ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ

ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ

(490-516)

Հովհաննես Ա Մանդակունուն կաթողիկոսական աթոռի վրա հաջորդեց նրա աշակերտներից Բաբկենը, որ Վանանդ գավառի Ոթմուս գյուղից էր: Անշուշտ, երիցս իրավացի է Մաղաքիա Օրմանյանը, որի կարծիքով՝ Բաբկենի բնիկ ոթմսեցի լինելը բերում է այն եզրակացության, թե դեռեւս Գյուտ կաթողիկոսի օրոք աշակերտել է նրան, վայելել նրա հովանավորությունը, իսկ այնուհետեւ դարձել է Մանդակունու գործակիցը, ձեռք բերել կողմնակիցներ եւ հասել կաթողիկոսական պատվի: Ցավոք, պատմական հիշատակարանները տեղեկություններ չեն պահպանել ո՛չ նրա անցյալի եւ ո՛չ էլ գործունեության վերաբերյալ, սակայն, ելնելով Ղազար Փարպեցու արտահայտած դժգոհությունից, դժվար թե նրա գործունեությունը ժողովրդականություն վայելած լիներ: Հստակ է միայն այն իրողությունը, որ նա եղել է հայոց ազգային Եկեղեցու ջերմ ջատագով եւ հանդես է եկել երկաբնակ կամ քաղկեդոնական Եկեղեցու դեմ: Ղազար Փարպեցի պատմիչը, ըստ Մաղաքիա Օրմանյանի, թերեւս եղել է Բաբկենի բավական վտանգավոր մրցակիցը, սակայն ունենալով Վահան Մամիկոնյանի եթե ոչ աջակցությունը, ապա գոնե լռելյայն համաձայնությունը՝ կարողացել է հալածանքների ենթարկել մեր պատմագիտության նշանավոր երախտավորին: Վերջինս անգամ ստիպված էր հեռանալ Ամիդ քաղաք, որտեղից էլ նա իր գանգատ-նամակը Համազասպ Մամիկոնյանի ձեռքով ուղարկեց Հայոց տանուտերին: Թե Վաղարշապատի կաթողիկե վանքի վանահայր հաստատված Ղազար Փարպեցին այս դեպքերից հետո որչափ հովվապետեց, հայտնի չէ: Ըստ երեւույթին, հալածանքները խարխլել էին նրա առողջությունը, եւ նա, շատ չանցած, մահացավ, որովհետեւ այլեւս նրա մասին հիշատակներ չեն պահպանվել:
Համաձայն գրեթե բոլոր պատմագիրների եւ ցուցակագիրների՝ Բաբկեն Ոթմսեցին հովվապետել է 5 կամ 6, իսկ որոշների համաձայն՝ 3 տարի: Մաղաքիա Օրմանյանի քննությունը բերել է նրան այն եզրակացության, որ Բաբկեն կաթողիկոսը հայրապետել է անհամեմատ ավելի երկար: Հիմք ընդունելով նրա կաթողիկոսական աթոռ բարձրանալը Մանդակունուց հետո՝ 490 թ., ինչպես նաեւ Աբրահամ Աղբաթանեցի հայրապետի ընտրությունը պարսից Խոսրով Բ-ի թագավորության 17-րդ տարով, այսինքն՝ 607 թվականով թվագրելը՝ կարելի է, ետընթաց ժամանակագրությամբ շարժվելով, ճշտել նրա կաթողիկոսական աթոռակալության իրական տեւողությունը: Ստացվում է, որ Հովհաննես Ա Մանդակունուց մինչեւ Սամվել Արծկեցու կաթողիկոսական աթոռ բարձրանալը կազմում է 26 տարի, որն իր անուղղակի հաստատումն է գտնում «Գիրք թղթոց»-ի «Թուղթ Հայոց ի Պարսս» նամակում, որը գրվել է պարսից Կավատ թագավորի տասնութերորդ տարում (506 թ.), ինչպես նաեւ երկրորդ նամակում, որն անշուշտ գրվել է ավելի ուշ: Կատարելով այս քննությունը՝ շնորհաշատ հոգեւորական-պատմաբանը տալիս է միակ ընդունելի մեկնաբանությունը, որ, ըստ երեւույթին, ԻԵ կամ ԻԶ թվականների «Ի»-ն գրիչների կողմից վերածվել է «ի» նախդիրի՝ Բաբկեն Ոթմսեցու հովվապետության տարիները դարձնելով 5 կամ 6 տարի:
V դարի բուռն վերելքից հետո հայ պատմագիտական միտքը մեծ անկում է արձանագրում VI-VII դարերում: Ձեռքի տակ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայոց Եկեղեցուն այդ ժամանակներում ուղեկցում էին կրոնական անդադրում վեճերը, որոնց սկզբնապատճառը Քաղկեդոնի եկեղեցական ժողովի ընդունած որոշումներն էին: Արտաքնապես վեճերը, կարծես թե, մղվում էին եկեղեցական դոգմաների շուրջը, սակայն իրականում քրիստոնեական տիեզերական Եկեղեցին ծվատում էին նյութական շահագրգռություններից եւ քաղաքական շարժառիթներից բխող խնդիրները: Հայոց Եկեղեցին, որ մշտապես ընդունել է քրիստոնեական Եկեղեցու Տիեզերական առաջին երեք ժողովների որոշումները, գտնում էր, որ Քաղկեդոնի որոշումները հակասում են Եփեսոսի ժողովին, որտեղ Հիսուս Քրիստոսի մարդկության եւ աստվածության կատարյալ միասնությունն ընդունվեց՝ ընդդեմ Նեստորի առաջ քաշած տարբերության: Այս պատճառով երկվությունը կամ բնությունների տարբերությունը, որը կարող էր կասկածի տակ առնել Քրիստոսի աստվածային եւ մարդկային բնությունների միասնությունը, Հայոց Եկեղեցու կողմից անվերապահորեն մերժվեց: Սակայն մերժումն ինքնանպատակ չէր, այլ կայսրության թելադրանքին հակադրվելու եւ Հայ Եկեղեցու ինքնությունը պահպանելու շարժում եւ քաղաքականություն էր դա, որ գալիս էր, բավականին երկչոտ ձեւով, Արշակ Բ թագավորի ժամանակներից եւ պետական հստակ նպատակադիր գործունեության վերածվեց Պապ թագավորի օրերում. որոշակիորեն տարանջատվել Բյուզանդական Եկեղեցուց:
Քաղկեդոնի մերժումը, բնական է, մշտապես ծնում էր նորանոր խնդիրներ, քանի որ հայերը, կամենում էին թե ոչ, քաղաքական զարգացումների հետեւանքով ստիպված էին թե՛ քաղաքական եւ թե՛ կրոնական առումով հարաբերություններ պահպանել կայսրության եւ կայսերական Եկեղեցու հետ: Եվ մինչ Բյուզանդական կայսրությունը կամենում էր, հայերին դավանական առումով իրեն ենթարկելով, նրանց վրա ուժեղացնել իր ազդեցությունը, հայերն էլ ամեն կերպ հակադրվում էին կայսրության քաղաքականությանը՝ պահպանելով Հայոց Եկեղեցու անկախությունն ու ազգային դիմագիծը:
Հայտնի է, որ Արեւելյան Հայաստանի հոգեւոր գործիչները չմասնակցեցին Քաղկեդոնի ժողովին, որովհետեւ երկիրը գտնվում էր պատերազմական կացության մեջ, եւ Վարդանանք կենաց եւ մահու պայքար էին մղում Սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ: Դրանից հետո՝ երկար ժամանակ, քաղաքական եւ եկեղեցական անցքերի զարգացումը պատեհություն չընձեռեց Հայոց Եկեղեցուն՝ անդրադառնալու Քաղկեդոնի ժողովի կանոններին:
