Ս. ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Ս. ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

(ԳՐԻԳՈՐ ՊԱՐԹԵՎ) 
(303/305-326)

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվին, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա ծնունդը դնում են 239 թվին: Ավանդական պատմության համաձայն՝ նա սերել է պարթևական Սուրենի պահլավ ցեղի ներկայացուցիչ Անակից, որն իբր պարսից արքա Արտաշիր Սասանյանին խոստանում է սպանել հայոց թագավոր Խոսրով Մեծին (իմա՛ Տրդատ Բ): Իրականում Անակը Մեծ Հայքի թագավորություն է գալիս պարսից արքայից արքա Շապուհ Ա-ի (239/241-272) իշխանության օրոք եւ գործում է վերջինիս որդի Որմիզդ-Արտաշիրի կամ Արտաշիրի ցուցումներով, որը եւ պատճառ է դարձել նրա ու պապի՝ Արտաշիր Ա Սասանյանի (224-239) նույնացման:

 

Մեծ Հայքի թագավորությունը 253 թվին ռազմակալվում է պարսկական զորքերի կողմից, Խոսրով Մեծը փախչում է Հռոմեական կայսրություն, իսկ նրա որդիներն աշխատում են լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Սակայն Վալերիանոս կայսեր գահ բարձրանալուց հետո, մեզ անհայտ հանգամանքներում, Խոսրովին հաջողվում է վերահաստատվել հայոց գահին, որն սկսում է լրջորեն անհանգստացնել պարսից արքունիքին: Ստանալով մեծ խոստումներ՝ անգամ թագավորական իշխանության եւ Սասանյան Պարսկաստանի երկրորդը լինելու պատիվը՝ Անակ Պարթեւը կեղծ լուրեր է տարածում, թե փախչում է Սասանյանների վտանգից, իսկ պարսկական զորքերն էլ ձեւի համար հետապնդում են նրան՝ իբրեւ թե փախցնելով նրան Ասորեստանի եւ Կորդուքի վրայով մինչեւ Ատրպատականի սահմանները: Հայոց թագավորը, որ այդ ժամանակ Ուտիքում էր գտնվում, կարծելով, թե Սասանյանների կողմից կոտորված Կարենյան Պահլավ ցեղի փրկված մասն է Հայաստան փախչում, Անակին փրկելու համար անգամ օգնական գունդ է ուղարկում:

 

Հայոց զինվորները, հանդիպելով Անակին, թագավորի հրամանով նրան տանում են Արտազ գավառի մի դաշտավայր տեղ, որտեղ, Մովսես Խորենացու խոսքերով, հայտնվել էին մեր մեծ ու սուրբ Թադեոս առաքյալի նշխարները: Ավանդական պատմությունը նշում է, որ երբ Անակը բնակվում է Արտազի դաշտում, նրա անկողինը գցվում է սուրբ առաքյալի գերեզմանի մոտ՝ վրանի ներսի կողմում, եւ այդ ժամանակ էլ հղիանում է Գրիգոր Ա Լուսավորչի մայրը, իսկ նրա որդին ստանում առաքյալի շնորհը: Հայաստան գալու երկրորդ տարում, օգտվելով հարմար պահից, Անակն սպանում է հայոց Խոսրով Մեծ թագավորին՝ չնայած վերջինից անգամ ստացել էր հայոց թագավորության երկրորդության պատիվը, սակայն փախուստի ժամանակ իրեն էլ, իր յուրայիններին էլ Արտաշատի մատույցներում սպանում են հետապնդող հայկական զորքի զինվորները՝ Տափերական կամրջից գետը գցելով: Դեռեւս կենդանի, բայց վիրավոր Խոսրով Մեծը կարգադրում է ոչնչացնել Անակի ազգատոհմը, սակայն նրա մանկահասակ զավակներից երկուսին փրկում են դայակները՝ մեկին տանելով պարսից, իսկ մյուսին՝ հունաց կամ կայսրության կողմերը:

 

Եղիշեի համաձայն՝ Խոսրով Մեծի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցում են նաեւ հայոց թագավորի եղբայրները, որոնց վրեժխնդրությունից փրկելու համար Խոսրով Մեծի (Տրդատ Բ-ի) մանկահասակ որդուն՝ Տրդատին, փախցնում են կայսեր արքունիքը, իսկ երկիր ներխուժած պարսկական զորքերը դուրս են մղում հայոց թագավորությունից օգնության եկած հռոմեական զորքերին, ռազմակալում են երկիրը եւ Խոսրով Մեծի եղբայրներից Արտավազդ Ե-ին (256-262) գահ բարձրացնում:

 

Գրիգոր Պարթեւին ստնտու Սոփիան եւ ոմն Եվթաղ բերում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ նա քրիստոնյա է մկրտվում Գրիգոր անունով եւ կրթվում ու դաստիարակվում Փիրմիլքանա եպիսկոպոսի մոտ: Չափահաս դառնալով՝ ամուսնանում է իշխան Դավթի դստեր՝ Մարիամի հետ, որը նրա համար ծնում է երկու զավակ՝ Վրթանեսին եւ Արիստակեսին: Շատ չանցած՝ Մարիամը կրտսեր տղայի՝ Արիստակեսի հետ վանք է մտնում, իսկ Վրթանեսը հանձնվում խնամատուն եւ մեծանալով դառնում զինվորական: Ագաթանգեղոսի տվյալներով՝ Գրիգոր Պարթեւը, դայակներից տեղեկանալով, որ Խոսրով Մեծ թագավորին իր հայրն է սպանել, որոշում է գնալ ծառայել Լիկիանոս կայսեր պալատում դաստիարակված Խոսրով Մեծի որդուն՝ Տրդատին՝ թաքցնելով իր անձը:

 

Դիոկղետիանոս կայսեր իշխանության (284-305) երրորդ (պետք է լինի հինգերորդ, որը հաստատվում է Անանունի ժամանակագրական ցանկերով) տարում Տրդատ Գ արքան հռոմեական կողմի օգնությամբ հաստատվում է հայոց գահին՝ տիրելով Մեծ Հայքի թագավորության զգալի մասին, իսկ արեւելյան շրջաններում շարունակում է իշխել Մեծ Հայաստանի հզոր թագավոր Ներսեհ Սասանյանը, որը մինչ այդ տիրում էր ամբողջ երկրին: Գրիգոր Պարթեւը դառնում է պալատական Տրդատ Գ-ի արքունիքում՝ փորձելով քարոզել նոր վարդապետությունը: Իր թագավորության առաջին տարում Տրդատ Գ-ն իր պալատականներով եւ թիկնապահներով գալիս է Եկեղյաց գավառի Երիզա գյուղի Անահտական մեհյանը, որտեղ հեթանոսական աստվածուհուն զոհեր են մատուցվում, իսկ դրանից հետո բանակ են դնում Գայլ գետի ափին: Թագավորը կարգադրում է Գրիգոր Պարթեւին պսակներ եւ ծառի թավ ոստեր նվեր մատուցել Անահիտ աստվածուհուն, որի կատարումից նա հրաժարվում է: Թագավորը Գրիգոր Պարթեւին մեղադրում է՝ ասելով, թե նա ինչպես մի օտարական եւ անաշխարհիկ մարդ, որ եկել հարել է իրենց, համարձակվում է պաշտել մի աստծու, որին ինքը չի պաշտում: Վերջինս արդարանալով, թե նրան ծառայել է ամենայն հավատարմությամբ, միաժամանակ հայտնում է, որ նա պաշտում է երկրի, երկնքի, մարդկանց, ծովի եւ ցամաքի արարիչ Աստծուն՝ Քրիստոսին, հետեւաբար չի կարող պաշտել հեթանոսական աստվածներին:

 

Զայրացած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթեւը ենթարկվում է անասելի կտտանքների, իսկ երբ հայոց հազարապետ Արտավանի փեսա Տաճատը Տրդատ Գ-ին տեղյակ է պահում այն մասին, որ Գրիգոր Պարթեւը նրա հորը սպանող մահապարտ Անակի որդին է, թագավորը կարգադրում է նրան տանել Արտաշատ եւ նետել արքայական Խոր վիրապի բանտը:

 

Ագաթանգեղոսի պատմության համաձայն՝ Արտաշատի բերդում գտնվող մի այրի կին նրան կերակրում է՝ փրկելով սովամահությունից: Խոր վիրապի բանտում հայտնվողներն այլեւս այնտեղից կենդանի դուրս չէին գալիս, որովհետեւ այն նախատեսված էր չարագործների եւ մահապարտների համար:

 

