո՞ք այս պատմության մեջ ես ունեմ իմ սխալը, ո՞րն է իմ սխալը և ո՞րը՝ դիմացինինը, ի՞նչ արժեք ունի այդ մարդն ինձ համար, արդյո՞ք նա ցանկանում է, որ ես իրեն ներեմ, ի՞նչ արժեք ունեմ ես իր համար, ինչպիսի՞ն պետք է այսուհետև լինեն մեր հարաբերությունները, ես պատրա՞ստ եմ այդ մասին խոսել նրա հետ: Իհարկե, հասուն հոգեբանական տարիքում գտնվող անձը կարող է անել այս վերլուծությունը և իր հետագա գործողությունները կառուցել օբյեկտիվ վերլուծության հիման վրա:
Երեխաների դաստիարակության մեջ ավելի մեծ դեր ունի ծնողների, ընտանիքի այլ անդամների վարքագիծը, քան խոսքը: Եթե երեխան ընտանիքում տեսնում է, որ կոնֆլիկտները չեն բերում հարաբերությունների կտրուկ և տևական վատացման, այլ լուծվում են կոստրուկտիվ ճանապարհով, այսինքն, փնտրվում և գտնվում են կոնֆլիկտի հաղթահարման ելքեր, որ մարդիկ միմյանց ներում են և գտնում խնդրի լուծման տարբերակներ, ապա նա կընդօրինակի այդ վարքագիծը:



Եթե երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ ներողություն խնդրելն այնքան էլ ընդունված չէ, ապա ի՞նչ ակնկալել այդ երեխայից:



Այդ դեպքում երեխան ձեռք չի բերում հարաբերությունների կառուցման ադեկվատ մեխանիզմներ: Նա դառնում է նեղացկոտ, կասկածամիտ, ագրեսիվ, հնարավոր է՝ ստախոս և մեծամիտ՝ մտածելով. ես ներման կարիք չունեմ, ես միշտ ճիշտ եմ, մեղավոր են մյուսները:

 

Երբեմն մայրիկներն իրենց զավակներին պատժում են նրանց չգործած սխալների համար՝ ինչ-ինչ պատճառներով: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ պատիժը երեխայի վրա:



Սա շատ կարևոր հարց է: Ընդհանրապես, և երեխաների դեպքում մասնավորապես, կա ներողություն խնդրելու և ներելու «լուռ» տարբերակ: Դա տեղի է ունենում, երբ մարդը, գիտակցելով իր սխալը, իր արարքով հասկացնում է, որ ներողություն է խնդրում: Սա հնարավորություն է տալիս երեխային հասկանալ և ուղղել սխալը, բայց արժանապատվությունը պահպանել, քանի որ միշտ չէ, որ ծնողները պատժելով երեխային՝ փորձում են նրան հասկացնել, որ արարքն է սխալ, այլ ոչ թե երեխան է վատը: Անհարկի ներողություն խնդրելը կամ պատիժ կրելը կոտրում է երեխայի անձի «ողնաշարը». նա դադարում է հավատալ արդարությանը, ծնողներին, աշխարհին, օտարանում մարդկանցից, դառնում ինքնամփոփ կամ ագրեսիվ, կարող է անգամ հանցածին վարք դևսևորել: Հաճախ ծնողներն իրենց կյանքի տագնապները, լարվածությունը, թուլությունը չեն կարողանում հաղթահարել, և կարծես դրա համար պատժվում է իրենցից առավել թույլը, ով տվյալ պահին չի կարող համարժեք պատասխան տալ: Մենք՝ ծնողներս, սիրում ենք ցույց տալ, որ մենք ավելի խելացի և ուժեղ ենք: Հիշեք, որ կգա օր ու մեր երեխաները մեզ հետ նույն կերպ կվարվեն:

 

Ներողամիտ լինելը թերությո՞ւն է:


Այստեղ կփորձեմ ներմուծել «ակտիվ» և «պասիվ» ներողամտություն հասկացողությունը: Իրականության օբյեկտիվ վերլուծությունն ակտիվ ներողամտության արդյունք է. մարդը գնում է ներողամտության ճանապարհով, հաշվի է առնում թերի և դեմ կողմերը, թե ի՞նչ արդյունք այն կարող է տալ: Այստեղ ներողամտությունը նաև ապահովագրում է անձին ուրիշի ծուղակն ընկնելուց: Չէ՞ որ սխալ գործող մարդը կարող է ունենալ մանիպուլյատիվ, ուրիշին իր շահի համար օգտագործող հատկանիշներ: Մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, ովքեր բարության և ներողամտության պատճառով լուրջ խնդիրներ են ունենում: Սա կանվանեմ «պասիվ» ներողամտություն, որը տարիների ընթացքում կարող է դառնալ մարդու հատկանիշ և լուրջ խնդիրների պատճառ: Խոսքն, իհարկե, առավել մեծ սխալների մասին է, որոնք կարող են քայքայել հարաբերությունները: Իսկ այսպես կոչված մանր սխալները կարելի է անտեսել, ներել, խնդրել, որ դրանք չկրկնվեն:

 

Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը՝ կարծելով, թե եթե ներողություն են խնդրում, ուրեմն թույլ մարդ են: Ինչպե՞ս հաղթահարել այդ բարդույթը:


Իրականում թույլ մարդը չի կարողանում ներողություն խնդրել, որովհետև վիրավորված է մանկուց, իրեն չեն ներել:

 

Ինչպե՞ս կարելի է ներել նախնիներիդ սպանող, քեզ ցեղասպանող ազգին: Ուղղակի թշնամու մասին չենք խոսում, այլ դաժան ոսոխի, որի առաջնորդներն այժմ էլ բարյացկամ չեն տրամադրված մեր հանդեպ:



Սա շատ լուրջ հարց է: Ես կցանկանամ, որպեսզի դպրոցում մեր երեխաներին սովորեցնեն դառնալ «ակտիվ» ներողամիտ: Ժողովուրդն այսպիսի խոսք ունի. «Երկու անգամ խաբողը երրորդ անգամ էլ կխաբի»: Սա պետք է հիշել միշտ, անգամ լավ հարաբերություններ ունենալիս, պետք է լինել պաշտպանված ստրատեգիաներով: Վաղուց անցել է սգալով հարց լուծելու ժամանակը, մեր երեխաներին ստրատեգներ մեծացնենք, այլ ոչ ողբացողներ: Այս դեպքում երբեք չենք ցեղասպանվի:

 

Ե՞րբ ներողություն խնդրել չի կարելի:


Երբ չես արել այն, ինչում մեղադրում են:

 

 

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

 

Դիտվել է 11133 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հունիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
5
6
7
8
9
10
14
16
21
23
28
30

Թեմական կյանք