Ընթերցողին փոքրիշատե ծանոթացնելու համար քրիստոնեական Տիեզերական Եկեղեցին բզկտող իրարամերժ վարդապետություններին, հարկ է նշել, որ Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովը, դատապարտելով նեստորականությունը, ընդունեց Կյուրեղ Ալեքսանդրացու բացատրությունը. «Մի բնութիւն Բանին մարմնացելոյ»: Արդյունքում Նեստոր Կոստանդնուպոլսեցին զրկվեց պատրիարքությունից, նզովվեց եւ աքսորվեց Անտիոքի մոտ գտնվող Ս. Եվպրեպիայի վանքը, հետո՝ 435 թ., Լիբիական անապատ, որտեղ էլ մահացավ 440 թվին: Ինչ վերաբերում է նեստորականներին, ապա նրանք քաշվեցին կայսրության արեւելյան պրովինցիաները՝ ապավինելով Անտիոքի Հովհաննես պատրիարքի եւ Ասորիքի հոգեւոր հայրերի պաշտպանությանը: Նրանք մասնավորապես կենտրոնացան Եդեսիայում եւ շրջակայքում: 487 թվին նրանք ծանր հարվածներ ստացան Զենոն կայսեր կողմից: Նեստորականության դեմ մղվող պայքարում հատկապես հռչակվեց Եվտիքես վանահայրը, որի կարծիքով՝ Քրիստոսի մեջ մարդկային բնությունը գրեթե ընկղմվում է Նրա աստվածային էության մեջ, ինչպես մեղրի կաթիլը՝ ծովի մեջ, կամ շյուղը՝ բոցի մեջ: Նա գտնում էր, որ Քրիստոսի մարմինը երկնային ծագում ունի, եւ Նրան վերագրեց բացառիկ գոյացություն: Եվտիքեսի քարոզը պարարտ հող գտավ հոգեւորականության շրջանում եւ այնուհետեւ տարածում ստացավ բնակչության լայն շրջաններում: Տեղական նշանակության եկեղեցական ժողովը, Փլաբիանոս պատրիարքի գլխավորությամբ, դատապարտեց հիշյալ վարդապետությունը եւ մեջտեղ բերեց Քրիստոսի երկու բնության մասին բացատրությունը: Այժմ Եվտիքեսի վարդապետությունը պաշտպանողները կոչվեցին միաբնակներ, իսկ հակառակորդները՝ երկաբնակներ: Մահացած Կյուրեղի քարոզչության պաշտպանությամբ հանդես եկավ նրան հաջորդած Դիոսկորոսը, որը երկաբնակությունը համարում էր նեստորականության կրկնություն: 449 թ. Թեոդոս Բ կայսեր թույլտվությամբ հրավիրված եկեղեցական ժողովը, որին մասնակցեց 135 եպիսկոպոս, պաշտպանեց Եվտիքեսի վարդապետությունը, որի հետեւանքով Ալեքսանդրիայի աթոռի կշիռն ու հեղինակությունը խիստ մեծացավ՝ առաջ բերելով Հին ու Նոր Հռոմների հոգեւոր հայրերի դժգոհությունը:
Հռոմի Լեւոն եւ Կոստանդնուպոլսի Անատալիա հայրապետները, օգտվելով 450 թ. գահ բարձրացած Մարկիանոս կայսեր աջակցությունից, նույն թվականին ժողով գումարեցին եւ մերժեցին Եվտիքեսի վարդապետությունը՝ պաշտպանելով Փլաբիանոսի առաջ քաշած երկաբնակությունը: Ըստ երեւույթին, 450 թ. ժողովի ազդեցությունն ու կշիռը բավարար չհամարելով՝ Մարկիանոս կայսրն ու Լեւոն պատրիարքը 451 թվին Բյութանիայի Նիկիա քաղաքում ժողով գումարեցին՝ շատ ավելի լայն ընդգրկումով: Տեղի ընտրությունը պատահական չէր կատարված: Կայսրը եւ Լեւոն պատրիարքը դրանով, կարծես, կամենում էին ընդգծել, որ կրկին հավաքվում են այն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել Տիեզերական առաջին ժողովը, որն ընդունել էր հավատո հանգանակը: Սակայն կայսրը, քաղաքական հանգամանքներով, վախենում էր մայրաքաղաքը