Գրիգոր Պարթեւի բանտարկության տասներեքերորդ տարում Հռոմից Հայաստան են փախչում Գայանե եւ Հռիփսիմե կույսերը՝ իրենց մի քանի տասնյակ ընկերուհիների հետ, որոնք հայոց թագավորություն են գալիս Հռիփսիմեի՝ Դիոկղետիանոս կայսեր հետ ամուսնանալուց խուսափելու պատճառով: Նրանք գալիս են Այրարատ՝ հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս-արեւելքում գտնվող այգեստանի հնձանահարկում եւ կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավորին՝ խնդրելով գտնել նրանց, մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն, կամ էլ, եթե նա դուր գա Տրդատին, պահել իր մոտ: Ինչպես եւ սպասելի էր, գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ: Սակայն կայսեր սերը մերժած կույսը մերժում է նաեւ հայոց հեթանոս թագավորի սիրո առաջարկը: Կատաղության հասած թագավորի հրամանով Գրիգոր Պարթեւի բանտարկության տասնհինգերորդ տարում, հոռի ամսի 26-ին, մահապատժի է ենթարկվում Հռիփսիմեն՝ իր երեսուներեք ընկերուհիների հետ, իսկ նույն ամսի 27-ին՝ Գայանեն՝ երկու կույսերի հետ:

 

Ավանդական պատմության համաձայն, որ պահպանել է Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ը, այս իրադարձություններից վեց օր անց Տրդատ Գ թագավորը Շեմակաց Փառական դաշտում որս կատարելիս հիվանդանում է խոզակերպություն հիվանդությամբ: Երբ բժշկական ամեն մի օգնություն ապարդյուն է անցնում, թագավորի քույր Խոսրովիդուխտը երազ տեսնելով, որտեղ Աստված հայտնել էր, թե թագավորին կարող է բուժել միայն Գրիգոր Պարթևը, այդ մասին տեղյակ է պահում նախարարներին՝ առաջարկելով բանտից ազատել նրան: Չնայած բոլորը մտածում էին, թե նա վաղուց մահացել է, այնուամենայնիվ ավագ նախարարներից Օտա անունով մեկն ուղարկվում է Արտաշատ՝ Գրիգոր Պարթևին բանտից ազատելու:

 

Դուրս գալով Խոր վիրապից՝ Գրիգոր Պարթևը հողին է հանձնում նահատակ կույսերի մարմինները եւ առաջարկում թողնել հեթանոսությունը՝ քարից, փայտից, արծաթից եւ ոսկուց պատրաստված կուռքերի պաշտամունքից հրաժարվել եւ ընդունել քրիստոնեական վարդապետությունը: Թագավորն ու նախարարներն ընդունում են նոր կրոնը, եւ Գրիգոր Պարթևը բուժում է Տրդատ Գ-ին: Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: Հեթանոս Տրդատ Գ թագավորը Դիոկղետիանոս կայսեր նման հալածում է քրիստոնյաներին, սակայն շատ շուտով լավ գիտակցելով նոր վարդապետության դերն արքունական իշխանությունը կրոնական առումով ամրապնդելու, թե՛ զրադաշտական Պարսկաստանից եւ թե՛ հեթանոսական Հռոմից անջրպետվելու եւ մշակութային ասպարեզում անկախանալու տեսակետից՝ հեղաշրջիչ քայլ է կատարում՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակելով պետական կրոն: Ըստ որում՝ դրա նշանակությունը էլ ավելի է մեծանում, եթե նկատի ունենանք, որ հենց 303 թ. Դիոկղետիանոս կայսրը մեծ հալածանքներ է սկսում քրիստոնյաների նկատմամբ: Այդ քաղաքականությունն իրագործելիս թագավորին եւ Գրիգոր Պարթևին մեծապես օժանդակում էին Աշխեն թագուհին եւ թագավորի քույր Խոսրովիդուխտը:

 

Թագավորի հրամանով եւ բոլորի հավանությամբ՝ պայքար է սկսվում հեթանոսության եւ հեթանոսների դեմ: Տրդատ Գ արքան եւ Գրիգոր Պարթևը, որին արդեն կարող ենք Լուսավորիչ անվանել, քանի որ նա Հայաստան է բերում նոր վարդապետության լույսը, Վաղարշապատից շարժվում են Արտաշատ եւ Երազամույն վայրում ավերում Անահիտ աստվածուհու բագինը, ինչպես նաեւ Տիր աստծու մեհյանը: Ամենուրեք հաստատելով նոր վարդապետության պաշտամունքը՝ նրանք Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում ավերում են Բարշամինա աստծու մեհյանը՝ հեթանոսներին քշելով Խաղտյաց կողմերը, Անի ամրոցում՝ Արամազդ աստծու բագինը, որը հեթանոսական գլխավոր աստվածությունն էր, Երեզ ավանում՝ հայոց թագավորի բուն մեհյանը՝ Անահտական բագինը, Թիլ ավանում՝ Արամազդ աստծու դստեր՝ Նանեի մեհյանը, Դերջան գավառում՝ Մրհական մեհյանը, որը նվիրված էր Արամազդի որդի Միհրին եւ գտնվում էր Բագայառիճ գյուղում:

 

Շուտով Վաղարշապատում հավաքվում են երկրի մեծամեծները, կուսակալները, գավառակալները, պատվավոր եւ պատվական նախարարները, զորավարները, պետերն ու իշխանները, ազատները, դատավորները, զորագլուխները եւ առհասարակ ամբողջ զորքը, որոնք թագավորի հետ որոշում են երկրի հովիվ դարձնել Գրիգոր Պարթևին: Տրդատի թագավորության տասնյոթերորդ տարում, երբ Դիոկղետիանոս կայսրը դադարեցրել էր քրիստոնյաների հալածանքները, Գրիգոր Պարթևը հայոց տասնվեց նշանավոր մեծամեծ իշխանների (Անգեղ-տան, Աղձնյաց բդեշխության, մարդպետության իշխանության, թագակապ իշխանության ասպետության, սպարապետության, Կորդովտաց, Ծոփաց, Գուգարացվոց բդեշխության, Ռշտունյաց, Մոկաց, Սյունյաց, Ծավդեից, Ուտիացվոց, Զարավանդ եւ Հեր գավառի, Մաղխազական տան եւ Արծրունյաց) ուղեկցությամբ ուղարկում է Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ միտրոպոլիտ Ղեւոնդիոսը նրան ձեռնադրում է Մեծ Հայքի Եկեղեցու կաթողիկոս կամ քահանայապետ:

 

Եթե մինչ այդ ինչ-որ չափով հանդուրժում էին հեթանոսությունը, ապա Գրիգոր Լուսավորչի առաջին գործը վերադառնալուց հետո Տարոն շարժվելն ու ավերելն է լինում թագավորության ութերորդ նշանավոր բագինը՝ ոսկի-արծաթով լի Վահևանյան մեհյանը, որը նվիրված էր Վիշապաքաղ Վահագնին ու հայոց թագավորների հաշտից վայրն էր Քարքե լեռան սնարին՝ Եփրատի մոտ: Շատ հաճախ այն կոչվում էր Աշտիշատ եւ իր մեջ ներառում էր երեք մեհյան՝ Վահևանյանը, Ոսկեմոր Ոսկեծին աստվածուհունը (Ոսկեհատ Ոսկեմոր աստվածուհու) եւ Աստղիկ աստվածուհունը, որը հայտնի էր նաեւ Սենյակ Վահագնի անունով եւ համապատասխանում էր հունական Ափրոդիտեին: Այստեղ հիմք է դրվում թագավորության առաջին կամ մայր եկեղեցուն: Սակայն հենց Տարոն գավառում թագավորը եւ կաթողիկոսը հանդիպում են հեթանոսական քրմության հուսահատ դիմադրությանը: Գլակա Իննակնյան մեհյանի, որ հայտնի է նաեւ Գիսանեի կուռքերի վայր անունով, գլխավոր քուրմ Արձանը եւ նրա որդի Դեմետրը, հավաքելով Կուառս եւ շրջակա գյուղերի ռազմական ուժերը, կատաղի կռիվ են սկսում: Մի պահ վիճակն այնքան է հուսահատական դառնում, որ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ բերած սուրբ Աթանագինեսի եւ կարապետի մասունքները փորձում է թաքցնել, որ հեթանոսների ձեռքը չընկնեն: Սակայն օգնական ուժերի ժամանումը հաղթանակը թեքում է արքունի զորքի կողմը: Հեթանոսները փրկվում են, իսկ քրմերը կա՛մ ոչնչացվում, կա՛մ աքսորվում են Կասպք եւ բանտարկվում Փայտակարան քաղաքի արքունի բանտում:

 

