ՓԱՌԵՆ Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ

ՓԱՌԵՆ Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ

ՓԱՌԵՆ (ՓԱՌՆԵՐՍԵՀ) Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ 

(348-352)

Հուսիկ կաթողիկոսի եւ այդպես էլ կաթողիկոս չձեռնադրված ազգությամբ ասորի Դանիել քահանայի նահատակությունից հետո, հայոց Տիրան թագավորի հրամանով, կաթողիկոսական աթոռ է բարձրացել ոմն երեց Փառենը (ըստ Մովսես Խորենացու՝ Փառներսեհ)՝ Տարոն գավառի Աշտիշատի ս. Հովհաննեսի մեծ մարգարեանոցից, որը նախապես շինվել է որպես աղոթատուն եւ այդ ժամանակ վստահվել է նրան: Պատմահոր համաձայն՝ Տիրան թագավորի տասներորդ տարում նա ընծաներով ու արքունի հրովարտակներով, հայոց 14 մեծամեծ իշխանների ուղեկցությամբ, որոնց մեջ նշանավոր էին սպարապետ Վասակ Մամիկոնյանը, Մեհենդակ Ռշտունին, Անդովկ Սյունին եւ Արշավիր Կամսարականը, ուղարկվել է Կապադովկիայի կամ Գամիրքի Կեսարիա քաղաք եւ ձեռնադրվել կաթողիկոս՝ հովվապետելով ընդամենը չորս տարի: Փավստոս Բուզանդի հավաստմամբ՝ Փառենը, լինելով վերին աստիճանի բարեպաշտ հոգեւորական, չի համարձակվել մեծամեծներին խրատել կամ որեւէ մեկին մոլորության կամ էլ ամբարիշտ գործերի համար հանդիմանել: Հնարավոր է, որ արքունիքը ձեռական իշխանության իրավունքով նրան է հանձնել Արցախի Քուստի Փառնես գավառը: Եկեղեցու սպասավորները նրա վախճանվելուց հետո դիակը տարել են Տարոնի գավառ եւ հողին հանձնել Աշտիշատի ս. Հովհաննեսի մեծ մարգարեանոցի ագարակում՝ գեղեցիկ շիրմաքար կանգնեցնելով նրա գերեզմանին:

« Վերադառնալ ցանկ