Հարցազրույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն Աստծո սերն է հավիտենական». Լուիզա Ղամբարյան

«Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն Աստծո սերն է հավիտենական». Լուիզա Ղամբարյան

…«Տեր Աստված, տուր ինձ մարդկանց դրական և ջերմ էմոցիաներ տալու Քո մենաշնորհը»: Qahana.am կայքի այս շաբաթ օրվա հյուրը սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: 


Հնում թատրոնը դատապարտված էր եկեղեցու կողմից, որովհետև այն հունական մոդելով էր, դերասանները գրեթե մերկ էին բեմի վրա: Ինչպիսի՞ն է այսօրվա թատրոնը:
Թատերական ինստիտուտում անցնում էինք հին թատրոնի պատմություն, սիրում էի այդ առարկան և խորությամբ ուսումնասիրել եմ այն: Խոսքը ոչ միայն արտաքին մերկության մասին է, այլև դերասանական այսպես կոչված ուղղվածության մասին, որը հիմա ավելի շատ կոչվում է դպրոց, թատերական դպրոց: Այն ժամանակվա «դերասանական դպրոց» հասկացողությունը «բաց ներվի» վրա էր, այսինքն՝ իրենք ոչ միայն արտաքուստ էին մերկ, այլ նաև իրենց խաղարկային դրսևորումներն էին բացահայտ՝ էլի մերկ: Եթե ցանկանաք համեմատել այժմյան թատրոնի հետ, ապա կտեսնեք, որ համեմատության ոչ մի եզր չկա, փոխվել է ամեն ինչ: Թատրոնում գոյություն ունի «չորրորդ պատ» հասկացությունը. միայն այդ մոդելն է մնացել:

 

Դուք մարմնավորել եք տարբեր կերպարներ: Ո՞ր կերպարն էր ավելի քրիստոնեական, ավելի հոգևոր Ձեզ համար:
Ես իմ մարմնավորած կերպարներից կառանձնացնեմ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան» ներկայացումը, որը բեմադրել է Վիգեն Չալդրանյանը: Ես մարմնավորել էի Այծեմնիկի կերպարը, որը թեպետ մուրացկան էր, բայց իր հոգում մեծ լույս ուներ, հոգևոր շատ հարուստ ներաշխարհ, մեծ հավատք. ամենաքրիստոնեականն էր, մաքուրն ու զուլալը: Դառը ճակատագիր ուներ, դաժան փորձությունների միջով էր անցնում, բայց մնում էր հավատքով, հոգևոր մեծ հարստությամբ: Երևի դրա համար էլ Աստված մեծ և լավ դռներ բացեց նրա համար: Տարբեր պատճառներով այդ ներկայացումը կարճ կյանք ունեցավ. ես մինչ օրս կարոտում եմ իմ այդ կերպարին:

 


Ե՞րբ Դուք առաջին անգամ լսեցիք Աստծո մասին, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
Ես չգիտեմ երբ, բայց լսել եմ Աստծո ձայնը: Մի բան հաստատ գիտեմ, որ այն, ինչ անում եմ թատրոնում և կինոյում, այն բոլոր հաջողությունները, որ ես ունենում եմ, դրանք Աստծո կողմից են տրված: Աստված է ինձ տվել արվեստի բնագավառում ինչ-որ բան անելու այդ կարողությունը. իմ բոլոր հաջողությունների, հաղթանակների համար Նրան եմ պարտական: Դա է պատճառը, որ ամեն անգամ ներկայացման դուրս գալուց առաջ աղոթքիս մեջ հնչեցնում եմ հետևյալ խոսքերը. «Տեր Աստված, տուր ինձ մարդկանց դրական և ջերմ էմոցիաներ տալու Քո մենաշնորհը»:

 

Ինչպիսի՞ն է Ձեր հարաբերությունը Աստծո հետ:
Ես շփվում եմ մեծ հավատք ունեցող մարդկանց հետ՝ թե հոգևորականների, թե աստվածաբան ընկերների, և նրանցից շատ բան եմ սովորում: Զգում եմ, որ շատ բան է փոխվում իմ մեջ: Իմ ամենօրյա պահվածքով փորձում եմ ավելի ու ավելի մոտենալ Աստծո խոսքին:

 

Դուք ունեք Գաբրիելա անունով հրաշալի աղջիկ, ով Գաբրիել հրեշտակապետի անվան արմատն է իր մեջ կրում: Կպատմե՞ք նրա լույս աշխարհ գալու և մկրտության մասին:
Աղջկաս ծնունդով շատ բան փոխվեց իմ կյանքում: Երեխան Աստծո տված ամենամեծ պարգևն է. ես մայր եմ, սիրող մայր: Երեխայիս մկրտեց Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը, նրա անունը Գաբրիելա դրեցինք: Ի դեպ, մինչ ամուսնությունը ինձ շատ էր դուր գալիս այդ անունը: Հետագայում, Աստծո կամոք, իրականացավ իմ երազանքը՝ ունեցա Գաբրիելա դուստր: Սկզբում ես էի նրա համար կարդում Աստվածաշունչը: Հիմա մեծ հետաքրքրությամբ նա ինքնուրույն կարդում է: Ես ուրախ եմ, որ դուստրս ունի հոգևոր իր աշխարհը:

 

Առօրյա հոգսերից ելնելով՝ ժողովուրդը մի քիչ հեռացել է Աստծուց: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց:
Գիտեք, ես պիտի խորհուրդ տամ, որ անկախ կյանքի բոլոր դժվարություններից երբեք չկորցնեն հավատը, չդիմեն Աստծուն միայն այն ժամանակ, երբ նեղված են, հուսահատ, այլ ամեն օր, ամեն ժամ փառք տան Աստծուն, որ ուղի է ցույց տալիս այդ վիճակից դուրս գալու համար: Պետք է բոլորն իմանան, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն Աստծո սերն է հավիտանական:

 

Արևիկ Համբարյան

Դիտվել է 15206 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30

Թեմական կյանք