Տարոն գավառում Գրիգոր Լուսավորիչը մկրտում է իր հետ Կեսարիա գնացած մեծամեծ նախարարներին, գավառականներին եւ երկրամասի բնակիչներին ընդհանրապես: Շուրջ քսան օրվա ընթացքում նա մկրտում է ավելի քան տասնինը բյուր մարդու: Ամենուրեք նա քահանաներ է կարգում եւ եկեղեցիներ կառուցում: Նույն թվականին կաթողիկոսը, Տարոնից դուրս գալով, շարժվում է Բագրևանդ գավառի Բագավան քաղաքագյուղը, որտեղ նրան դիմավորելու է գալիս հայոց թագավորը՝ իր հետ վերցնելով Աշխեն թագուհուն, քրոջը՝ Խոսրովիդուխտին, մեծ թվով նախարարների եւ ամբողջ զորքը: Նրանք հանդիպում են Եփրատ (հիմա Արածանի) գետի ափին, հետո շարժվում դեպի Բագավան: Հաջորդ օրը՝ այգաբացին, Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը, բոլոր մեծամեծները, բանակը Եփրատի ջրերում մկրտվում են Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ օրը միայն արքունական զորքերից մկրտվում է ավելի քան տասնինը բյուր մարդ: Հաջորդ յոթ օրերի ընթացքում, ինչպես հավաստում է Ագաթանգեղոսը, մկրտվում է ավելի քան չորս հարյուր բյուր մարդ: Սա իրականում ցույց է տալիս Մեծ Հայքի թագավորության բնակչության քանակը, որը կազմում է ավելի քան չորս միլիոն մարդ: Կաթողիկոսը սահմանում է Բագավանում տոնել երանելի մեծ Հովհաննեսի եւ նահատակ սուրբ Աթանագինեսի հիշատակը:

 

Ամենուրեք կառուցվում են եկեղեցիներ՝ քաղաքներում, ավաններում, շեներում, գյուղերում եւ ագարակներում: Թագավորի կարգադրությամբ՝ ամեն մի ագարակում չորս-չորս հող երդո, իսկ ավաններում յոթ-յոթ հող երդո է հատկացվում քահանաների սպասավորության համար եւ պտղի է վճարվում: Բացվում են դպրոցներ, որտեղ երեխաներին, մասնավորապես քրմերի երեխաներին ուսուցանում էին հունարենով եւ ասորերենով: Մտնելով Այրարատյան գավառ եւ աթոռանիստ Վաղարշապատ՝ նա շարունակում է մեհյաններն ավերել եւ եկեղեցիներ կառուցել: Վաղարշապատի մեհյանի տեղում նա հիմնում է Կաթողիկե եկեղեցին: Նրա կողմից կառուցվում են Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի եւ Ս. Շողակաթի մատուռները: Շատ լավ գիտակցելով, որ ժողովրդական լայն զանգվածներին իր շուրջը հավաքելու համար անհրաժեշտ է օգտագործել նաեւ հեթանոսական որոշ հավատալիքներ, նա մի շարք ազգային տոներ ներմուծում է քրիստոնեություն:

 

Մեհյանների ունեցվածքն արքունիքը, որպես կանոն, հանձնում է քրիստոնեական եկեղեցուն: Շատ շուտով այն վերածվում է երկրի խոշոր հողատիրոջ: Միայն կաթողիկոսությունը, արդեն Ներսես Մեծի օրոք, ձեռական իշխանության իրավունքով՝ տիրում է 15 գավառի: Հեթանոսական ժամանակների ավանդույթով՝ ժառանգականության իրավունքը պահպանվում է նաեւ եկեղեցական վարչության մեջ: Գրիգոր Լուսավորչի տոհմը ձեռք է բերում կաթողիկոսության ժառանգական իրավունքը, որը միայն ստեպ առ ստեպ խախտվում է հայոց թագավորների կողմից (Տիրան, Պապ): Եկեղեցին պտղի եւ տասանորդ էր գանձում երկրի ամբողջ բնակչությունից: Կամենալով մեղմել հեթանոսների դիմադրությունը՝ նա քրմական ընտանիքներից տասներկու ներկայացուցիչների ձեռնադրում է եպիսկոպոս, որոնց մեջ նշանավոր է դառնում Աղբիանոսյանների ընտանիքը:

 

