Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

(478-490)

Հովհաննես Ա Մանդակունին կաթողիկոսական աթոռ բարձրացավ 478 թվականին, երբ երկիրը գտնվում էր քաղաքական ծանր կացության մեջ: Արտաքնապես, կարծես թե, կրոնական հալածանքներ չկային, քանի որ պարսից արքունիքը, զգուշանալով հայերի հնարավոր նոր ապստամբությունից, որդեգրել էր նոր քաղաքականություն, որի նպատակն էր հասնել հավատուրացության՝ պաշտոններ տալու, տիրույթներ հատկացնելու կամ էլ բացահայտ կաշառելու ճանապարհով: Պարսից արքունիքի քաղաքականությունն իրագործող՝ Հայքի մարզպան Ատրվշնասպի եւ հազարապետ Վեհվեհնամի նմանօրինակ քաղաքականության հետեւանքով ձեւավորվել էր հավատուրաց նախարարների մի խումբ, որը որպես առաջնորդներ ունենալով Գադիշո Խորխոռունուն եւ Գդիհոն Սյունուն՝ պարսից արքունիքին հաճոյանալու եւ նոր տիրույթներ ու կալվածներ ձեռք բերելու համար պատրաստ էր զոհաբերել հայրենիքի եւ ժողովրդի շահերը: Անբարոյական մթնոլորտում ծաղկում էին քսությունն ու մատնությունը, տիրում էր ահի ու սարսափի կացություն: Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի գաղջ միջավայրում կաթողիկոսական աթոռը կարող է զբաղեցնել արժանավոր ու հայրենասեր անձնավորություն, որովհետեւ կանոնական օրինավոր ընտրությունը գործնականում դարձել էր գրեթե անհնարին: Հովհաննես Ա Մանդակունու կաթողիկոսանալու համար ժողովուրդը պարտական էր Գյուտ Ա Արահեզացուն, որը շնորհազրկված վիճակում նույնիսկ՝ իրականում իր ձեռքում պահելով հոգեւոր իշխանության լծակները՝ կարողացել էր արժանավոր օգնական ու տեղապահ պատրաստել, որը եւ նրա մահից հետո տիրացավ կաթողիկոսական իշխանությանը: Անունն անգամ հուշում է, որ նա սերում էր Մանդակունիների նախարարական ընտանիքից: Ծնվել է Մանդակունիներին պատկանող Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում եւ սկզբնաղբյուրների համաձայն՝ աշակերտել է Սահակ Պարթեւին: Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ Հովհաննես Ա Մանդակունին հազիվ թե աշակերտած լիներ անմիջականորեն Սահակ Պարթեւ կաթողիկոսին, ուստի իրավացիորեն ենթադրում է, որ նա պատկանել է վերջինիս աշակերտների աշակերտների թվին, որոնք ուսումնառությունն սկսելով 439 թվականից, այսինքն՝ Սահակ Պարթեւի մահից ոչ շատ առաջ, ձեւականորեն կարող էին իրենք իրենց համարել հայոց նշանավոր քահանայապետի աշակերտները, կամ էլ այդ կացությունն առիթ է դարձել, որպեսզի պատմիչները Սահակ Պարթեւին հիշատակեն որպես նոր ձեռնադրված կաթողիկոսի ուսուցչի: Մեզ հասած՝ Հովհաննես Մանդակունու գրչին պատկանող աշխատությունները լավագույն առհավատչյան են այն իրողության, որ նա ստացել է փայլուն կրթություն եւ հմուտ է եղել հունական մատենագիտության մեջ:
Հովհաննես Ա Մանդակունու գործունեության առաջին տարիներն արդյունավետությամբ առանձնապես աչքի չէին ընկնում: Թերեւս կարելի է ենթադրել, որ նա առավելապես զբաղված էր հայրենասիրական ուժերը համախմբելու եւ հավատուրացների պատճառած չարիքները չեզոքացնելու հոգսերով: Սակայն կացությունը շուտով փոխվեց, երբ երկիրը կրկին ապստամբության դրոշ բարձրացրեց: 481 թվին բռնկվեց մի հզոր ապստամբություն, որը պատմագիտության մեջ հայտնի է Վահանանց պատերազմ անունով: Թեեւ հայագիտական ուսումնասիրություններում հենց սկզբից ապստամբության առաջնորդ է հռչակվում 450-451 թթ. ապստամբության հերոս՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը, իրականում ժողովրդական շարժման իրական առաջնորդը, մինչեւ Ճարմանայնու ճակատամարտում զոհվելը, Սահակ Բագրատունին էր՝ հզոր մտքի տեր պետական-քաղաքական մի գործիչ: Ի տարբերություն Վահան Մամիկոնյանի՝ նա անգամ առերես զրադաշտականություն չէր ընդունել եւ, դատելով մի շարք ուղղակի եւ անուղղակի տվյալներից, ուխտապահ նախարարների փաստական առաջնորդն էր: Ձեռնամուխ լինելով առաջիկա ապստամբության նախապատրաստությանը՝ նա երկու շատ կարեւոր քայլ ձեռնարկեց, որոնք դժվար է գերագնահատել: Նրա մեկենասությամբ հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրեց իր դարակազմիկ երկասիրությունը՝ «Պատմութիւն Հայոց»-ը, որը գաղափարական զենք դարձավ հայ ժողովրդի համար՝ դաստիարակելով նրա զավակներին հայրենասիրության ոգով եւ մատուցելով հայերին իրենց սխրանքներով, խիզախումներով ու մաքառումներով լի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչեւ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթեւի ժամանակները: Ոչ պակաս նշանակալից էր Բագրատունյաց իշխանի մյուս ձեռնարկումը, որով Մովսես Խորենացին հանձնարարություն էր ստանում տալու Մեծ Հայքի թագավորության աշխարհագրական ու վարչաքաղաքական նկարագրությունը: Վերջինս, որ մարդկությանը V դարում հայտնի քաղաքակիրթ աշխարհի կամ այլ խոսքով՝ օյկումենեի նկարագրության հետ մեկտեղ հայտնի է «Աշխարհացոյց» անունով, ապստամբների համար ծառայեց որպես քաղաքական ծրագիր, թե հաջող ապստամբության դեպքում վերականգնված Մեծ Հայքի թագավորությունն ինչ տարածք եւ սահմաններ պետք է ունենա:
Մինչ Սահակ Բագրատունին աստիճանաբար փորձում էր ձեւավորել ժողովրդական շարժումը, առերես զրադաշտականություն ընդունած Վահան Մամիկոնյանը վարում էր մարզպանության ոսկեհատի պաշտոնը: Մաղաքիա Օրմանյանը հակված է կարծելու, որ Վահան Մամիկոնյանը ոչ թե ոսկի գտնելու եւ արդյունահանելու գործով էր զբաղված, քանի որ Հայաստանում այդ շրջանում ոսկեհանքի գոյությունն արձանագրված չէ, այլ հարկահավաք էր, որի խնդիրն էր պահել հարկահանությամբ հավաքված դրամական միջոցները, սակայն ավելի հավանական է կարծել, որ նա, այնուամենայնիվ, պետության կողմից իրավունք էր ստացել շահագործելու ոսկեհանքերը, որոնք բյուզանդական աղբյուրների համաձայն՝ գոյություն ունեին Տայքի շրջանում: Եթե խոսքը վերաբերեր սոսկ հարկահավաքությանը, ապա հազիվ թե նա ոսկեհատ կոչվեր, որովհետեւ հարկերը հավաքվում էին առավելապես արծաթյա դրամներով, եւ, որ կարեւորն է, հարկերի չափը եւ մեծությունը խիստ վերահսկելի էին՝ համաձայն աշխարհագրային ցուցակների: Ուստի բնավ էլ պատահական չէր, որ Վահան Մամիկոնյանի գործունեությունը վերահսկելու համար նրան օգնական էր տրված Վրիվ անունով ոմն մի ասորի: Շատ շուտով վերջինս ամբաստանեց Վահան Մամիկոնյանին պարսից արքունիքի առաջ, թե նա ոսկիները ժողովում է ու պահում՝ նպատակ ունենալով դրանցով հունական եւ հոնաց գնդեր վարձել ու ապստամբել: Իմանալով այդ ծանր մեղադրանքի մասին՝ Վահան իշխանը շտապեց Տիզբոն՝ իր հետ վերցնելով հավաքված ոսկիները, հեշտությամբ ցրեց ամբաստանությունները՝ ցույց տալով, որ ապստամբության պատրաստվողը ոսկիները չէր հանձնի պարսից արքունիք եւ իր շուրջը համակիրներ կհավաքեր: Պերոզն ստիպված էր ընդունել Վահան Մամիկոնյանի իրավացիությունը, ուստի վերջինս կրկին հաստատվեց իր պաշտոնում, սակայն այս անգամ՝ առանց օգնականի:
Մոտավորապես այդ ժամանակներում պատերազմ սկսվեց Պարսից տերության եւ Հեփթաղների միջեւ: Ի դժբախտություն Պերոզի՝ պատերազմական գործողությունները ծավալվեցին բնավ էլ ոչ պարսկական զորքերի օգտին, որը եւ ազատագրվելու հույսեր ներշնչեց պարսկական տիրապետության ներքո գտնվող ժողովրդներին: Սասանյան գահակալը շուտով ստիպված եղավ Հեփթաղների հետ նվաստացուցիչ հաշտություն կնքել, որից հետո հեփթաղական ճակատում կռվող հայկական զորագունդը հնարավորություն ստացավ երկիր վերադառնալու: Հասնելով Շիրակ՝ հայկական զորագունդը գլխավորող հայ իշխանները լուր ստացան, որ վրաց Վախթանգ Գորգասալ թագավորը սպանել է զրադաշտականություն ընդունած Աշուշայի որդի Վազգեն բդեշխին (Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյան սպարապետի դուստր Շուշանիկի հետ, որին սպանել էր տվել՝ չհասնելով կնոջն էլ հավատափոխ անելու իր նպատակին) եւ ապստամբել է պարսից դեմ՝ պատերազմական գործողություններ սկսելով պարսկական զորավար Զարմիհր Հազարավուխտի զորքերի դեմ: Խորապես գիտակցելով իր ծանր վիճակը՝ վրաց թագավորը գաղտնի դեսպան էր ուղարկել Հայաստան՝ առաջարկելով ապստամբել Սասանյան տերության դեմ՝ խոստանալով առաջիկա պայքարում հոների եռանդուն օժանդակությունը:
Հայ նախարարները գաղտնի խորհրդակցություններ սկսեցին, ըստ որում՝ ուխտապահները փորձեցին շարժման եջ ներքաշել նաեւ առերես զրադաշտականություն ընդունած հայ իշխաններին: Եթե հավատանք Ղազար Փարպեցուն, ապա ուխտապահ եւ կեղծուրաց նախարարները պատրաստ էին ապստամբելու, սակայն որեւէ մեկի վրա վստահ չէին, որ կկարողանա ազատագրական շարժումը գլխավորել՝ բացի Վահանից: Վահան Մամիկոնյանը պատրաստ էր ետ կանգնելու զրադաշտականությունից, սակայն նրա կարծիքով՝ պարսիկները զորավոր էին, վրացիները՝ տկար եւ այրուձիից գրեթե զուրկ, հույները՝ անվստահելի ու խաբեբա, հոնական օգնությունը՝ երկնքից կախված, իսկ հայ նախարարները պատրաստ էին Մամիկոնյաններին ապստամբության խրախույսներ կարդալու եւ այնուհետեւ լքելու ազատագրական պայքարը: Համաձայն Ղազար Փարպեցու՝ ասենք, որ ըստ էության՝ ուրիշ աղբյուր գոյություն էլ չունի, նախարարները երդվում են, որ իրենց հույսը ոչ հույներն են եւ ոչ էլ հոները, այլ Աստված, եւ որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են պարսկական տիրապետության դեմ՝ հանուն քրիստոնեական հավատի: Դրանից հետո նոր միայն Վահան Մամիկոնյանը եւ նրա եղբայր Վասակը համաձայնվում են գլխավորել գալիք ապստամբությունը: Սակայն հարցի անգամ հպանցիկ քննությունը ցույց է տալիս, որ ճշմարտապատում մեր պատմիչն այստեղ, այնուամենայնիվ, հեռացել է ճշմարտությունից: Խնդիրն այն է, որ երբ ավելի ուշ հայ ապստամբ նախարարները ձեռնամուխ եղան կառավարություն կազմելուն, ապա մարզպանի պաշտոնը հանձնվեց ոչ թե Վահան Մամիկոնյանին, այլ Սահակ Բագրատունուն: Ուստի, թեեւ Ղազար Փարպեցին լռում է, իրականում Վահան Մամիկոնյանին շարժմանը միանալու առաջարկը չի կատարել ուրիշ մեկը, եթե ոչ՝ Սահակ Բագրատունին: Ըստ որում՝ շատ հնարավոր է, որ վերջինս հենց նրան է առաջարկել զորքի սպարապետությունը, որովհետեւ դարեր շարունակ այդ պաշտոնը Մամիկոնյանների ընտանիքի տոհմական իրավունքն էր, եւ ինչպես ցույց տվեցին ռազմական հետագա գործողությունները, Վահանն ուներ զորավարի բնածին ունակություններ: Բանակի Աթիկ Բջնեցի քահանան Ավետարանի վրա երդվեցնում է հայ նախարարներին:
Հասկանալի է, որ ապստամբ հայ նախարարներն իրենց մտադրության մասին շտապեցին տեղյակ պահել ժողովրդի հարգանքին արժանացած՝ հայոց Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին: Որոշվեց ձերբակալել Ատրվշնասպ մարզպանին, Վեհվեհնամ հազարապետին եւ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Ցավոք, դեպքերն այնպես չընթացան, ինչպես ծրագրել էին, որովհետեւ խորհրդաժողովի մասնակից Վարազշապուհ Ամատունին պատրաստվող ապստամբության մասին տեղյակ պահեց պարսիկ իշխանություններին, որոնք անակնկալի գալով՝ ստիպված եղան իրենց յուրայիններով նախ փախչել Անիք ամրոցը, իսկ այնուհետեւ, չվստահելով վերջինիս ամրություններին, Արտաշատ եւ հետո՝ Ատրպատական: Ատրվշնասպ մարզպանի հետապնդումն անհաջողությամբ պսակվեց, եւ վերջինս շուտով ապավինեց Ատրպատականում գտնվող պարսկական զորքերի պաշտպանությանը: Սակայն ապստամբները տիրացան ոչ միայն պարսից բանակի ունեցվածքին եւ գրաստներին, այլեւ ձերբակալեցին հավատուրացների առաջնորդներից Գադիշո Խորխոռունուն, որը, ամենայն հավանականությամբ, մահապատժի ենթարկվեց ուխտապահների կողմից: Համենայն դեպս, այլեւս նրա անունը ոչ մի անգամ չի հիշատակվում ապստամբական շարժման ամբողջ ընթացքում:
Ապստամբները քաջ գիտակցում էին, որ ապստամբության հաջողության գրավականը լավ կազմակերպվածությունն է, ուստի հաջորդ ձեռնարկված քայլը ժամանակավոր կառավարության ստեղծումն էր: Ղազար Փարպեցու հաղորդմամբ, ապստամբ նախարարները մարզպան են կարգում Սահակ Բագրատունուն, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին՝ իրենց կենտրոն դարձնելով Դվինը եւ ռազմական հենակետ Տայքի ամուր աշխարհը: Արդեն այն հանգամանքը, որ մարզպան էր կարգվում Սահակ Բագրատունին եւ ոչ թե Վահանը, պարզորոշ ցույց է տալիս, որ ապստամբական շարժման առաջնորդն այդ շրջանում, անկասկած, Սահակ Բագրատունին էր: Սակայն իրականում խնդիրը սրանով չի ավարտվում: Հարց է ծագում, թե ինչու ուխտապահ նախարարները, որոնք իրենց հույսը չէին դրել ո՛չ հույների եւ ո՛չ էլ հոների վրա, որոնք հանուն իրենց երկրի ազատագրության՝ ապստամբություն էին բարձրացրել Սասանյան հզոր պետության դեմ, հանկարծ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իրենց գլխին մարզպան էին կարգում: Կարծում ենք, որ չնայած Ղազար Փարպեցու լռությանը, Սահակ Բագրատունին իրականում ոչ թե մարզպան է ընտրվել, այլ թագավոր, սակայն, երբ նա զոհվեց Ճարմանայնի ճակատամարտում, իսկ ապստամբությունն էլ ավարտվեց փոխզիջումային հաշտությամբ, որով հայերն ընդունում էին պարսից իշխանությունը, իսկ պարսից արքունիքն էլ պարտավորվում էր հարգել հայ նախարարների իրավունքներն ու ազատությունները եւ քրիստոնեությունն ազատ դավանելու իրավունքը, երբ ապստամբության երկրորդ փուլում, այսինքն՝ Ճարմանայնի ճակատամարտից մինչեւ Նվարսակի հաշտությունն ընկած շրջանում, ապստամբության փաստական առաջնորդը դարձել էր պարսից արքունիքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Վահան Մամիկոնյանը, որը հայ նախարարության իրավունքները ճանաչելուց հետո ստիպված էր եղել ետ կանգնել Հայաստանի անկախության ծրագրից, այլեւս հարմար չէր դիտվել ներկայացնել ապստամբության իրական նպատակը, որը Հայոց թագավորության վերականգնումն էր:
Կամենալով ճնշել ապստամբությունը մինչեւ հույներից ու հոներից հնարավոր օգնություն ստանալը՝ Ատրվշնասպ մարզպանը Հայաստան ներխուժեց 7000-անոց բանակով եւ բանակ դրեց Նախճավանի մերձակայքում: Պարսկական տիրապետության հետեւանքով թուլացած Հայաստանը կարողացավ զավթիչների դեմ դուրս բերել ընդամենը չորս հարյուրյակ այրուձի, որը գլխավորում էր Վահանի եղբայր Վասակ Մամիկոնյանը: Կեղծ բանակցությունների միջոցով պարզելով պարսկական ուժերի քանակն ու դասավորությունը՝ հայկական հրամանատարությունը նպատակահարմար գտավ քաշվել Ակոռի գյուղի շրջակայքը՝ Մասիս լեռան լանջերին: Սխալ գնահատելով ռազմական կացությունը եւ համոզված լինելով պարսիկների հաղթանակին՝ նրանց կողմն անցավ Գարջոյլ Խորխոռունին՝ իր հարյուրյակով: Հավատուրաց նախարարներից Վառգոշ Գնթունին եւ Վասակ Սահառունին անգամ գույժ տարան Դվին՝ Հովհաննես կաթողիկոսին, Սահակ Բագրատունուն եւ Վահան Մամիկոնյանին հայտնելով, թե իբր պարսիկները հաղթել են, իսկ հայոց զորքն իր հրամանատարների հետ՝ ոչնչացվել: Սակայն օգտվելով Մասիս լեռան լանջերի թանթաղուտ վայրերից՝ հայոց այրուձիու հարյուրյակները պարզապես հրաշքներ գործեցին: Նրանք ջախջախեցին մարտական շարքը լեռնային մակերեւույթի հետեւանքով կորցրած պարսկական հետեւակ գնդերին՝ մեծ կոտորած կազմակերպելով նրա շարքերում: Պարսկական զորամասերն անկանոն նահանջեցին դեպի Ատրպատական: Եվ մինչ Դվինում տխրություն էր տիրում հայոց զորքի «պարտության» պատճառով, քաղաք ժամանեց Առաստոմ Գնունին՝ հայերի հաղթանակի ավետիսով: Շուտով Դվին վերադարձան նաեւ հայկական հաղթանակած հարյուրյակները, եւ տոնական ուրախ տրամադրությունը թեւածեց քաղաքում: Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը Դվնի եկեղեցում մեծահանդես գովաբանական աղոթք կատարեց՝ երգել տալով ԻԹ սաղմոսը՝ «Դարձոյց զսուգ իմ յուրախութիւն», որը, իրոք, համապատասխանում էր հիշյալ դեպքերին (Ղազար Փարպեցի):
Ակոռիի ճակատամարտն էապես փոխեց երկրի կացությունը: Ապստամբները գնալով ինքնավստահ դարձան, իսկ նոր իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց մարզպանության ողջ տարածքում: Մինչ Սահակ Բագրատունին եւ նրա զինակից Վահան Մամիկոնյանը բարեկարգում էին քաղաքական իշխանությունը, Հովհաննես կաթողիկոսը գործնական քայլեր էր ձեռնարկում՝ բուժելու զրադաշտականության կողմից Հայոց Եկեղեցուն հասցված վերքերը: Հայերը լավ էին հասկանում, որ ապստամբությունը լուրջ նախապատրաստություն է պահանջում, իսկ ժամանակ գործնականում չկար: Ուստի նամակ գրվեց վրաց Վախթանգ Գորգասալ թագավորին՝ խնդրելով իրենց հասցնել հոնական օգնական ուժեր: Վերջինս, որ մեծ խոստումներ էր տվել, կարողացավ ուղարկել ընդամենը 300 հոգուց բաղկացած հոնական մի զորամաս, սակայն շատ չանցած՝ զանազան պատրվակներով խնդրեց այն ետ վերադարձնել: Հայերն ստիպված էին ապավինել սեփական ուժերին:
482 թ. գարնանը՝ Ավագ շաբաթին, պարսկական մի մեծ զորաբանակ Հեր եւ Զարեւանդ գավառների վրայով մուտք գործեց Հայաստան: Հայկական զորագնդերը կաթողիկոսի ուղեկցությամբ շարժվեցին Արտազ գավառ, որտեղ էլ՝ Ներսեհապատ գյուղի մատույցներում, ջախջախեցին Ատրներսեհ Փուշտիպանան զորավարի կողմից ղեկավարվող պարսկական զորաբանակը: Ճակատամարտում սպանվեցին Ատրվշնասպ մարզպանը, Խոռյան զորավարը, եւ ոչնչացվեց զորաբանակի մեծ մասը: Ներսեհապատի հաղթանակը մեծ խորհուրդ ուներ: Այն գտնվում էր Ավարայր գյուղից ոչ շատ հեռու, որտեղ 451 թ. մայիսի 26-ին ծանր ճակատամարտ էին տվել պարսկական զորքերին: Սակայն այս անգամ հայկական զորքերը տոնեցին իրենց հաղթանակը:
Հայկական զորագնդերը հաղթանակի բերկրանքով շարժվեցին դեպի Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկները եւ դեռ չհանգստացած՝ լուր ստացան, որ պարսկական զորքերը Միհրան զորավարի հրամանատարությամբ հարձակվել են Վիրքի վրա: Վախթանգ Գորգասալը խնդրում էր օգնության գալ՝ ասելով, որ շուտով ժամանելու են հոնական գնդերը: Առանձնապես մեծ վստահություն չտածելով Վախթանգ Գորգասալի նկատմամբ, մասնավորապես օգնության ուղարկված 300-հոգանոց հոնական զորամասը ետ պահանջելուց հետո, այնուամենայնիվ, Սահակ Բագրատունին եւ Վահան Մամիկոնյանը, հավատարիմ իրենց դաշնակցային պարտքին, ամառվա տապերի շրջանում նշանակալից բանակով շարժվեցին Վրաց մարզպանություն, որի կազմում գտնվում էր Վրաց թագավորությունը: Պարզվեց, որ օգնական հոնական զորամասերը չեն եկել, չէր ժամանել անգամ Վախթանգ թագավորը, որը պատիր խոսքերով հայերին համոզեց իջնել Կուր գետի ափին գտնվող Ճարմանայնի դաշտը: Տեղ հասան շուտով պարսիկները, սակայն հոներն այդպես էլ չժամանեցին: Հայերն ստիպված եղան ճակատամարտ տալ անհավասար պայմաններում, որի թեժ պահին վրաց զորամասերը, որոնք եկել էին միանալու հայերին, փախուստ տվեցին: Սա առիթ դարձավ, որ որոշ հայկական զորամասեր անցնեն պարսիկների կողմը, եւ դժվար չէ կռահել, որ այս ամենի հետեւանքով հայկական բանակը պարտություն կրեց: Ճակատամարտում հերոսի մահով ընկան ազատագրական պայքարի առաջնորդ Սահակ Բագրատունին եւ Վասակ Մամիկոնյանը: Այսուհանդերձ՝ Վահան Մամիկոնյանին հաջողվեց իր բանակի հիմնական կազմը պահպանել եւ ռազմական արվեստի բոլոր կանոններով նահանջել դեպի Տայք: Դեպի Բասենի Դու գյուղը շարժվեցին պարսկական զորքերը՝ Միհրանի հրամանատարությամբ: Վերջինս, հավանաբար, հրահանգներ ստացած լինելով պարսից արքունիքից, բանակցություններ սկսեց Վահան Մամիկոնյանի հետ՝ առաջարկելով ներկայացնել իր պայմանները եւ հաշտություն կնքել: Ճարմանայնի ճակատամարտի պարտությունից հետո, անշուշտ, հայերի պայմաններն ավելի համեստ էին. քրիստոնեության ազատ դավանանք, ուրացությունը չխրախուսել եւ արժանիք չհամարել, քսությանը չվստահել եւ նախարարության տոհմական իրավունքները հարգել: Սակայն գործը հաշտության չհասավ, որովհետեւ Միհրան զորավարն իր ամբողջ բանակով ետ կանչվեց: Օգտվելով նոր կացությունից՝ Վահան Մամիկոնյանը կարողացավ վերահաստատվել Այրարատում՝ ստանալով կաթողիկոսի գործուն օժանդակությունը:
483 թ. հայ ապստամբներին նոր անակնկալ բերեց: Ժողովրդի մեջ լուրեր էին տարածվում, թե իբր Սահակ Բագրատունին եւ Վասակ Մամիկոնյանը չեն զոհվել եւ ծանր վիրավորված լինելով՝ բուժվել են Տեղաց անապատի ճգնավորների կողմից: Այժմ, վախենալով պարսիկների վրեժխնդրությունից, նրանք իբր թաքնվում են Վրաց մարզպանության եւ Տայքի սահմանակցության վրա գտնվող լեռներում:
Խոսակցություններն այնքան խորացան, որ Վահան Մամիկոնյանն ստիպված եղավ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ մի ընտիր զորամաս ուղարկել նրանց գտնելու եւ հայրենիք վերադարձնելու համար: Հասկանալի է, որ փնտրտուքն իզուր անցավ, սակայն ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, հավանաբար, լուրերը տարածողները հենց պարսիկներն էին, որոնք իրենց առջեւ խնդիր էին դրել տրոհել ապստամբների ուժերը: Միհրան զորավարը, Պարսկաստան վերադառնալիս, իր հետ տարավ Ճարմանայնի ճակատամարտում գերի ընկած Հրահատ Կամսարականին եւ Յազդ Սյունուն, որոնցից առաջինն իր եղբոր՝ Ներսեհ Կամսարականի օգնությամբ Բագրեւանդում կարողացավ գերությունից փախչել, իսկ երկրորդը Գդիհոն Սյունու քսության պատճառով գլխատվեց Բագավանի Ս. Հովհաննես եկեղեցուց երկու քարընկեց հեռավորության վրա՝ չհամաձայնելով ոչ մի դեպքում ընդունել զրադաշտականությունը: Նա մահապատժի ենթարկվեց 482 թ. հոռի ամսի 16-ին, որը համապատասխանում է սեպտեմբերի 12-ին: Նրա դիակը թաղվեց Ս. Հովհաննեսի Գրիգորաշեն մատուռում:
483 թվի գարնան սկզբներին, երբ Մուշեղ Մամիկոնյանի զորագունդը դեռ փորձում էր հայտնաբերել Սահակ Բագրատունուն եւ Վասակ Մամիկոնյանին, պարսկական զորքերը ներխուժեցին կրկին Հայաստան՝ Զարմիհր Հազարուվուխտի գլխավորությամբ: Շուտով թշնամին հասավ Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Արտաշատ, որից ոչ շատ հեռու՝ Դվին քաղաքում էր գտնվում Վահան Մամիկոնյանը՝ սակավաթիվ ուժերով: Նրա հետ էր Հովհաննես կաթողիկոսը: Վախենալով պարսկական գերազանց ուժերի շրջապատումից՝ նա ճակատամարտ տվեց նրանց բաց դաշտում եւ չնայած պարսկական զորքերի կրած մեծ կորուստներին՝ ստիպված եղավ նրանց գերակշիռ ուժերի ճնշման տակ հեռանալ դեպի Տայք: Մարտի դաշտում իրենց մահկանացուն կնքեցին Որդի Դիմաքսյանը, Քաջաջ Սահառունին, իսկ Հովհաննես կաթողիկոսը, որ Վահան Մամիկոնյանի հեծյալ գնդի հետ էր, ծանր վիրավորվեց, սակայն կենդանի մնաց: Շուտով Տայք ժամանեց Մուշեղ Մամիկոնյանն իր զորագնդով: Ծանր կացություն ստեղծվեց Վահան Մամիկոնյանին հետեւող ապստամբական զորամասերի համար: Պարսիկներին հյուծող մանր կռիվները Վահան Մամիկոնյանին հնարավորություն տվեցին ոչ միայն նշանակալից հարվածներ հասցնելու նրանց, այլեւ նոր շունչ հաղորդելու ազատագրական շարժմանը, որի շարքերն անընդհատ համալրվում էին նորանոր հայրենասերներով: Այդ կռիվներից մեկում սպանվեց Գդիհոն Սյունին, որն այնքան տառապանքներ էր բերել ուխտապահ ուժերին: Սակայն այս բոլորով հանդերձ՝ դրությունը շարունակում էր ծանր մնալ, եւ Վահան Մամիկոնյանն անգամ ստիպված էր անցնել բյուզանդական տիրույթները՝ խուսափելու համար պարսից գերակշիռ ուժերի հարվածներից: Սակայն դեպքերի եւ իրադարձությունների առաջիկա զարգացումը եկավ նպաստելու ապստամբներին:
Հեփթաղների դեմ մղվող պատերազմում սպանվեց Պերոզ թագավորը, իսկ պարսկական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սա հնարավորություն տվեց հեփթաղներին շարժվելու Պարսկաստանի խորքերը: Ստեղծված կացության հրամայականով՝ պարսից Շապուհ զորավարն իր բոլոր զորագնդերով արագ հեռացավ Պարսկաստան: Նույնն արեցին Վրաց մարզպանությունում գտնվող Հազարավուխտի զորամասերը: Պարսից մեծամեծները գահ բարձրացրին Պերոզի եղբայր Վաղարշին՝ միաժամանակ խորհուրդ տալով հրաժարվել Պերոզի կրոնական հալածանքների անիմաստ քաղաքականությունից եւ վերականգնել հպատակ ազգերի վստահությունը պարսկական իշխանությունների նկատմամբ: Մասնավորապես խորհրդատուների մեջ էր Զարմիհր Հազարավուխտը, որին հանձնարարված էր եղել ճնշել ապստամբությունը Հայաստանում: Նրան ձայնակցում էր Շապուհ Միհրան զորավարը՝ վկայելով հայոց սպարապետի եւ հայկական զորքերի խիզախությունն ու անձնազոհությունը: Գործնականում այլ ելք չտեսնելով՝ Վաղարշ արքայից արքան որոշեց հաշտության բանակցություններ սկսել ապստամբների հետ:
Քաղաքական հայանպաստ կացությունից մեծապես օգտվեց Վահան Մամիկոնյանը՝ կրկին իր իշխանության տակ առնելով մարզպանական Հայաստանը: Դուրս գալով Արշամունիքից, նա եկավ հաստատվեց Այրարատում, որտեղ նրան միացան «ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ» նախարարներն իրենց ռազմական ջոկատներով: Վաղարշապատի կաթողիկե եկեղեցում նա կատարեց սովորական ուխտը եւ պատարագ մատուցեց, որն անշուշտ իրականացրեց Հայոց կաթողիկոսը, որն ապաքինվելով իրեն հասցված վերքերից՝ կրկին հայրապետական աթոռի հոգսերով էր զբաղված: Մինչ Վահան Մամիկոնյանը, կաթողիկոսը եւ ապստամբ նախարարները փորձում էին գործողությունների հետագա ծրագրեր մշակել, պարսից արքունիքից նրանց մոտ ժամանեցին պարսից թագավորի բանագնացները՝ ի դեմս Շապուհ խորհրդյան դպիրի եւ Միհրվշնասպ Ճուարշացու: Վերջիններս հայտնեցին Վաղարշ թագավորի՝ հայերի հետ խաղաղություն հաստատելու ցանկության մասին: Բանակցության համար Հայաստան էր ուղարկվելու Նիխոր Վշնասպդատը, որը շուտով եկավ եւ բանակցեց Հեր գավառի Նվարսակ գյուղում: Կաթողիկոսի մասնակցությամբ՝ հայ նախարարները ժողով գումարեցին եւ պարսիկներին հայտնեցին, որ իրենք պատրաստ են բանակցությունների, եթե պարսից արքունիքը նախապես ընդունի հայերի երեք պայմանները.
1. քրիստոնեության ազատ դավանում, հավատուրացման քաղաքականությունից հրաժարում, կրակարանների փակում,
2. պաշտոնները տրվեն արդարությամբ՝ հաշվի առնելով նախարարների կարողությունները, վաստակը եւ տոհմիկությունը, եւ առաջ չքաշվեն անարժանները,
3. երկրի եւ ժողովրդի հարցերը պետք է կարգադրի անձամբ թագավորը, որը վճիռներ չպետք է կայացնի ուրիշների խորհրդով:
Անտարակույս է, որ պարսից արքունիքի ծանր կացությունն ստիպում էր շուտափույթ համաձայնության գալ հայերի հետ, ուստի նրանց պայմաններն անվերապահորեն ընդունվեցին: Նիխոր Վշնասպդատն անգամ գովեց Վահանի պայմանները եւ նրան հրավիրեց բանակցությունների: Իր հերթին Նվարսակ ներկայանալու համար Վահան Մամիկոնյանը պատանդներ պահանջեց Նիխորից, որը 8 նշանավոր նախարարների հանձնեց հայերին, որոնց թվում էր հայոց նախկին հազարապետ Վեհվեհնամը: Վահան Մամիկոնյանը պարսից բանակատեղի մուտք գործեց՝ փողեր հնչեցնելով, որն անուղղակի վկայությունն էր այն բանի, որ չնայած ծանր կորուստներին՝ ապստամբները, թեկուզեւ ոչ լիակատար, հաղթանակի էին հասել: Հաշտությունը կնքվեց, եւ հայերի պայմանները թագավորական գրով եւ կնիքով պետք է հաստատվեին: Նիխորի խնդրանքով՝ հայերը բանակ ուղարկեցին Պարսկաստան՝ Վաղարշ թագավորին օգնելու: Այն գլխավորում էին Վրեն Վանանդեցին եւ Ճարմանայնի ճակատամարտում զոհված Վասակ Մամիկոնյանի որդի Գրիգորը: Շուտով Տիզբոն մեկնեց եւ Վահան Մամիկոնյանը: Հայկական բանակը շուտով ձերբակալեց Վաղարշի դեմ ապստամբած Պերոզի որդի Զարեհին, որը մահապատժի ենթարկվեց: Տիզբոն ժամանած Վահան Մամիկոնյանն արժանացավ փառավոր ընդունելության: Հայերի պայմանները հարգվեցին, իսկ Վահան Մամիկոնյանն ստացավ ոչ միայն Մամիկոնյան ընտանիքի տանուտիրությունը, այլեւ հայոց սպարապետի պաշտոնը: Ապստամբ նախարարները զանազան պատիվների արժանացան՝ համաձայն իրենց անձի արժանավորության, իսկ Հովհաննես Ա Մանդակունին էլ, ամենայն հավանականությամբ, ճանաչվեց Հայոց կաթողիկոս՝ պարսից արքայից արքայի կողմից: Վահան Մամիկոնյանի խնդրանքով՝ Ներսեհ Կամսարականն ստացավ Կամսարական տոհմի տանուտիրության իրավունքը: Սակայն Հայաստանի մարզպան նշանակվեց ազգությամբ պարսիկ Անդեկանը:
Վահան Մամիկոնյանը եւ նրան ուղեկցող հայ նախարարները հաշտության վավերացումից հետո վերադարձան հայրենիք, որտեղ ջերմ ընդունելություն գտան հայոց հայրապետի կողմից:
Անդեկանի մարզպանությունը Հայաստանում երկար չտեւեց, չնայած՝ որոշակի ժամանակագրական տվյալներ չեն պահպանվել: Ծանոթանալով երկրին եւ ստեղծված կացությանը՝ նա Վաղարշ արքայից արքային առաջարկեց Վահան Մամիկոնյանին հանձնել նաեւ մարզպանի պաշտոնը: Պարսից թագավորին ուղարկած նամակում մասնավորապես նշվում էր, որ Հայոց աշխարհը մեծ է եւ դրսից եկած պարսիկ պաշտոնյային անհարժեշտ է առնվազն երկու-երեք տարի միայն երկրին ծանոթանալու համար, այն դեպքում, երբ տեղացին ամեն ինչին տեղյակ է: Դրան ավելացվում էր նաեւ այն կռվանը, որ պարսիկ մարզպանին պետք է ռոճիկ տալ, իսկ տեղացին «զիւր տանն համբար ուտէ»՝ դրանով իսկ ազատելով պարսից արքունիքը հիշյալ ծախսերից: Շուտով, թագավորական հրովարտակով, Վահան Մամիկոնյանը կարգվեց Հայոց մարզպան՝ առաջ բերելով հավատուրացների տրտմությունն ու նաեւ վախը: Այդ կապակցությամբ գոհաբանական արարողություն կատարեց Հայոց կաթողիկոսը՝ սաղմոսներով եւ խորհրդավոր կարդացմունքներով: Մաղաքիա Օրմանյանի հաշիվներով՝ արդեն 485 թվականին Վահան Մամիկոնյանը նշանակվեց Հայոց մարզպան:
Ղազար Փարպեցու պատմությունն ավարտվում է կաթողիկոս Հովհաննես Մանդակունու ատենաբանությամբ, որը նա կատարել է Դվինի եկեղեցում՝ Վահանի մարզպանության ավետիսի տոնախմբության առիթով: Մաղաքիա Օրմանյանը, ընդգծելով ատենաբանության ընդարձակ ծավալը, եւ հակառակ դրան՝ կանոնավոր տեսք չունենալը, գտնում է, որ դրա կցկտուր, երբեմն անկապակից հատվածների ամբողջությունը հավաստում է ատենաբանության վավերականությունը: Այսինքն՝ Ղազար Փարպեցին ներկա է եղել այդ տոնախմբությանը եւ հետագայում կատարված նշումների եւ հիշողության միջոցով կարողացել է այն գրեթե նույնությամբ վերականգնել՝ առանց ձգտելու իր կողմից կոկելու ու հղկելու: Վահան Մամիկոնյանին մարզպան նշանակելն ապստամբների եւ մասնավորապես կաթողիկոսի աչքում աստվածային հրաշքին համազոր իրողություն էր, որովհետեւ Հայոց մարզպանությունը դրանով վերածվում էր կիսաանկախ երկրի՝ ձեռք բերելով լիակատար ներքին ինքնուրույնություն: Ուխտանենգները հայտնվել էին ապշահար եւ նվաստացած կացության մեջ, իսկ ուխտապահներն անուղղակիորեն վարձատրվել էին իրենց խիզախության, անձնազոհության եւ անմնացորդ հայրենասիրության համար: Հնարավոր է, որ ուխտապահների գոնե մի մասը ծրագրեր էր մտմտում իրենց նախկին նվաստացումների համար պատժելու ուխտանենգներին՝ հայ մարզպանի օգնությամբ, իսկ ստեղծված դրության հետ չհաշտված ուխտանենգներն իրենց հերթին մտածում էին վրեժխնդրության մասին: Ուստի Հովհաննես Ա Մանդակունին, որպես Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոս, խորապես գիտակցելով ստեղծված՝ իր հեռանկարում պայթունավտանգ կացությունը, ամեն ինչ արեց երկու կողմերին փոխադարձաբար հաշտեցնելու, ներողամտության խրախույս կարդալու եւ վրիժառության ոգին մեղմելու համար: Ըստ որում՝ այս ամենը մատուցվում էր շղարշված ձեւով՝ չկամենալով վիրավորել ուխտապահներին, որոնք իրենց անձնազոհությամբ փրկել էին երկիրը, եւ փորձելով համաժողովրդական հաշտեցման ճանապարհով ուխտանենգներին վերադարձնել հայրենի հավատին եւ Հայոց Եկեղեցու գիրկը:
Վահան Մամիկոնյանի մարզպան դառնալուց հետո սկսվեց Հայոց կաթողիկոսի գործունեության երրորդ շրջանը: Պատմիչների եւ զանազան ցուցակագիրների տվյալներով՝ Հովհաննես Ա Մանդակունին հովվապետել է 6 կամ 12 տարի: Ըստ որում՝ երկու թվերն էլ անփոփոխ հանդիպում են մատենագրության մեջ՝ ցույց տալով, որ գործ չունենք պատահական սխալի հետ կամ էլ թվանշան արտահայտող տառերի շփոթի հետ: Ուստի Մաղաքիա Օրմանյանը գալիս է տրամաբանական այն միակ եզրակացությանը, որ երկու թվերն էլ ճիշտ են՝ կախված ինչ-ինչ հանգամանքներից: Կաթողիկոսն իրոք հովվապետել է 12 տարի, որից առաջին վեց տարիները պաշտոնապես ճանաչված չլինելով պարսից արքայի կողմից, այսինքն՝ մինչեւ 484 թվականի հայ-պարսկական բանակցությունները, եւ հաջորդ վեց տարիներին օրինականորեն ճանաչվելով եւ հաստատվելով կաթողիկոս պարսից Վաղարշ արքայից արքայի կողմից: Հետեւաբար նրա հովվապետությունը տեւել է մինչեւ 490 թվականը, որը համահունչ է սկզբնաղբյուրների հաղորդումներին:
Կաթողիկոսի գործունեության երրորդ շրջանը հիրավի հիացմունք շարժող բարենորոգչական ձեռնարկումների ժամանակաշրջան էր, որոնց արդյունքներն իրավունք են տալիս դասելու Հովհաննես Ա Մանդակունուն Հայոց նշանավոր կաթողիկոսների շարքը, քանի որ նա Հայոց պատմության մեջ թողել է Սահակ Պարթեւի հեղինակությանը մոտեցող անուն: Կաթողիկոսի կարեւոր ձեռնարկումներից մեկը եղավ հայրապետական աթոռի տեղափոխությունը Վաղարշապատից Դվին, որը պայմանավորված էր վերջինիս՝ երկրի քաղաքական կենտրոնի, այլ խոսքով՝ մայրաքաղաքի վերածվելով: Համենայն դեպս՝ դա կապված չէր այլ հանգամանքների հետ, որովհետեւ Վաղարշապատի մայր եկեղեցին Շտյայի կռիվներից եւ Պերոզի մահվանից անմիջապես հետո հիմնովին նորոգվել էր: Հավանաբար թե՛ Վահան Մամիկոնյանը եւ թե՛ Հովհաննես Մանդակունին հարմար գտան, որ Հայոց կաթողիկոսությունը նույնպես հաստատվի երկրի մայրաքաղաքում, որը կբարձրացներ, անշուշտ, Հայոց Եկեղեցու հեղինակությունը: Այդ նպատակով էլ կառուցվեց Դվինի կաթողիկեն՝ նախկին ավերված ատրուշանի տեղում: Ենթադրվում է, որ հայրապետական աթոռանիստի պաշտոնական տեղափոխությունը կատարվեց 485 թվին:
Հովհաննես Մանդակունու անունով մեզ են հասել ինը կանոններ, որոնք տեղ են գտել «Կանոնագիրք Հայոց»-ում: Կա նաեւ մի առանձին ու ընդարձակ տասներորդ կանոն, որը նույնպես վերագրվում է նրա գրչին: Կանոնների հանդես գալը ենթադրում է մի ինչ-որ եկեղեցական ժողովի գումարում, սակայն որի մասին պատմությունը մեզ հստակ հիշատակություն չի թողել: Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Շահապիվանում հրավիրված մի ժողով, որին մասնակցել է Հովհաննես Մանդակունին, սակայն, չգիտես ինչու, դնում է պարսից Հազկերտ թագավորի ժամանակներում, երբ հայ իշխանները եւ հոգեւոր գործիչները ձերբակալված էին պարսկական զորքերի կողմից: Հասկանալի է, որ հիշյալ ժողովը ոչ մի կերպ չի կարող նույնանալ Վասակ Սյունու մարզպանության շրջանում հրավիրված՝ Շահապիվանի ժողովին: Սակայն Հազկերտի անվան հիշատակությունն էլ ոչ մի կերպ հարիր չէ Մանդակունու ժամանակներին: Ուստի մնում է միանալ Օրմանյանի այն եզրակացությանը, ըստ որի՝ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Շահապիվանի ժողովը հավանաբար հրավիրվել է պարսից Վաղարշ թագավորի գահակալության տարիներին: Ժողովը նա դնում է 486 թվականին: Մանդակունու կանոնների համաձայն՝ շաբաթն ու կիրակին հռչակվում էին պահքից ազատ, գինին, ձեթն ու ձուկը դասվում էին թույլատրվելիք ուտելիքների շարքը, մարտիրոսների տոներն արգելվում էին չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին նշելը եւ այլն եւ այլն: Մաղաքիա Օրմանյանի կարծիքով՝ Հայոց Եկեղեցու այժմյան տոների ձեւը եւ հայոց տոնացույցին հատուկ յոթնեկական վիճակը հաստատվել են Մանդակունի կաթողիկոսի ժամանակներից էլ առաջ եւ վերջինիս նորամուծությունը չեն: Հովհաննես Մանդակունու տասներորդ կանոնն արգելում էր անուսների եւ անարժանների ձեռնադրությունը:
Հայոց կաթողիկոսը հատկապես աչքի ընկավ ծիսական արարողությունների կանոնակարգման ասպարեզում, ուստի պատահական չէ, որ Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ այժմյան ծիսական կարգերը կարող են դիտվել որպես հիշյալ կաթողիկոսի կարգադրությունների արդյունք: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ քարոզներ եւ աղոթքներ, մկրտության, դրոշմի կարգը, սարկավագի, քահանայի եւ եպիսկոպոսի ձեռնադրության, պատարագամատույցի, եկեղեցու հիմնարկեքի, եկեղեցու, ժամահարի, սկիհի եւ մազզմայի, գրքի, խաչի օրհնության, պսակի եւ ապաշխարողի ծիսական կանոնները: Ըստ էության՝ ամբողջ «Մաշտոցը» Մանդակունու գրչի արգասիքն է, որի մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում թաղման կարգը:
Պատմիչները հավաստում են Հովհաննես Մանդակունու մատենագիտական գործունեությունը: Նրան են վերագրվում 26 ճառեր, որոնց հեղինակի խնդիրը, սակայն, կասկածի տակ են առնում ուսումնասիրողները, որովհետեւ նույն ճառերը ինչ-ինչ գրիչներ օտար անուններով են մատուցում: Մաղաքիա Օրմանյանը հակված է կարծելու, որ եթե Հայոց կաթողիկոսը թարգմանաբար էլ կազմած լինի այդ ճառերը, այնուամենայնիվ իր հաստատուն տեղն ունի հայ մատենագիրների ծաղկաբույլում:
Ենթադրվում է, որ նա մահացավ 75-ն անց եւ 80-ին մերձակա տարիքում, քանի որ Սահակ Պարթեւի ժամանակ աշակերտածն ավելի պակաս տարիք ունենալ չէր կարող: Ուստի ելնելով նրա հովվապետության 12 տարիների հաշվարկից՝ նրա մահը պետք է դնել 490 թվականին: Նրա մարմինը հողին հանձնվեց Շիրակի, ըստ այլ հեղինակների՝ Վանանդի Բեռնոս գյուղում: Չամչյանի այս տեսակետը կասկածի տակ առնելով՝ Մաղաքիա Օրմանյանն ավելի հավանական է համարում, որ նա թաղված լինի Դվինում: Համենայն դեպս՝ ոչ մի փաստ չկա, որ նա թաղված է եղել իր տոհմական դամբարանում՝ Արշամունյաց գավառում:

« Վերադառնալ ցանկ