Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգեւոր ճեմարան: 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան հոգեւոր ճեմարանը եւ նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում:

1979թ. վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա. Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ`ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ եւ տիտղոս: 1989թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը:

1992թ. նրա ջանքերով մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրեւ Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն: 1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում: 1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է: 1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի: 1998թ. Գարեգին Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է Կաթողիկոսական ձեռնադրություն եւ օծում:

 

Գարեգին Բ. Հայրապետն առ այսօր պարգեւատրվել է` Հորդանանի բարձրագույն Ա. կարգի շքանշանով (2000թ.), «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւ,«Ռումինիայի աստղ» շքանշանով (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով (2001թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004թ.), Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշան»- ով(2006թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2007թ.), Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2009թ.):

2009թ. պարգեւատրվել է «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ. Պատրիարքի անվան. մրցանակով: 2001թ. Նորին Սրբությանը շնորհվել է Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի եւ ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: 2008թ. Նորին Սրբությանը շնորհվել է Սալեզիանի Պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:


Նորին Սրբությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, ինչպես նաեւ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գարեգին Բ. Հայրապետը գահակալությունից կարճ ժամանակ անց ուխտագնացության է մեկնել Տերունական Սրբավայրեր` Հորդանան ու Երուսաղեմ:
Գահակալությանը հաջորդող ամիսներից սկսվեցին Գարեգին Բ. Հայրապետի Հովվապետական այցելությունները Հայոց Եկեղեցու Թեմեր: Նորին Սրբությունը եղավ Շիրակի եւ Արցախի (հուլիս, սեպտեմբեր, 2000 թ.), ԱՄՆ Արեւմտյան, Կանադայի եւ ԱՄՆ Արեւելյան Հայոց Թեմերում (մայիս, 2001 թ.)` ամենուր իր ներկայությամբ եւ օրհնությամբ մխիթարություն եւ հոգեւոր խնդություն բերելով հավատավոր բազմահազար հայորդիներին:
Նորին Սրբությունն այցելել է նաեւ Ֆրանսիա (դեկտեմբեր, 2001 թ.) եւ Ավստրիա (նոյեմբեր, 2001 թ.): 2004թ. մայիսի 4-25-ը Գարեգին Բ. Կաթողիկոսը Հովվապետական անդրանիկ այցով եղավ Հարավային Ամերիկայի Հայոց Թեմերում` իր այցելությամբ հոգեւոր նոր վերազարթոնք եւ խանդավառություն պարգեւելով տեղի հայ հավատացյալ ժողովրդին: Նույն թվականի հունիսի 14-18-ը Վեհափառ Հայրապետը Հովվապետական այցով եղավ նաեւ Անգլիայում:
Վեհափառ Հայրապետը Հովվապետական այցերով եղել է նաեւ Հայաստանյան Թեմերում` ամենուր իր նշանակալի այցելություններով հոգեւոր աշխուժություն, մխիթարություն եւ Հայրապետական օրհնություն բերելով հավատավոր հայորդիներին:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ի խնդիր միջեկեղեցական կապերի ամրապնդման` Վեհափառ Հայրապետն այցելում է Քույր Եկեղեցիներ եւ նրանց պետերին: Նորին Սրբությունն այցելել է Ռուս Ուղղափառ Եկեղեցի եւ նրա գահակալ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ.-ին (2000թ.), Վրաց Ուղղափառ Եկեղեցի եւ նրա գահակալ Իլյա Բ. կաթողիկոս-պատրիարքին (2000թ.), Ռումին Օրթոդոքս Եկեղեցի եւ նրա գահակալ Թեոկտիստ պատրիարքին (2000թ.), Ղպտի Ուղղափառ Եկեղեցի եւ նրա գահակալ Շնուդա Գ. պատրիարքին (2000թ.), Եթովպիայի Թեւահեդո Եկեղեցի եւ նրա գահակալ Աբունա Պաուլոս պատրիարքին (2000թ.), Հռոմի Կաթոլիկ Եկեղեցի եւ նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ. պապին (2000թ.), Բուլղար Ուղղափառ Եկեղեցու գահակալ Մաքսիմ պատրիարքին (2002թ.), Անգլիկան Եկեղեցու գահակալ դր. Ռոուան Վիլյամսին (2004թ.):

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

 

Վեհափառ Հայրապետը հանդիպում է նաեւ օտար կրոնների ներկայացուցիչների եւ կրոնապետերի հետ: 2000թ. Նյու Յորքում Գարեգին Բ Հայրապետը մասնակցել է ՄԱԿ-ի կազմակերպած կրոնական առաջնորդների` հազարամյակի խաղաղության համաշխարհային կոնֆերանսին եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում զեկուցում է կարդացել «Դեպի ներողամտություն եւ հաշտություն» թեմայի շրջանակներում:
Առ այսօր Նորին Սրբությունը հանդիպել է Ալ Ազհարի շեյխ մեծ իմամ Ալ Թանտաուիի, Եգիպտոսի հանրապետության մուֆթիի, Կովկասի մուսուլմանների հոգեւոր պետ Շեյխ Ուլ-Իսլամ Ալլահ Շյուքյուր Փաշա-զադեի հետ:

 