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Գրիգոր Լուսավորչի գործունեության շնորհիվ քրիստոնեությունը տարածվում է Սատաղացվոց քաղաքից մինչեւ Խաղտիք եւ Կաղարջք, մինչեւ Մասքթաց սահմանների սպառվելը, Ալանաց դռները, արքունի Փայտակարան քաղաքը, Կասպքի սահմանները, Ամիդ քաղաքից մինչեւ Մծբին քաղաք, Ասորիք, Նոր Շիրականով եւ Կորդուքով մինչեւ Մարաց Ամուր աշխարհ, Մահկերտ տուն եւ Ատրպատական: Սակայն շատ չանցած՝ քրիստոնեության քարոզը Վիրքում եւ Աղվանքում ձախողվում է, իսկ վրաց եւ աղվանից եպիսկոպոս ձեռնադրված Գրիգորիսը, որը Լուսավորչի թոռն էր, սպանվում է Մասքթաց Սանեսանի հրամանով՝ Ճորա պահակի մոտ տարածվող Վատնյան դաշտում:

 

Տրդատ Գ-ի հրամանով՝ երեք մեծամեծ նախարարներ՝ սպարապետ Արտավազդը, Աշոցքի իշխան Տաճատը եւ արքայի կարապետ Դատը մեկնում են Կապադովկիայի կամ Կապուտկացվոց աշխարհի Կեսարիա քաղաքը եւ Հայաստան բերում կաթողիկոսի որդիներին, որոնցից կրտսերը կարգվում է քահանայապետի փոխանորդ: Քրիստոնեությունը բավականաչափ ամուր արմատներ է ձգում Մեծ Հայքի թագավորությունում, երբ Մաքսիմիանոս Դայա կայսեր օրոք քրիստոնյաների հալածանքները Հռոմեական կայսրությունում փոթորկվում են նոր ուժով: 311 թվին Հայոց թագավորությունը ենթարկվում է անգամ կայսեր արշավանքին, որը սակայն ավարտվում է հռոմեական զորքերի պարտությամբ: Վիճակը փոխվում է 313 թվից սկսած, երբ Միլանի էդիկտով քրիստոնեությունը կայսրությունում հռչակվում է իրավահավասար կրոն:

 

Երբ 324 թվին Կոստանդիանոսը, հաղթելով իր մրցակիցներին, տիրում է ամբողջ կայսրությանը, երկու երկրների միջեւ դաշինք է կնքվում, որի համար հայոց թագավորը, քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը, Արիստակես եւ Աղբիանոս եպիսկոպոսները, բոլոր բդեշխները, մեծամեծ իշխանների մեծ մասը յոթանասունհազարանոց ընտիր զորքով մեկնում են հռոմեական Դաղմատիա պրովինցիա՝ կայսրության աթոռանիստ քաղաք:

 

325 թ. Կոստանդիանոս Ա կայսրը, ի տարբերություն իր նախորդների, խորապես գիտակցելով եկեղեցական ամուր կազմակերպության կարեւորությունն իր պետության համար, հրավիրում է Նիկիայի ժողովը, որին մասնակցում է 318 հայրապետ: Չնայած հրավերին՝ Տրդատ Գ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը չեն կարողանում մասնակցել ժողովին եւ Մեծ Հայքի անունից ուղարկում են քահանայապետի փոխանորդ Արիստակես եպիսկոպոսին, որ Ծոփքի առաջնորդն էր:

 

Նիկիայի ժողովից հետո Գրիգոր Լուսավորիչը գնում է ճգնելու Դարանաղյաց գավառի Մանյա այրք լեռը եւ շատ չանցած՝ մահանում: Մի քանի տարի անց նրա աճյունը բերվում է իր տոհմական Թորդան գյուղը, որտեղ մեծ պատիվներով հողին է հանձնվում: Եկեղեցին նրան դասում է ավագ սրբերի կարգը եւ նրա հիշատակը հավերժացնող ամենամյա հիշատակի օրեր սահմանում: Նա սրբացվում է նաեւ այլ Եկեղեցիների կողմից, եւ հարեւան ժողովուրդները շատ հաճախ Հայոց Եկեղեցին անվանում են Գրիգորյան կամ Լուսավորչական՝ հայոց առաջին կաթողիկոսի անունով:

 

Մեզ են հասել նրա անունով կրոնա-բարոյախոսական 23 ճառից բաղկացած «Յաճախապատում» գիրքը, փոքրածավալ մի քանի երկասիրություն եւ եկեղեցական կանոններ: Որոշ ուսումնասիրողներ հակված են կարծելու, թե նրա գրչին է պատկանում նաեւ «Պատարագամատոյց» աշխատությունը:


Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդում է կրտսեր որդին՝ Արիստակես եպիսկոպոսը:

« Վերադառնալ ցանկ