Ս. ՀՈՎՍԵՓ Ա ՀՈՂՈՑՄԵՑԻ

Ս. ՀՈՎՍԵՓ Ա ՀՈՂՈՑՄԵՑԻ

(437-452)
Սահակ Պարթեւ կաթողիկոսը մահացավ 439 թվականի նավասարդ ամսի 30-ին, որը Էդ. Դյուլորիեի տոմարագիտական հաշվարկներով համապատասխանել է սեպտեմբերի 7-ին: Չնայած 432 թվից նրա կաթողիկոսական իրավունքն իբր վերականգնվել էր, իրականում կաթողիկոսական գործերը տնօրինում էր պարսից արքունիքի կողմից հակաթոռ կաթողիկոս կարգված՝ ազգությամբ ասորի Շմուել եպիսկոպոսը: Վերջինիս աթոռանիստը Վաղարշապատն էր, իսկ Սահակ Պարթեւն ստիպված էր հեռանալ իր կալվածներում գտնվող Բլուր կամ Բլրոցաց գյուղը (Բագրեւանդ գավառ): Ինչպես իրավացիորեն նշել է Մ. Օրմանյանը, հայերի աչքում Սահակ Պարթեւի պաշտոնազրկվելը եւ հետագայում, ըստ էության, ձեւական պաշտոնավարելը բնավ նշանակություն չունեցան, եւ նա ճանաչվել է երկրի օրինական կաթողիկոս՝ ընտրությունից մինչեւ մահվան օրը: Սակայն Սահակ Պարթեւի մահով Գրիգոր Լուսավորչի ազգատոհմն ուղիղ գծով մարեց, քանի որ նա արու զավակներ չուներ: Սահակ Պարթեւը դեռ մինչեւ 428 թ., այսինքն՝ պարսից արքունիքի կողմից պաշտոնազրկվելը, Մեսրոպ Մաշտոցին նշանակել էր Վաղարշապատի Մայր Աթոռի կաթողիկե եկեղեցու (Էջմիածնի տաճարի) վերակացու, ուստի կաթողիկոսի մահից հետո նախարարները կաթողիկոսության պատիվը հանձնեցին մեծ վարդապետ Մաշտոցին, որը լինելով Սահակ Պարթեւի արժանավոր հաջորդը՝ փաստորեն ընդամենը տեղապահ էր կամ փոխանորդ: Իր համեստ իրավասությունների շրջանակում ըստ ամենայնի վարելով եկեղեցու գործերը՝ նա ապրեց Սահակ Պարթեւի մահից հետո ընդամենը վեց ամիս եւ մահացավ 440 թվականի մեհեկան ամսի 13-ին կամ փետրվարի 17-ին Վաղարշապատում: Նրա հուղարկավարության հարցում կրքեր բորբոքվեցին, որովհետեւ նախարարների եւ հոգեւորականների մի մասն առաջարկում էր նրան հողին հանձնել Տարոնում, թերեւս Աշտիշատում, որտեղ թաղված էր Սահակ Պարթեւը: Մեկ այլ խումբ գտնում էր, որ նրան պետք է տանել Գողթն, որտեղ նա առաջին անգամ կրոնավորական գործունեություն էր սկսել: Երրորդ խումբը, որ ի վերջո հաղթող հանդիսացավ, նախընտրում էր Վաղարշապատը, որտեղ նա երկար պաշտոնավարել էր եւ մահացել: Սակայն, այնուամենայնիվ, նա չթաղվեց Վաղարշապատում, որովհետեւ հայոց հազարապետ Վահան Ամատունի իշխանին եւ նրա կողմնակիցներին հաջողվեց հայոց գրերի գյուտի հեղինակի մարմինը հողին հանձնել հազարապետին պատկանող Օշական գյուղում, իսկ երեք տարի անց նրա գերեզմանի վրա գմբեթավոր եկեղեցի կառուցվեց:
Կաթողիկոսական աթոռին իբրեւ տեղապահ հաստատվեց Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի ավագագույն աշակերտներից Հովսեփ Հողոցմեցին կամ Խողոցմեցին, որը ծնվել էր Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառի Հողոցիմ գյուղում: Վերջինս այդպես էլ պարսից արքունիքի կողմից կաթողիկոս չհաստատվեց՝ պաշտոնապես համարվելով տեղապահ մինչեւ իր նահատակությունը, որ տեղի ունեցավ Վարդանանց պատերազմի պարտությունից շատ չանցած: Հավանաբար արդեն Մեսրոպ Մաշտոցի կարճատեւ հովվապետության շրջանում նա վերջինիս կարգադրությամբ տեղապահ էր նշանակվել, ուստի նրա տեղապահության եւ Մաշտոցի մահից հետո փաստական կաթողիկոսության շրջանը պետք է դնել 439-451 թթ.:
428 թվականից սկսած՝ պարսից արքունիքը Հայոց մարզպանությունում կաթողիկոսներ էր հաստատում ասորի եպիսկոպոսներից: Առաջինը կաթողիկոս հռչակվեց Սուրմակը, որը 429 թվին հայոց նախարարների կողմից հալածվեց՝ հովվապետելով ընդամենը մի տարուց մի փոքր ավելի: Պարսից արքայից արքա Վռամը, ի պատասխան հայ նախարարների խնդրանքի, կաթողիկոսական աթոռին հաստատեց Բրքիշո կամ Աբդիշո անունով մի ասորու: 432 թվին սա եւս հեռացվեց կաթողիկոսությունից՝ երեք տարի աթոռակալելուց հետո: Կաթողիկոսական աթոռին հաստատվեց ասորի Շամուելը կամ Շմուելը, որը հետեւելով իր նախորդի անբարոյական վարքին՝ հինգ տարի զուգահեռ հովվապետեց Սահակ Պարթեւին եւ մահացավ Հայաստանում: Պարսից արքունիքի օժանդակությամբ՝ կաթողիկոսական աթոռին կրկին տիրացավ Սուրմակ եպիսկոպոսը, որին Ասողիկի պատմությունը համարում է հայրապետների շարքն անցած՝ ի տարբերություն իր նախորդներ Բրքիշո-Աբդիշոյի եւ Շմուելի: Այս անգամ նա աթոռակալեց վեց տարի եւ մահացավ, հավանաբար, մոտավորապես 443 թվականին: Իրականում Սուրմակը մտել է Կղեմես Գալանոսի կազմած կաթողիկոսների ցանկ, իսկ հայկական գավազանագրքերում նրա անունը տեղ չի գտել:
441 թվականին Հայոց մարզպան նշանակվեց մինչ այդ վրաց մարզպան կարգված Վասակ Սյունի իշխանը, որը, ինչպես ճիշտ նկատում է Մ. Օրմանյանը, երկար ժամանակ պարսից արքունիքում մնացած լինելով՝ քաջ ծանոթ էր ոչ միայն պարսկերենին, այլեւ պարսից օրենքներին ու սովորություններին եւ կազմակերպչական աշխատանքի մեծ շնորհք ուներ: Նրա մարզպանության շրջանում մահացավ Սուրմակը, եւ պարսից տերության կողմից ճանաչված կաթողիկոսական աթոռը թափուր մնաց: Վասակ Սյունին, խորապես գիտակցելով միասնական կաթողիկոսության կարեւորությունը, ազգային մյուս գործիչների հետ մեկտեղ ձեռնամուխ եղավ այդ գործին՝ պաշտպանելով Հովսեփ Հողոցմեցու թեկնածությունը, որն արդեն իրապես մի քանի տարի հովվապետում էր: Սուրմակի մահից հետո հայոց եպիսկոպոսները հավաքվելով Հովսեփին կաթողիկոս հռչակեցին: Ենթադրվում է, որ դա կատարվեց 445 թվին:
Հովսեփ կաթողիկոսի եւ մարզպան Վասակ Սյունու կարեւոր ձեռնարկումներից մեկը եղավ Շահապիվանի ժողովի հրավիրումը, որի ընդունած որոշումները պահպանել է «Կանոնագիրք հայոց»-ը: Ժողովը տեղի ունեցավ Շահապիվան ավանում, որ հնուց ի վեր հայոց թագավորների բանակատեղին էր (բանակետղ թագաւորացն Հայոց): Ըստ «Կանոնագիրք հայոց»-ի հաղորդման՝ ժողովը գումարվել է Սահակ Պարթեւի վախճանվելու յոթերորդ տարում, որը համապատասխանում է քրիստոնեական տոմարի 445 թվականին եւ պարսից Հազկերտ թագավորի Զ, այսինքն՝ 6-րդ տարում, որը նույնպես նույնանում է 445 թվին: Ձեռագրերում հանդիպող «ի ԺԶ ամի թագաւորութեան Յազկերտի» եւ «ի ԻԶ ամի թագաւորութեան Յազկերտի» տվյալները սոսկ գրչական սխալներ են, որովհետեւ Սահակ Պարթեւի մահը եւ Հազկերտի թագավորությունը եղել են նույն տարվա իրադարձություններ: «Կանոնագրքի» համաձայն՝ ժողովը հրավիրվել էր «Վասակաց Սիւնւոյ մարզպանութեանն Հայոց եւ Վահանաց Ամատունւոյ հազարապետութեանն եւ Վրուայ Խոռխոռունւոյ մաղխազութեանն» ժամանակ, սակայն չի հիշատակվում Հովսեփ Հողոցմեցին: Եթե, ինչպես ճիշտ նկատել է Մ. Օրմանյանը, դա պարզ մոռացության հետեւանք չէ, որը գրեթե հավանականություն չունի, ապա առավել ճշմարտամոտն այն է, որ Հովսեփ Հողոցմեցին պաշտոնապես կաթողիկոս հաստատվեց հենց Շահապիվանի ժողովում, ուստի եւ տեղ չի գտել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորների հիշյալ ցուցակում: Սակայն, որ նա էր ժողովի հիմնական կազմակերպիչը, պարզ երեւում է Ասողիկի տեղեկությունից, թե Հովսեփը Հողոցիմ գյուղից Շահապիվանում ժողով գումարեց:
Շահապիվանի ժողովը հրավիրվեց «ի ժամանակս Նորաբեր տաւնին», որը Նավասարդի մեծ տոնն է եւ համապատասխանել է 445 թ. օգոստոսի 7-ին: Ժողովին մասնակցել են քառասուն եպիսկոպոս եւ բազմաթիվ երեց ու սարկավագ, մեծ թվով եկեղեցու պաշտոնյաներ, գավառապետ եւ գավառակալ իշխաններ, պետեր, բռնավորներ, զորագլուխներ, հազարավորներ, կուսակալներ, ազատներ եւ Հայոց աշխարհի ավագ նախարարները: Որոշ տվյալների համաձայն՝ ժողովին մասնակցել են Ղազար, Տաճատ, Արտակ, Գագ եւ Եփրեմ եպիսկոպոսները, Հովսեփ, Հովնան, Մեղիտոս, Երեմիա, Ասպուրակես, Դանիել, Ղեւոնդ եւ Եղիշե (դրան երեց) երեցները, Վասակ Սյունուց, Վահան Ամատունուց եւ Վրիվ Խորխոռունուց բացի, Վարդան Մամիկոնյան, Արշավիր Կամսարական, Մանաճիհր Ռշտունի եւ Ձիկ Դիմաքսյան իշխանները: Կան նաեւ տվյալներ, ըստ որի՝ Վարդան Մամիկոնյանն իր եղբայրների եւ հարազատների հետ գտնվել է «ի գառագզի արգելեալք» եւ ժողովին չի մասնակցել:
Շահապիվանի ժողովն ընդունեց քսան կանոն. «Եպիսկոպոս, որ ի պղծութեան գտանի», «Քահանայ, որ ի պղծութեան գտանի», «Շնացողաց», «Կնաթողաց», «Որ զամուլ կին ոք թողուցու», «Կնոջ, որ յառնէ ելանիցէ», «Արեւանկաց», «Կախարդաց», «Որ ի հարցուկս երթայ», «Որ դիւթեն եւ ոչ կախարդեն», «Որ անյուսութեամբ լան զմեռեալսն», «Որ ընդ մաւրուի անկանի», «Որ զազգական առնէ կին», «Որ տանտիկին ունի», «Որ կրաւնաւոր լինի», «Որ արծաթով լինի եպիսկոպոս», «Վասն նշխարաց վկայից», «Վարդապետ, որ զաշակերտ բանադրէ», «Քահանայ, որ ի մծղնէութեան գտաւ» եւ «Եպիսկոպոս, որ գիտէ»: Շահապիվանի ժողովի կանոնները նախատեսում էին խիստ պատիժներ, ընդհուպ՝ ջլերի կտրում, ճակատներին աղվեսադրոշմի խարանում եւ այլն: Ազատների դասը թեեւ մարմնական որոշ պատիժներից ազատվել էր, սակայն նմանատիպ մեղքերի համար պետք է դրամական մեծ տուգանքներ վճարեր, որոնք երբեմն հասնում էին 1200 դրամի: Հատկապես ծանր պատիժներ էին նախատեսված մծղնեացիների համար: Այս աղանդը բավական տարածվել էր եւ իր համակիրներն ուներ անգամ եկեղեցական պաշտոնեության շրջանում: Ժողովը խիստ պատիժներ էր նախատեսում նաեւ այն եպիսկոպոսների, քահանաների ու սարկավագների համար, որոնք տուրք էին տվել պղծությանն ու պոռնկությանը, անօրինական ճանապարհներով պաշտոնների էին տիրացել կամ կաշառքով ձեռնադրվել, տանտիկիններ էին պահել կամ մերձավորների էին ամուսնացրել: Կանոնների մի մասը կարգավորում էր ամուսնա-ընտանեկան իրավունքի նորմերը, իսկ մյուսն ուղղված էր հեթանոսական հոռի սովորությունների դեմ: Շահապիվանի ժողովի կանոնները հայ իրավագիտական մտքի փայլուն հուշարձան են, որոնց հիմնադրույթները մշտապես հաշվի են առնվել Հայոց Եկեղեցու՝ դրան հաջորդած ժողովների որոշումների վրա:
Պատմագիտության մեջ վեճերի առարկա է դարձել Հովսեփ Հողոցմեցու եպիսկոպոս ձեռնադրվելու խնդիրը, որովհետեւ նա, ըստ Փարպեցու, թեպետեւ երեց էր ձեռնադրվել, սակայն կաթողիկոսական աթոռին էր տիրացել, իսկ Ժ դարի հեղինակ Մեսրոպ Հողոցմեցին կամ Վայոցձորեցին գրում է, թե նա եպիսկոպոս չի եղել եւ որպես երեց էլ վախճանվել է: Սակայն ժամանակակից եւ ականատես պատմիչ Եղիշեի հաղորդմամբ՝ նա եղել է Այրարատի եպիսկոպոսը: Որ նա եղել է եպիսկոպոս, իր հաստատումն է գտնում նաեւ Թովմա Արծրունու հաղորդած տեղեկություններում:
Հովսեփ Հողոցմեցին պայքար է մղում Նեստորի եւ Թեոդորի մոլության դեմ, որի վտանգից զգուշացնում էր Ակակ Մեղիտենացու ուղարկած երկրորդ թուղթը կամ նամակը: Այն ուղղված էր Հայոց պատվական եւ առաքինի նախարարներին, Քրիստոսի սիրելիներին ու ծառաներին: Իրողություն, որ ցույց է տալիս, թե նամակը գրվել է Ակակի բարեկամ Սահակ Պարթեւի մահվանից հետո, երբ դեռ պաշտոնապես տեղապահ չկար, եւ ազգի հոգեւոր գործերը գտնվում էին նախարարների հսկողության ներքո: Շնորհիվ Հայոց Եկեղեցու եռանդուն ջանքերի՝ նեստորականությունը Հայաստանում գործնականում արմատներ չձգեց:
Հովսեփ Հողոցմեցու՝ որպես հոգեւոր առաջնորդի եւ քաղաքական գործչի գործունեությունը հատկապես նշանավոր դարձավ Վարդանանց պատերազմին նախորդող տարիներին եւ ապստամբության շրջանում: Պարսից Հազկերտ Բ թագավորի գահակալության երկրորդ տարվանից պատերազմ սկսվեց Քուշանաց պետության դեմ, որը շուրջ երկու տարի տեւեց: Պատերազմին մասնակցեցին Հայոց, Վրաց, Աղվանից մարզպանությունների բանակները: Մեծ կարեւորություն տալով Պարսից տերության հյուսիս-արեւմտյան սահմանների պաշտպանությանը՝ Հազկերտ Բ-ն մշտական կայազոր հաստատեց Ճորա պահակ ամրոցում, որտեղ նոր կառուցված բանակատեղի քաղաքն ստացավ Դարբանդ անունը: Արքունի կայազորը ոչ միայն պաշտպանում էր պետության սահմանները, այլեւ անհրաժեշտության դեպքում ասպատակում էր անհանգիստ լեռնցիների երկրամասերը: Ճորա պահակի կայազորի հիմնական մասը կազմում էր Հայագունդ այրուձին, որն առաջնորդում էին հայ նախարարները: Հայկական զորամասերը,Պարսից թագավորի գահակալության չորրորդից մինչեւ տասնմեկերորդ տարին տարեցտարի փոփոխվելով, կայազորային ծառայություն էին կատարում Ճորա պահակում: Շնորհիվ Հովսեփ կաթողիկոսի ջանքերի՝ հայ զինվորները մեկնում էին Պարսից տերության սահմանը՝ իրենց հետ վերցնելով սուրբ Կտակարանները, իսկ գնդերում կային հոգեւոր բազում պաշտոնյաներ եւ քահանաներ:
Իր թագավորության տասներկուերորդ տարում՝ 449 թվականի գարնանը, պարսկական բանակները փայլուն հաղթանակ տարան քուշանների դեմ, որից հետո Հազկերտ Բ-ի քաղաքականությունը՝ ենթակա ազգերի նկատմամբ, արմատական փոփոխություն կրեց: Կամենալով իրեն հպատակ քրիստոնյա ժողովուրդներին մեկընդմիշտ կտրել թուլացած Բյուզանդական կայսրությունից՝ պարսից արքունիքը, ի դեմս արքայից արքայի, որոշեց զրադաշտականությունը տարածել նրանց շրջանում՝ կրոնական առումով անջրպետ ստեղծելով կայսրության հնարավոր քաղաքական եւ ռազմական միջամտությունների դեմ: Իր քաղաքականությունն իրագործելու ճանապարհին Հազկերտ Բ-ն ամենամեծ արգելքը համարում էր Հայաստանն ու հայերին, ուստի՝ աշխարհագիր անցկացնելու պատրվակով, դեռեւս 447 թվին, Հայաստան ուղարկվեց Դենշապուհը, որին հանձնարարված էր հող նախապատրաստել կրոնափոխության համար՝ հարկային քաղաքականության միջոցով եւ այլ միջոցառումներով: Պատահական չէ, որ արքունի հրովարտակում ասված էր, որ եթե հայերը պարսից պես զրադաշտականությանը