Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ

Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ


(325-332)

Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր տղան է: Ծնվել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Արիստակեսը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ բաժանվելուց հետո, մոր՝ Մարիամի հետ վանք է մտել: Արդեն չափահաս Արիստակեսը դարձել է Նիկոմաքոս անունով մի միայնակյացի հետևորդը եւ նրա հորդորով՝ ճգնելու համար անապատ է գնացել եւ ձեռնադրվել կուսակրոն քահանա: Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո վերադարձել է հայրենիք եւ դատելով Նիկիայի ժողովի որոշումների լատիներեն տարբերակից՝ ձեռնադրվել է Ծոփքի եպիսկոպոս:
Հայոց Տրդատ Գ թագավորի եւ Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ մասնակցել է Նիկիայի ժողովին, որը քննության է առել Արիոսականության աղանդի խնդիրը: Նիկիայի ճանապարհին նա Կեսարիայում հանդիպել է իր հորը ձեռնադրած Կեսարիայի միտրոպոլիտ մեծն Ղևոնդիոսին, որը նույնպես մասնակցել է Նիկիայի ժողովին: Հռոմեական կայսրությունում հայոց թագավորների ձեռական (ֆեոդալական) իշխանության կալվածքների՝ Ամասիայի, Կոմանայի, Ձելայի եւ Պոմպեյուպոլսի (Նիկիայի ժողովի որոշումների հայերեն թարգմանության մեջ՝ աղավաղված Պեենպողե գրությամբ) եպիսկոպոսների հետ իր ստորագրությունն է դրել Մեծ Հայքի Եկեղեցու անունից Նիկիայի ժողովի որոշումների ներքո: Իր հետ Հայաստան է բերել ժողովի որոշումները՝ ներկայանալով հորը եւ Տրդատ Գ արքային հայոց Վաղարշապատ մայրաքաղաքում: Արդեն Նիկիայի ժողովից վերադառնալուց հետո նշանակվել է կաթողիկոսական փոխանորդ, իսկ հոր՝ Գրիգոր Ա Լուսավորչի Դարանաղյաց գավառի Մանյա այրք վայրը ճգնության գնալուց հետո, փաստորեն, գլխավորել Հայոց Եկեղեցին: Համաձայն պատմահոր՝ Գրիգոր Լուսավորչի մահից հետո Արիստակեսը հովվապետել է 7 տարի: Փավստոս Բուզանդի խոսքերով՝ Արիստակեսը իր հորը գործակից եւ եպիսկոպոսակից էր նրա վարդապետության ամբողջ ընթացքում, իր կյանքի բոլոր օրերում՝ մինչեւ իր քրիստոսակոչ վախճանի օրը: Արիստակեսը մշտապես տարածել է Քրիստոսի խոսքը Հայաստանում՝ կշտամբելով եւ ուղիղ ճանապարհի բերելով իրավազանցներին, անօրեններին եւ զազրագործներին: Հերթական կշտամբանքից խիստ զայրացած՝ Չորրորդ Հայքի վերակացու Արքեղայոսը, հանդիպելով նրան ճանապարհին՝ Ծոփք գավառում, սպանել է եւ փախել Տավրոսի կողմերը: Արիստակեսի աշակերտները նրա մարմինը բերել են Եկեղյաց գավառ եւ հողին հանձնել հորից իրեն անցած Թիլ ավանում:

« Վերադառնալ ցանկ