Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Քրիստոս դատապարտում է այն հարստությունը, որը չարիք է բերում մարդկանց», - ասում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը

«Քրիստոս դատապարտում է այն հարստությունը, որը չարիք է բերում մարդկանց», - ասում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը Ըստ Ավետարանի՝ հարստություն կուտակելը մեղք է թե՞ ոչ։ Հարստության մասին երկու տեսակետ կա։ Մարդկանց մի մասը մտածում է, որ Քրիստոս ընդհանրապես անտարբեր եղավ այս հարցին, մյուսների համար` Քրիստոս եկավ պաշտպանելու միայն աղքատներին ու նրանց շահերը, միաժամանակ դատապարտելով բոլոր մեծահարուստներին։ Սակայն երկու տեսակետն էլ ծայրահեղություն են: Ավետարանում Քրիստոսի խոսքերի մեջ չկան հստակ օրենքներ հարստություն կուտակելու, վատնելու մասին, թե աղքատը որքանով է Աստծուն հաճելի ու հարուստը` տհաճ։ Քրիստոս իր պատգամների մեջ՝ ոչ թե օրենքների, այլ պարզապես պատվիրանների միջոցով մեզ սովորեցրեց և տվեց նման հարցերի պատասխանները։ Ավետարանին անդրադառնալով` Քրիստոս դատապարտում է այն հարստությունը, որը չարիք է բերում մարդկանց։ Քրիստոս հարստություն ունենալուն երբեք դեմ չէ։ Դեմ է, երբ այդ հարստությունը մարդու համար դառնում է կուռք, Աստծուց ավելի բարձր ինչ-որ մի բան։ Քրիստոս երեք չարիք է մատնանշում մարդկության համար։ Առաջինը` հարստությունն է, բայց ոչ բոլոր հարուստներն են, որ պիտի դատապարտվեն։ Երկրորդը` հոգսն է, որ նույնպես նյութականի՝ աշխարհի, մամոնայի հետ կապ ունի։ Սա հիմնականում հեթանոսությունից արմատացած ապրելակերպ է մեր իրականության մեջ։ Այսինքն, երբ մարդ կարող է իր հոգսով տառապել և այն դարձնել առօրյա հացի խնդիր, իր կյանքում գերնպատակ։ Երրորդը` եսասիրությունն է, երբ մարդն անտեսում է ամեն տեսակ բարոյականություն, բարիք և Աստծուց տրվածը կենտրոնացնում իր անձի շուրջ: Դրամը փչացնո՞ւմ է մարդուն, թե այն սոսկ անկման պատճառ է դառնում։ Անշուշտ, մարդու էությունից է ամեն ինչ կախված։ Երեք չարիքները մատնանշելով՝ ասենք, թե ինչպես է Քրիստոս տալիս այս հարցերի պատասխանը։ Նա կարճ պատգամում է. «Քո ընկերոջը, քո անձի պես պիտի սիրես» (Մատթ. 19:19)։ Սա ուղղված է բոլորին՝ թե աղքատին, թե հարուստին։ Եթե մարդ հետևի այդ պատգամին՝ իր հոգում ունեցած բոլոր չարիքները կկարողանա վերացնել։ Քրիստոս ասում է՝ «վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին» (Մատթ. 19:21): Հաճախ մարդիկ այս միտքը մեկնաբանում են այսպես. քրիստոնեությունն աղքատների կրոն է, նրանք, ովքեր ցանկանում են ճշմարիտ քրիստոնյա լինել, պետք է իրենց ամբողջ ունեցվածքը վաճառեն, տան աղքատներին։ Քրիստոս սա ուղղում է այն մեծահարուստներին, որոնք դարձել են մամոնայի գերին։ Դրամն իբրև մետաղադրամ չարի՞ց է ծնվել թե բարուց։ Բնականաբար չարից չէ։ Քրիստոս ասում էր «Կայսրինը` կայսեր, Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22:21)։ Սա կարելի է մեկնաբանել այսպես՝ կամ Քրիստոս փորձում է այս մեղավոր աշխարհը նմանեցնել դրամին, կամ ցանկանում է սահմաններ դնել նյութական և հոգևոր արժեքների միջև։ Ճշմարիտ քրիստոնյան պետք է գիտակցի այդ սահմանը, իմանա չափորոշիչները, որոնցով էլ առաջնորդվի։ Ավետարանում կա՞ սահմանազատում արդար և անարդար ճանապարհով վաստակած հարստության միջև։ Բնականաբար ընդունելի է միայն արդար քրտինքով վաստակած և կուտակած հարստությունը։ Եթե մարդ հարստություն է դիզել չարաշահումների, խաբեության միջոցով, ապա այդ հարստությունը միանշանակ ընդունելի չէ։ Կարելի՞ է բարեմաղթել՝ հարուստ եղիր։ Անշուշտ կարող ենք, բայց միայն նրանց, ովքեր իրոք սիրում են Աստծուն ու ընդունակ են հարստությունը բարի նպատակներով օգտագործել։
Դիտվել է 437 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Ապրիլ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
4
5
6
17
18
19
20
21
24
25
26
27
28
29

Թեմական կյանք