թողնել, ուստի կարգադրեց սեպտեմբերին ժողովը գումարել Քաղկեդոն քաղաքում, որտեղ էլ այն իր աշխատանքներն սկսեց նույն թվականի հոկտեմբերի 8-ին: Պուղքերիա կայսրուհին եւ Մարկիանոսը հասան այն բանին, որ ժողովը դատապարտեց Դիոսկորոսին, հարվածեց Ալեքսանդրիայի աթոռի հեղինակությանն ու կշռին եւ պայմաններ ստեղծեց Կոստանդնուպոլսի պատրիարքության բարձրացման համար: Ժողովին հավաքվել էին 636 եպիսկոպոսներ՝ առավելապես Կոստանդնուպոլսի եւ Անտիոքի պատրիարքության ենթակա պրովինցիաներից, ուստի չնայած արեւելյան եւ հարավարեւելյան թեմերի դիմադրությանն ու արեւմտյան պրովինցիաների ներկայացուցիչների բացակայությանը՝ կայսերական ընտանիքը հասավ իր նպատակին՝ ստիպելով ժողովականներին ընդունել միաբնակությունը մերժող կանոնական որոշումներ: Կամենալով ունենալ Հռոմի աջակցությունը՝ ժողովն ընդունեց Լեւոնի տոմարը՝ իբրեւ հավատո սահման, սակայն ժողովի ԻԴ կանոնի պատճառով Մարկիանոսը եւ Լեւոնը գժտվեցին: Վերջինիս համաձայն՝ Կոստանդնուպոլսի աթոռը համարվում էր նախապատիվ Ալեքսանդրիայինի համեմատ, իսկ Թրակիայի, Ասիայի եւ Պոնտոսի եկզարքությունները վերածվում էին Կոստանդնուպոլսի մետրոպոլտության: Հասկանալի է, որ դրա իրականացումով մեծապես վտանգվում էր Հռոմի դիրքը, որի պատճառով էլ նրանց անհամաձայնությունը խորացավ: Ասենք, որ այլ լուծումներ հազիվ թե կարելի էր սպասել, երբ ժողովականների վրա բիրտ ճնշում էր կիրառվում, իսկ նիստերը վարում էին կայսերական բարձրաստիճան դեմքերը: Դժվար չէ տեսնել, որ Քաղկեդոնի ժողովը, իր ծրագրածին հասնելով, կրոնական առումով երկատեց բյուզանդական հասարակությանը: Ժողովի կանոնական որոշումները չընդունվեցին ոչ միայն Ալեքսանդրիայի աթոռի կողմից, այլեւ իր վերապահություններն ունեցավ Անտիոքի աթոռը, իրենց անհամաձայնությունն արտահայտեցին եկզարքությունները: Ինչպես նշեցինք, հայերը ժողովին չմասնակցեցին ապստամբության պատճառով, սակայն եթե մասնակցեին էլ, հազիվ թե պաշտպանեին Քաղկեդոնի որոշումները, որովհետեւ Մարկիանոս կայսրը բացարձակապես մերժել էր հայերին օգնություն ցույց տալ հակապարսկական պայքարում:
Մարկիանոսը մեծ ջանքեր ձեռնադրեց Քաղկեդոնի որոշումները կյանքի կոչելու համար, սակայն հանդիպեց լուրջ դիմադրության: Պրոտերիոսը, որ կայսեր հրամանով նշանակվել էր Ալեքսանդրիայի պատրիարք, սպանվեց, իսկ Երուսաղեմի Թեոդոս, Ալեքսանդրիայի Տիմոթեոս Կուզ եւ Անտիոքի Պետրոս Թափիչ պատրիարքները հակառակվեցին Քաղկեդոնի որոշումներին: Հակաքաղկեդոնական շարժումն այնքան ուժեղ էր, որ Լեւոն Ա Թրակացի կայսրը, որքան էլ ջերմ կողմնակից էր իր նախորդի քաղաքականությանը, ստիպված էր հանդուրժել Եկեղեցու հիշյալ՝ միաբնակ հայրերի աթոռակալությունը: 460 թվին Տիմոթեոս Կուզը հեռացվեց իր աթոռից, սակայն նրան փոխարինած Տիմոթեոս Սալսփակիոլոսը նույնպես միաբնակ էր: Նույն վիճակն էր տիրում արեւելյան մյուս աթոռներում:
Դրությունը փոխվեց Զենոնի գահակալության շրջանում: Սակայն նրա իշխանության սկզբում Լեւոն Ա կայսեր աներձագ Բասիլիսկոս զորավարը, արագ ուժեղանալով, տիրեց կայսերական գահին: Արդյունքում Քաղկեդոնի որոշումները բեկանվեցին, քաղկեդոնական հոգեւորականներն անգամ ենթարկվեցին հալածանքների, իսկ միաբնակ հոգեւոր հայրերը վերադարձվեցին իրենց պատրիարքական աթոռները: Բասիլիսկոսը կորցրեց շատ չտեւած իշխանությունը, եւ Զենոնը, գալով պետության գլուխ, փորձեց հաշտեցնել միաբնակության եւ երկաբնակության կողմնակիցներին՝ գրավելով միջին դիրք: Կայսրը քաջ գիտակցում էր, որ նրանց միջեւ հակամարտության խորացումը հղի է կայսրության համար ծանր հետեւանքներով՝ ընդունակ տրոհելու այն, քանի որ երկաբնակները կամ քաղկեդոնականները եթե ուժեղ էին մայրաքաղաքում եւ նրան հարակից պրովինցիաներում, ապա միաբնակները բացարձակ առավելություն ունեին արեւելյան եւ հարավարեւելյան պրովինցիաներում: 492 թվին Կոստանդնուպոլսի պատրիարք դարձած Ակակիոսը պաշտպանում էր կայսեր քաղաքականությունը, իսկ Ալեքսանդրիայի պատրիարք Պետրոս Մոնգոսը շարունակում էր իրեն նախորդած Տիմոթեոս Ելուրոսի միաբնակ կողմնորոշումը: Մասնավորապես Կոստանդնուպոլսի պատրիարքը, որի հարաբերությունները շատ հեռու էին Հռոմի պատրիարքության հետ ջերմ լինելուց, կամենում էր հաշտության եզր գտնել մրցակից՝ Ալեքսանդրիայի պատրիարքության հետ՝ համաձայնելով վերանայելու Քաղկեդոնի ժողովի կանոնական որոշումները: Նրանց միմյանց հղած նամակները, այսինքն՝ Պետրոսի եւ Ակակիոսի թղթերը հետագայում թարգմանվեցին հայերեն: Զենոնը, որ, հավանաբար, էապես նպաստել էր նրանց միջեւ համաձայնության գոյացմանը, իրեն բավականաչափ վստահ զգալով, 482 թվին հրապարակեց նշանավոր «Հենոտիկոն»-ը, որը, իր բռնած միջին դիրքով, որոշակիորեն փորձ էր հաշտեցնելու երկու կողմերին:
Այսուհանդերձ՝ կայսեր ջանքերն սպասված արդյունքները չտվեցին: Երկու հայրապետներն էլ իրենց յուրայինների կողմից անպատվվեցին: 483-ին Հռոմի պապ դարձած Ֆելիքս Բ-ն մասնավոր ժողով հրավիրեց 484 թվին եւ ոչ միայն մերժեց «Հենոտիկոն»-ը, այլեւ դատապարտեց Ակակիոս եւ Պետրոս պատրիարքներին: Չնայած այս ամենին, որ տանում էր Եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերի պառակտմանն ու հեռացմանը, կայսրը շարունակեց իր քաղաքականությունը՝ միջին գծի անվան տակ, փաստորեն, թուլացնելով երկաբնակներին՝ հիմք ընդունելով նեստորականության եւ քաղկեդոնականության նմանության հանգամանքը: Դեպքերի նման զարգացումը բերեց Եդեսիայի նեստորական կենտրոնի ցրմանը, որին կայսրը ձեռնարկեց 487 թվին: Որքան էլ տարօրինակ հնչի, նեստորականները հովանավորություն գտան զրադաշտական Սասանյան Պարսկաստանի կողմից՝ իրենց կենտրոնը տեղափոխելով կայսրության արեւելյան մեծ հակառակորդի տարածքը:
