Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Եկեղեցուց ավելի մեծ երկրային հեղինակություն չեմ ճանաչում», - ասում է «Իմ քահանան» ինտերնետային ծրագրի հովանավոր Վահե Հարությունյանը

«Եկեղեցուց ավելի մեծ երկրային հեղինակություն չեմ ճանաչում», - ասում է «Իմ քահանան» ինտերնետային ծրագրի հովանավոր Վահե Հարությունյանը

Դուք հովանավորում եք Արարատյան Հայրապետական թեմի «Իմ քահանան» ինտերնետային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում ճանաչել Հայ եկեղեցին, վարդապետությունը, դավանությունը, ստանալ քրիստոնեությանը և մարդկային փոխհարաբերություններին առնչվող բազում հարցերի պատասխաններ։ Ի՞նչը հիմք հանդիսացավ եկեղեցու հետ Ձեր սերտ համագործակցության համար։Եկեղեցուց ավելի մեծ երկրային հեղինակություն չեմ ճանաչում: Մեր ազգի ոգին՝ հավատքը, լեզուն, գիրը, ավանդությունը, հերոսամարտը, երգը, վիշտը, խինդը, մենք՝ ինքներս ենք մեր եկեղեցու մեջ: Այդ գիտակցությամբ և ներքին մղումով եկեղեցու հանդեպ ունեմ անսահման վստահություն, ակնածանք և նվիրում, ինչն էլ հիմք դարձավ համագործակցության: Շատ կուզենայի, որ «Իմ քահանան» ինտերնետային ծրագրի կարիքն ընդհանրապես չլիներ: Մարդիկ չերկմտեին, անմիջականորեն շփվեին եկեղեցու հետ, որի դռները բաց են հավատացյալների, երկմտողների, մոլորվածների, հետաքրքասերների և, նույնիսկ, անհավատների առջև: Հույս ունեմ, որ մեր ձեռնարկումը նույնպես օգնություն է՝ շատերին ձերբազատել վարանումներից և գալ մայր եկեղեցի, ուր եկել են մեր նախնիները, և գալու են հետնորդները: Առիթից օգտվելով՝ ասեմ, որ մեր եկեղեցին աշխարհի ամենալավ եկեղեցին է: Իհարկե, իմ սրտի խոսքն եմ, ասում` ինչպես երեխան իր ծնողի մասին: «Բարերար, բարեգործություն» բառերն այսօր շատ գործածական են դարձել։ Ժողովրդի ընկալմամբ բարերարը պարտադիր պետք է արտերկրից լինի։ Ինչպե՞ս փոխել ժողովրդի վերաբերմունքը, տեղաբնակ հայերի մեջ սերմանել ազգասիրություն, այսինքն` մենք ինքներս օգնենք մեր եկեղեցուն, ազգին, ժողովրդին, այլ ոչ թե արտասահմանցի մեծահարուստներից ակնկալենք օգնություն։Օգնություն պետք է ակնկալել ոչ միայն մեծահարուստից, նաև հարուստից և ոչ հարուստից: Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան՝ սկսած երկու լումայից մինչև ամբողջ ունեցվածքի նվիրաբերումը: «Բարերար, բարեգործություն» բառերը, իրոք, շատ գործածական են դարձել: Դրանց հիմքում ավելի շատ գայթակղություն եմ տեսնում, քան մոլորություն: Վերջին տարիներին շատ են հայտնվել սուտ բարերարներ՝ ամպագոռգոռ առաքելություններով և գովազդներով: Ավերիչ երկրաշարժ, հասարակարգի փոփոխություն, պատերազմ տեսած մեր ժողովուրդը հոգեկան ամայության մեջ էր: Հետևանքը՝ հայացքն արտերկրին կամ արտերկրի բարերարներին հառելն է: Դրանից օգտվելով՝ շատերը ծուղակ են պատրաստել՝ շահարկելով «բարեգործություն» բառը: Չի կարելի ուրանալ նաև բազմաթիվ սփյուռքահայ և այլազգի իրական բարերարների հսկայածավալ նվիրատվությունները, որոնց արդյունքում ժողովրդի մոտ բարերարությունն ընկալվում է որպես սփյուռքին բնորոշ հասկացություն: Պարզ բացատրություններ նույնպես կան. սփյուռքահայերը քանակով հայաստանաբնակ հայերից ավելի շատ են, անհամեմատ ավելի հարուստ: Կարոտից և հեռավորության զգացումից ելնելով՝ ավելի պարտավորված են զգում հայրենիքին օգտակար լինել: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն առանց արտաքին գործոնների ազդեցության կփոխվի, քանի որ օժտված է ապշեցուցիչ տոկունությամբ, ունի հարուստ մշակույթ և երևելի սրբեր, որոնք միշտ իր հետ են: Այս մեծ արժեքների առկայության պայմաններում այլ կերպ չի կարող լինել: Առավել ևս, որ Աստված մեզ հետ է: Գաղտնիք չէ, որ շատ մեծահարուստներ բարի գործ են կատարում իրենց փառքի և անվան համար, և անպայման հետևում, որ բազում լրատվամիջոցներով շեփորվի իրենց արարքը։ Շատերն էլ, տեսնում ենք, թե ինչպես օրեցօր բաբելոնյան աշտարակներ են կառուցում՝ կարծելով, թե այդ կերպ իրենք և իրենց սերունդները ապահով և երջանիկ կապրեն։ Կարո՞ղ ենք իրական երջանկության գաղտնիքը փնտրել ունեցվածքի մեջ։Վաղուց ասված է, թե որտեղ է իրական և հավերժ երջանկությունը: Այն Աստծու մոտ է, իսկ երկրային կյանքում երջանկություն փնտրում ենք յուրովի՝ լավ գիտակցելով, որ այն վերջ ունի և փոփոխական է: Ամենաիմաստուն մարդիկ էլ այս հարցի պարզորոշ և վերջնական պատասխանը չեն գտել: Միգուցե երջանիկ են նրանք, ովքեր այս կյանքում արդեն իսկ Աստծուն մոտ են: Աստվածաշնչում չեմ ընթերցել, որ առաքյալներից որևէ մեկը, անգամ նույն ժամանակաշրջանում ապրելով մեր Տեր Հիսուսի հետ և ունենալով ամենամեծ հավատքն ու հույսը, երջանիկ համարի իրեն: Այնուհանդերձ՝ նրանք միշտ ունեցել են անհանգստության և վշտի պահեր: Ամեն դեպքում, ունեցվածքը՝ որպես բարեկեցության առաջնահերթ պայման, բավարար չեմ համարում և այն երջանկության հետ ուղղակի առնչություն չունի: Ինչո՞ւ եք զբաղվում բարեգործությամբ:Ես ինձ բարեգործ չեմ համարում: Միաժամանակ հույս ունեմ, որ չարագործ չեմ:

Դիտվել է 363 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք