ՄՈՎՍԵՍ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

ՄՈՎՍԵՍ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

(456-461)

Մելիտե Ա Մանազկերտցուն 456 թվին կաթողիկոսական աթոռին հաջորդեց Մովսես Ա Մանազկերտցին, որ նույնպես Աղբիանոսյանների ընտանիքից էր սերում: Նրա անունը նույնպես տեղ չի գտել Հայոց Եկեղեցու կաթողիկոսների գավազանագրքերում, սակայն ինչպես վկայում է Ղազար Փարպեցին, Մովսես Ա Մանազկերտցին իրոք հաջորդել է Մելիտե Ա Մանազկերտցուն: Նրա կաթողիկոսությունը հիշատակում է նաեւ Թովմա Արծրունու պատմությունը՝ դնելով այն, սակայն, Մելիտեից առաջ: Նրա գործունեության վերաբերյալ պատմությունը մանրամասներ չի պահպանել: Թերեւս կարելի է ենթադրել, որ նա կաթողիկոսական աթոռին է տիրացել իր նախորդի եւ պարսից իշխանությունների օգնությամբ ու աջակցությամբ: Դատելով սկզբնաղբյուրների լռությունից՝ Մովսես Ա Մանազկերտցին շարունակել է պարսից իշխանությունների հետ համագործակցելու՝ իր նախորդի քաղաքականությունը՝ հալածելով Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներին: Երիցս իրավացի է Մ. Օրմանյանը՝ համարելով, որ Մելիտեի եւ Մովսեսի ապիկար ու պատվահաճ քաղաքականությունն է, որ ստիպել է Մովսես Խորենացուն՝ գրելու իր նշանավոր «Ողբը»: Այդ գաղջ միջավայրն է պատճառ դարձել, որ պատմահայրը գրի. «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր»:

« Վերադառնալ ցանկ