ԶԱՎԵՆ Ա ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ

ԶԱՎԵՆ Ա ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆ

(376-380)

Հուսիկ (Սահակ) Աղբիանոսյանի մահից հետո հայոց Վարազդատ թագավորի երկրորդ տարում կաթողիկոսական աթոռ բարձրացավ Աղբիանոս եպիսկոպոսի ազգականներից Զավենը, որը հովվապետեց չորս տարի (ըստ Փավստոս Բուզանդի՝ երեք տարի): Փավստոս Բուզանդի խոսքերով՝ Զավենը Մանազկերտ գյուղից էր, «Չարագործ, խիստ եւ նախանձ բարքի տեր էր», որը մի սովորություն մտցրեց իր ժամանակ՝ բոլոր քահանաներին սովորեցրեց զինվորական զգեստ հագնել: Պարզվում է, որ Զավենի աթոռակալության շրջանում քահանաները թողեցին Առաքելական Եկեղեցիների սովորությունները եւ վարվում էին այնպես, ինչպես իրենց խելքը կտրում էր: Քահանաները, հակառակ ի բնե սովորության, դադարեցին պճղնավորներ հագնել եւ սկսեցին խոտոր կտորներ գործածել մինչեւ ծնկները, այսինքն՝ զինվորական տարազ հագնել: Պատմիչի տեղեկություններից պարզ է դառնում, որ ճոխությունն ու պերճանքը, հակառակ եկեղեցական կարգերի, մուտք էին գործում հոգեւորականության շրջան: Քահանաներն իրենց զգեստները զարդարում էին տեսակ-տեսակ նարոտներով, փքվում էին անվայելուչ ձեւով եւ հագուստի մեջ անխտիր օգտագործում էին գազանների մորթիներ, որը նույնպես ժուժկալ հոգեւորականների կողմից անվայելուչ էր դիտվում: Դրա առաջին օրինակը տալիս էր Զավեն եպիսկոպոսը, որը հագնում էր նարոտներով ժապավինված զարդարուն հագուստներ, կրում էր սամույրի, սպիտակ աքիսի, գայլի եւ աղվեսի մորթիներ, որկրամոլ էր, ագահ եւ անառակ կենցաղ էր վարում:

« Վերադառնալ ցանկ