Զենոնի միաբնակության քաղաքականությունը շարունակեց նրա այրու հետ ամուսնացած եւ կայսր դարձած Անաստաս Ա-ն, որը 506 թ. հրովարտակով կրկին հաստատեց «Հենոտիկոն»-ը եւ մերժեց Լեւոնի տոմարն ու Քաղկեդոնի ժողովը: Ելնելով իր քաղաքական շահերից՝ սասանյան արքունիքն էլ իր հովանավորության տակ առած նեստորական Եկեղեցին խիստ ուժեղացրեց թե՛ Վաղարշի եւ թե՛ նրան հաջորդած Կավատի օրոք:
Մինչ այս իրադարձությունները, դժվար չէ տեսնել, որ Արեւելյան Հայաստանի Հայոց Եկեղեցին եւ նրա ենթակայության տակ գտնվող Վրաց եւ Աղվանից Եկեղեցիները հնարավորություն չունեցան որեւէ ձեւով մասնակցելու միաբնակության եւ երկաբնակության վարդապետությունների վեճին: Երկիրն ապստամբությունների մեջ էր, եւ ժամանակ ու հնարավորություն չկար կրոնական դոգմաների խնդիրներ առաջ քաշելու կամ մերժելու համար: Հասկանալի է՝ կայսրության տարածքում հայտնված հայ եպիսկոպոսական թեմերը, ի տարբերություն Հայկական մարզպանության Եկեղեցու, ստիպված էին հետեւելու կայսերական Եկեղեցու բռնած դիրքին: Սակայն Վահան Մամիկոնյանի ապստամբությունից հետո այլեւս անհնարին էր մի կողմ մնալ այդ վեճերից: Հատկապես վիճակը շիկացավ 492 թվից հետո, երբ Կավատը փորձեց բռնությունների դիմել Հայաստանի նկատմամբ: Սա ստիպեց հայոց տանուտերին պաշտպանություն փնտրել Անաստաս կայսեր արքունիքում:
Վիճակը փոխվեց, երբ Կավատին գահընկեց անելով՝ պարսից գահին տիրեց Ջամասպը, որը սակայն 501 թվին ստիպված եղավ այն զիջել գահին վերատիրացած Կավատին: Սակայն Կավատը կարծես կերպարանափոխվել էր: Քրիստոնյաներն այլեւս նրա կողմից չհետապնդվեցին, այլ արժանացան նրա աջակցությանն ու օժանդակությանը, որովհետեւ Կավատը հույս ուներ նրանց օգնությամբ հաջող պայքար մղել Բյուզանդիայի դեմ: Եվ, իրոք, նա մի քանի տարի պատերազմեց նրանց դեմ, գրավեց անգամ Ամիդը եւ 505 թ. կնքեց հաշտություն, որի մասին, սակայն, հայկական աղբյուրները քար լռություն են պահպանում:
Վահան Մամիկոնյանը մահացավ 506 թվից ոչ շատ առաջ, որից հետո մարզպանությունն անցավ նրա եղբորը՝ Վարդ Մամիկոնյանին: Այդ ամբողջ ընթացքում Հայոց Եկեղեցին իրեն հեռու էր պահում եկեղեցական վեճերից, որը, թերեւս, Վահան Մամիկոնյանի զգուշավոր եւ ճկուն քաղաքականության արդյունքն էր: Ասենք, որ առանձնապես վիճելու հարց էլ չկար, որովհետեւ Զենոնի «Հենոտիկոն»-ից հետո արեւելյան պրովինցիաների քրիստոնյաների դիրքերն ուժեղացել էին, իսկ հայերը մշտապես պաշտպանել են Եփեսոսի 431 թվականի կանոնական որոշումները: Առաջին անգամ հայերն ստիպված եղան իրենց հատուկ վերաբերմունքն արտահայտել Քաղկեդոնի նկատմամբ 506 թվին, երբ Կավատ թագավորի գահակալության 18-րդ տարում Բաբկեն կաթողիկոսը Դվնում եկեղեցական ժողով գումարեց, որին մասնակցեցին Սասանյան տերության քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները: Ցավոք, պատմությունը չի պահպանել ժողովին մասնակցածների անունների մի