ԳԱՐԵԳԻՆ Բ. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԼԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Գարեգին Բ. Հայրապետի գահակալության օրոք, հատկապես, միանշանակ առաջընթաց ապրեցին Հայոց Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատությունները: Վեհափառ Հոր ջանքերով վերաշխուժացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթարանները` Գյումրիի ընծայարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանը: Հոգեւոր կրթարանների առաջընթացը կապված էր հատկապես բարձրակարգ դասախոսների ընտրության եւ նոր ուսումնական ծրագրերի մշակման հետ, որոնք կատարվեցին Գարեգին Բ. Հայրապետի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսումնական բարձր ծրագիրը նկատի ունենալով, ինչպես նաեւ արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների ուսումնառությունը շարունակելու հնարավորությունն առավել ընդլայնելու նպատակով` Նորին Սրբությունը դիմեց ՀՀ կառավարությանը` Գեւորգյան հոգեւոր ճեմարանը ճանաչելու` որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Արդյունքում Գեւորգյան հոգեւոր ճեմարանը դարձավ պետականորեն ճանաչված Աստվածաբանական համալսարան, իսկ Գյումրիի ընծայարանը եւ Վազգենյան դպրանոցը դարձան նրա մասնաճյուղերը` Շիրակի եւ Գեղարքունյաց Թեմերում:
Վեհափառ Հայրապետը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսուցչապետն է: Վեհափառ Հայրապետի մանկավարժա-դասախոսական գործունեությունն սկսվել է դեռեւս սարկավագության տարիներից: Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասախոսում է «Քարոզխոսություն» առարկան` իր սաներին սովորեցնելով Աստծո խոսքի քարոզչության եւ հոգեւոր ճշմարտությունները հավատացյալներին մատուցելու սկզբունքներն ու միջոցները:
Նորին Սրբությունը մեծապես կարեւորում է ճեմարանավարտների կրթության շարունակումը այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հոգեւոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց տները: Հմուտ ուսուցիչների եւ մանկավարժների ջանքերով առավել զարգանում են Հայորդյաց տներ հաճախող երեխաների ու պատանիների ստեղծագործական ունակությունները, միաժամանակ նրանք ստանում են նաեւ քրիստոնեական դաստիարակություն:
Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմնադրեց «Գարեգին Ա.» անվան Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, որի հարուստ գրադարանը մեծապես նպաստում է Մայր Աթոռի միաբանների գիտական եւ աստվածաբանական մտքի զորացմանը: Կենտրոնում աշխատելու եւ գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել նաեւ հայ եւ օրտարազգի մտավորականությանը:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵԿԵՂԵՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Գարեգին Բ. Հայրապետի գահակալությունից հետո օծվել են նորանոր եկեղեցիներ, դրվել են նոր եկեղեցիների հիմքեր:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ մասնավորապես օծվել են Սպիտակի Ս. Հարություն, Երեւանի Ս. Սարգիս, Վայքի Ս. Տրդատ, Տաշիրի Ս. Սարգիս, Մալիշկայի Ս. Աննա, Չարենցավանի Ս. Ամենափրկիչ, Ալավերդու Ս. Գրիգոր Նարեկացի, Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց, Առինջի Ս. Աստվածածին, Գյումրիի Ս. Հակոբ, Մարմարաշենի Ս. Գեւորգ նորակառույց եկեղեցիները,ինչպես նաև Երեւանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին, Պյատիգորսկ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին, Լվովի Ս. Աստվածածնի վերափոխման եկեղեցիները: Վերասրբագործվել են Դվինի Ս. Հարություն, Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե եկեղեցին, Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցին, Սաղմոսավանքը, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Լոնդոնի Ս. Եղիշե, Ապարանի Ս. Խաչ եկեղեցիները:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ վերասրբագործվել են ՀՀ Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու հիմքերը:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվել է Բաց Խորանը եւ Սուրբ Էջմիածնի նոր գլխավոր մուտքը, որը կրում է Ս. Գրիգոր Լուսավորչի անունը: 2001թ. սեպտեմբերի 23-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու օծումը:
Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր շարունակվում են ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1700-ամյակի ծիրից ներս միջոցառումներից հիշատակելի է Գարեգին Բ. Հայրապետի ուխտագնացությունը Դեր Զոր ապրիլ, (2001թ.), որտեղ` Ս. Նահատակաց եկեղեցում Հայոց Հայրապետը մատուցել է Սուրբ Պատարագ: 2001թ. հուլիսին Վեհափառ Հայրապետն աշխարհասփյուռ հայ երիտասարդներին կոչ արեց համախմբվել Սուրբ Էջմիածնում` իբրեւ ուխտավորներ: Պատմական նշանակություն ունեցող երիտասարդական ուխտագնացությանը իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 2000 երիտասարդներ: Նույն թվականի սեպտեմբեր ամսին Նորին Սրբությունը հյուրընկալեց քրիստոնեական Եկեղեցիների հոգեւոր պետերին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին 1700-ամյակի առթիվ կազմակերպած տոնակատարություններին: 2003թ. Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ, մեծ շուքով նշվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակը եւ Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղոթագրքի 1000-ամյակը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը

« Վերադառնալ ցանկ