Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Սերն է բարի գործերի մղիչը և անմահության ակունքը», - ասում է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը

«Սերն է բարի գործերի մղիչը և անմահության ակունքը», - ասում է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը Սրբազան Հայր, Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում բարեգործության դրսևորումների: Ինչո՞ւ է այդքան կարևորվում բարեգործությունը:Աստված վեց օրում արարեց աշխարհը, և «Տեսավ, որ բարի է»: Բարությամբ է շնչում Աստվածաշունչը, որովհետև Աստծո Հոգուց է բխում: Հետևաբար, Աստվածաշնչում բազմիցս պիտի նշվեր, որ արարելը բարի գործ է, և ստեղծելը բարիք է: Աստված է բարության սերմնացանը: Եվ որպեսզի դառնանք Աստծո Հոգու պատկերն՝ ըստ Նրա նմանության, պետք է կրենք Աստծո Հոգին՝ աստվածային բարությունը հարատև և անընդմեջ դարձնելու, բարիք ստեղծելու միջոցով: «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել… Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային»: (Մատթ. 6:24): Ինչպե՞ս կողմնորոշվել այդ երկուսի միջև:Բարի արարումի արդյունքում ստեղծված մարդն Արարչին ճանաչելու միակ բանական կերտվածքն է: Բնությունը, լույսը, երկիրը, երկինքը չեն կարող ճանաչել Աստծուն, թեև արարված են որպես բարի: Եվ մարդը պարտավոր է դրանք բարի նպատակների ծառայեցնել, այլ ոչ թե պաշտամունքի վերածել: Նյութապաշտությունը հավասարազոր է Աստծուց հեռանալուն, կամ Աստծո պատկերը խաթարելուն: Նյութապաշտ մարդն իրեն տրված միջոցներն է դարձնում երկրպագության առարկա: Աստված է մեզ շնորհել բնությունը, և այն պիտի դարձնել միջոց՝ բնության Ստեղծիչին փառաբանելու համար: Մամոնան Աստծո փառքին ծառայեցնելու համար պիտի ձգտենք հասնել Աստծո պատկերի նմանությանը: Առաջին պատկերը Տերը մեզ արարչագործությամբ տվեց, երկրորդը Բանի մարմնացումն էր, որպեսզի մենք վերադառնանք նոր Ադամին, վերագտնենք անեղծ պատկերը, նորոգենք մեր գիտակցությունը և արարենք բարին: «Գանձեր մի դիզեք փեզ համար երկրի վրա… այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում»: (Մատթ. 6:19-20): Շատերն այն թյուր կարծիքն ունեն, թե Աստված չի կամենում, որ մարդը բարեկեցիկ կյանքով ապրի այս աշխարհում: Մի՞թե այդպես է:Աստվածաշնչյան գանձի իմաստն ու նպատակն այլ են: Եթե մարդն այն ստեղծել է և դարձել նրա գերին, ուրեմն կարճամիտ է, և նրա օրերը հաշվված են երկրի վրա: Եթե մարդն ինչքին է ծառայեցնում իր ողջ բանական կյանքը, որպեսզի դա վայելի, այն ուշ թե շուտ կորցնելու է: Եվ դա իր խորագույն իմաստով գանձ չի կարող կոչվել: Այն անձակենտրոն դրսևորում է, իսկ մարդ արարածը պիտի Աստվածակենտրոն լինի: Հետևաբար, այն գանձն է համարվում գանձ, որը երկինք կարող է փոխադրվել, որը կուտակված է Քրիստոսի պատվիրաններով: Մարդը կարող է հարստություն ունենալ և շատ ազնիվ լինել, եթե կառչած չէ այդ հարստությունից և դա ծառայեցնում է ազնիվ նպատակների: Նյութը բարիք է, որովհետև այն Աստծո ստեղծածն է, սակայն հաճախ մարդիկ այն փչացնում են: Ողորմությունը, բարեգործությունն ուրախությամբ պիտի արվի և ոչ թե տրտմությամբ: Ինչպե՞ս հասնենք հոգևոր այդպիսի աստիճանի: Եթե մարդը սիրո ճաշ է կազմակերպում, զոհաբերություն անում մեկի համար և տրտմությամբ է դա անում, նշանակում է՝ չի հավատում իր արածին: Հետևաբար, այդ կեղծ բարեգործություն է: Պետք է ազնվորեն, հարազատորեն, ներքին մղումով կատարել: Եթե դա արվել է մարդկանց ցուցադրելու և ծափահարություններ կորզելու համար, ուրեմն բարեգործություն չէ, կեղծիք է: Նվիրումով, ի սրտե կատարվածը բերկրալի է և կարիք չունի ծափահարությունների: Եթե մեկը ցանկանում է երկնքի արքայությանը բաժնեկից լինել, հավիտենական կյանք ունենալ, ուրեմն պիտի որդեգրի իր գործելակերպի հիմքը՝ բխման ակունք ունենալով սերը: Սերն է բարի գործերի մղիչը և անմահության ակունքը:
Դիտվել է 526 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Ապրիլ 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
4
5
6
17
18
19
20
21
24
25
26
27
28
29

Թեմական կյանք