մասը: Հականե-հանվանե հիշվում են միայն մասնակից 20 եպիսկոպոսները, իսկ նախարարներից՝ լոկ 14-ը: Ինչպես տեսնում ենք, ինչ-ինչ պատճառներով՝ ժողովին չեն մասնակցել նշանակալից թվով եպիսկոպոսներ, քանի որ համաձայն Ուխտանեսի՝ նրանց թիվը գոնե այդ շրջանի Արեւելյան Հայաստանում 30 էր: Ժողովի մասնակիցներից էին Մերշապուհ Մամիկոնեից, Ներսես Մարդպետական, Տիրատուր Հարքա, Սամվել Բզնունյաց, Փոկաս Բասենո, Սամվել Բասենո, Թաթուլ Արշարունյաց, Աղան Խորխոռունյաց, Ատատիոս Տայոց, Տաճատ Արշամունյաց, Դանիել Ռշտունյաց, Հափիկ Մոկաց, Խաբբաս Արծրունյաց, Շահե Ամատունյաց, Սահակ Պալունյաց, Պողոս Գնունյաց, Մովսես Զարեհավանի, Դավիթ Տմորյաց, Դանիել Անձեւացյաց, Թեմրաս Մեհնունյաց եպիսկոպոսները եւ նախարարներ Վարդ Մամիկոնյանը, Սահակ Կամսարականը, Սպանդիատ Բագրատունին, Արշավիր Խորխոռունին, Զիկ Դիմաքսյանը, Մանգեն Ամատունին, Տիրոտ Պալունին, Վարազներսեհ Դաշտկարանին, Վոտամ Ապահունին, Գնել Գնունին, Բաշխեն Վահեւունին, Արտաշիր Սյունին, Ատրներսեհ Ռշտունին եւ Արտաշիր Առավեղյանը, սակայն ժողովին մասնակցած երեցների, վանականների եւ մնացյալ մոնոզոնների՝ մենակյացների ոչ թիվն է հայտնի եւ ոչ էլ՝ անունները: Ժողովի փաստաթղթերում, այսինքն՝ կանոնական որոշումներում ոչ մի խոսք չկա Քաղկեդոնի, Լեւոնի տոմարի մասին: Խոսքը Նեստորի եւ Պարսկաստանի տարածքում ապրող նեստորականների մասին է, որոնք կենտրոնացած էին Ասորեստանում: Սակայն Աղբաթանեցին գրում է, որ Դվինի 506 թ. ժողովն անիծել է Քաղկեդոնի ժողովն ու Լեւոնի տոմարը, եւ որ ժողովին ներկա են եղել նաեւ Վրաց Գաբրիել կաթողիկոսը՝ 23 եպիսկոպոսներով եւ Աղվանից կաթողիկոսը՝ իր եպիսկոպոսներով: Մաղաքիա Օրմանյանը հակված է կարծելու, որ իրականում խոսքը երկու ժողովների մասին է: Եվ Աղբաթանեցու տեղեկությունը, որին համահունչ է Բաբկեն կաթողիկոսի երկրորդ թուղթը, ենթադրել է տալիս, որ մոտավորապես 508 թվին հրավիրվել է եւս մեկ ժողով՝ Վրաց եւ Աղվանից կաթողիկոսների եւ եպիսկոպոսների մասնակցությամբ, որը եւ նզովել է Քաղկեդոնի ժողովը: Կարծես թե ասվածի մասին է վկայում նաեւ Օձնեցին, որը խոսելով Կավատի գահակալության 18-րդ տարում հրավիրված ժողովի մասին՝ անդրադառնում է Նեստորի, Ակակիոսի եւ Բարծումայի մերժմանը՝ ոչինչ չհայտնելով Քաղկեդոնի եւ Լեւոնի տոմարի մասին: Այսուհանդերձ՝ չի բացառվում, որ կայացել է միայն մեկ ժողով, եւ այն էլ՝ միայն 506 թվին, որովհետեւ Բաբկեն կաթողիկոսի առաջին նամակում ասվում է, որ որոշումները կատարվել են վրաց եւ աղվանից միաբանությամբ:
Հարկ է նշել, որ նեստորականությունը հայտնվեց Հայոց Եկեղեցու մասնավոր ուշադրության կենտրոնում՝ Վահան Մամիկոնյանի ապստամբության հաջող ավարտից հետո: Նեստորական քարոզիչները դեռեւս 483 թվից լայնորեն մուտք են գործել Սասանյան տերություն, իսկ 487 թվից, երբ նրանց կենտրոնը Եդեսիայում ցրվեց, նրանք զանգվածաբար եկան հաստատվեցին Պարսից պետության տարածքում՝ հատկապես Ասորեստանում: Նրանք իրենց ժողովներն են գումարել Գունտշապուհում կամ Բեթլապատում, Ասորեստանում կամ Մծբինում՝ ձեռք բերելով հետեւորդների նշանակալից բանակ: Դատելով պատմական հիշատակներից՝ նրանք շատ շուտով ձեռք բերեցին Պարսից արքունիքի հովանավորությունը, իսկ Եփեսոսի որոշումները պաշտպանող միաբանների ջանքերը՝ ցույց տալու Պարսից արքային իրենց ուղղամտությունը, իզուր անցան: Այդ պատճառով էլ ասորի միաբնակներն ստիպված եղան դիմել Պարսից տերության մեջ նախապատիվ համարվող Հայոց Եկեղեցու օգնությանը՝ պատվիրակներ ուղարկելով Հայաստան՝ ի դեմս Սամվել երեց Մահարձոյի, Շմավոն երեց Բերթոշմայի, Ախա երեց Պերոզշապուհի եւ այլոց: Հիշյալ պատվիրակները Հայաստան ժամանեցին 506-ին, երբ ժողովն արդեն գումարվել էր: Անդրադառնալով Պարսից տերության միաբնակների առաջ քաշած խնդիրներին՝ կազմվեցին ժողովական առանձին-առանձին թղթեր հայերի, վրացիների եւ աղվանների կողմից: Հայոց ժողովական գիրը գրվեց հայերեն եւ պարսկերեն, վավերացվեց Բաբկեն կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ նախարարների կողմից եւ պատմագիտությանը հայտնի է «Բաբկեն կաթողիկոսի առաջին թուղթ» անունով: Այն դավանաբանական կարեւոր գործ է: Կաթողիկոսի երկրորդ թուղթը, որ թվական չունի, պաշտպանում է Զենոն կայսեր «Հենոտիկոն»-ը եւ նզովում Քաղկեդոնի ժողովն ու նեստորականությունը: Այս երկու թղթերն սպասված ազդեցությունն ունեցան, եւ պարսից արքունիքը հրաժարվեց իր՝ դեպի միաբնակ քրիստոնյաներն ունեցած կասկածամիտ վերաբերմունքից: Պարսից իշխանությունների համար հատկապես վճռորոշ եղավ այն իրողությունը, որ Հայոց Եկեղեցին, որ մերժում էր կայսերական Եկեղեցին, նույնպես կանգնած էր միաբնակության դիրքերում: Այդ ժամանակները, հիրավի, հիանալի շրջան էին մեծ հեղինակություն ձեռք բերած Հայոց Եկեղեցու համար, որի գերագահությունն անվերապահորեն ճանաչում էին Վրաց եւ Աղվանից, Ասորական եւ Պարսից Եկեղեցիները, դիմում էին նրա հովանավորությանը՝ պետության պաշտպանությունը ձեռք բերելու համար:
Հավանաբար 510-ին մահացավ կամ իշխանությունից զրկվեց Վարդ Մամիկոնյանը: Համենայն դեպս, առաջին կարծիքի դիրքերում է Մաղաքիա Օրմանյանը: Նրանից հետո մարզպանությունը վարեց պարսիկ Բուրղան, որի կառավարման տարիներին էլ՝ 516 թվին, նա մահացավ: Բաբկեն կաթողիկոսը Հայոց Եկեղեցու պատմության մեջ նշանավոր դարձավ Քաղկեդոնի կանոնական որոշումները մերժելով եւ Հայոց ազգային Եկեղեցու անկախության ջատագովության՝ իր հստակ քաղաքականությամբ: Բաբկեն կաթողիկոսի օրերում Հայոց Արեւելից կողմերի թագավոր Վաչագանի եւ Շուփհաղիշե՝ Աղվանից կաթողիկոսի կողմից հրավիրվեց Աղվենի նշանավոր ժողովը, որի ընդունած 22 կանոնները վերաբերում էին հասարակական-տնտեսական կյանքի տարբեր կողմերին:

 

« Վերադառնալ ցանկ