հետեւեն, ապա վրացիները եւ աղվանները չեն հանդգնի մեր եւ ձեր կամքին ընդդիմանալ: Դենշապուհն իր հերթին արտաքնապես խաղաղասիրություն էր ցուցաբերում, խոստանում թեթեւացնել հարկերն ու այրուձիի հետ կապված դժվարությունները, եթե հայերը հետեւեն արքայից արքայի պահանջին: Եկեղեցին, որ միշտ ապահարկ էր եղել, հարկի տակ դրվեց, եւ եկեղեցական ազատություններն ու արտոնությունները վերացվեցին: Հարկեր դրվեցին ոչ միայն եկեղեցականների, այլեւ վանականների ու միայնակյացների վրա: Խիստ բարձրացվեցին հարկերը, եւ ընդհակառակը՝ արտոնություններ տրվեցին զրադաշտականներին եւ զրադաշտականությունն ընդունած քրիստոնյաներին: Գաղտնի բանսարկություններով միմյանց դեմ սկսեցին գրգռել ոչ միայն նախարարներին, այլեւ երկպառակտության սերմերը ցանեցին նախարարական ընտանիքների ներսում: Պաշտոններից հեռացվեցին հազարապետ Վահան Ամատունին, գլխավոր դատավոր կաթողիկոսը, որոնց տեղը, համապատասխանաբար, մի պարսիկ պաշտոնյա եւ մոգպետը նշանակվեցին: Արգելվեց զինվորական ծառայության սահմանված ժամկետը լրացրած զորամասերի վերադարձը Ճորա պահակից հայրենիք: Նրանց ճանապարհը փակում էին պարսկական զորաբանակները: Հալածանքներ սկսվեցին քրիստոնյաներից կազմված կայազորային զորամասերում: Հավատը չուրանալու պատճառով շատ զինվորներ եւ ավագներ ենթարկվեցին տանջանքների, հալածանքների եւ բանտարկվեցին: Հավատի համար զոհված առաջին նահատակներից մեկը երիտասարդ նախարար Գարեգինն էր, որը ծանր տանջանքներից հետո կնքեց իր մահկանացուն: Հալածանքներով չհասնելով հաջողության՝ Հազկերտ Բ-ն որոշեց քրիստոնյա եւ այդ թվում՝ հայկական զորամասերը ցրել հեռավոր երկրներ եւ հաստատել անապատային երկրների ամրոցների կայազորներում: Կրոնափոխությունը խթանելու համար նրանց ուղարկում էին դժնյա ձմեռոց վայրերը եւ քաղցի պարտավորեցնելու աստիճան կրճատում էին նրանց զինվորական թոշակները: Մ. Օրմանյանի կարծիքով՝ հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ Ատոմյանց նահատակությունը: Ատոմ Գնունին եւ Մանաճիհր Ռշտունին, հրաման ստանալով գնալ Պարսկաստանի խորքերը, որոշում են վերադառնալ հայրենիք եւ հավատարիմ մնալ քրիստոնեությանը: Չկարողանալով կեղծավոր խոստումներով նրանց ետ բերել՝ պարսկական զորքերն Ատոմյաններին կոտորեցին Անձեւակաց գավառի Ձիակալի վանքում, Մանաճիհրյաններին՝ Ռշտունյաց գավառի Ոչխարանից վանքի մոտ, որոնց տեղադրությունը հայտնի չէ:
Ստեղծված ծանր պայմաններում կաթողիկոսը, եպիսկոպոսները, մարզպանն ու հայրենասեր նախարարները հրավիրեցին Արտաշատի նշանավոր ժողովը, որը եւ Հազկերտ Բ-ի կրոնափոխության առաջարկը մերժեց: Բարձրաստիճան հոգեւորականներից ժողովին մասնակցեցին կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին, որը նաեւ Այրարատի եպիսկոպոսն էր, Անանիա Սյունյաց, Մուշե Արծրունյաց, Սահակ Տարոնի, Սահակ Ռշտունյաց, Մելիտե Մանծկերտի, Եզնիկ Բագրեւանդի, Սուրմակ Բզնունյաց, Թաթիկ Բասենի, Երեմիա Մարդաստանի, Գագ Վանանդի, Բասիլ Մոկաց, Եղբայր Անձեւացյաց, Տաճատ Տայոց, Քասուն Տուրուբերանի, Զավեն Մանանաղիի, Եղիշե Ամատունյաց, Երեմիա Ապահունյաց եպիսկոպոսները, բազմաթիվ քորեպիսկոպոսներ եւ երեցներ, որոնցից հիշատակվում են սուրբ Ղեւոնդը, Խորենը Մրենից, Դավիթը եւ Աղան Արծրունին: Հայոց մեծամեծներից ժողովին մասնակցեց 18 նախարար, որոնց մեջ էին Վասակ Սյունին, Ներշապուհ Արծրունին, Վրիվ Խորխոռունին, Վարդան Մամիկոնյանը եւ ուրիշներ:
Ժողովը քննության առավ երկու փաստաթուղթ՝ Հազկերտ Բ-ի թագավորական հրովարտակը՝ կրոնափոխության առաջարկով, եւ պարսից հազարապետ Միհրներսեհի կրոնափոխության հորդորական նամակը: Կտրուկ մերժելով պարսից թագավորի հավատուրացության առաջարկը՝ հայերն ընդունում էին իրենց հպատակությունը որպես պարտք եւ ոչ թե՝ մարդկային երկյուղի նշան: Սակայն միաժամանակ նշվում էր, որ իրենց հոգիների գյուտի կամ կորստյան համար նրանք ոչ թագավորի հոգածության կարիքն ունեն եւ ոչ էլ մտադիր են այդ հոգսը նրան թողնել: Ինչ վերաբերում էր զուտ կրոնական եւ վարդապետական խնդիրներին, ապա պատասխան նամակում նշվում էր, որ զրադաշտականությունը սուտ եւ ծաղրի արժանի է՝ ի տարբերություն իրենց քրիստոնեության, որն աստվածասեր եւ ճշմարիտ է: Հանգամանալից պատասխան է ուղարկվում նաեւ Միհրներսեհի հորդորական նամակին, որն ավարտվում էր ներքոհիշյալ խոսքերով. «Աւասիկ կամք զբոլոր մարմին տուեալ ի ձեռս քո, վաղվաղակի արա զինչ եւ կամիս, ի քէն տանջանք, եւ ի մենջ յանձնառութիւնք, սուր քո, եւ պարանոցք մեր» (Եղիշե):
Ինչպես եւ պետք էր սպասել, հայերի պատասխանից կատաղած Հազկերտ Բ արքայից արքան պահանջեց, որ հայ նախարարները ներկայանան Տիզբոն եւ բացատրություն տան: Տիզբոն կանչվեցին նաեւ վրաց եւ աղվանից նախարարները, որոնք նույնպես մերժողական պատասխաններ էին տվել թագավորի հավատուրացության հրովարտակին: Գիտակցելով, որ չգնալը պարզապես կդիտվի ապստամբություն, երեք երկրների նախարարներն ուղեւորվեցին Տիզբոն, ուր 450 թվականի ապրիլի 15-ին ներկայացան պարսից արքայից արքային, այն է «ի մեծի շաբաթու զատկին»: Չնայած իրենց անհողդողդ կեցվածքին՝ Վասակ Սյունին, Վարդան Մամիկոնյանը եւ մյուս նախարարները քաջ գիտակցում էին, որ հետագա համառ դիրքորոշումը լոկ կհանգեցնի իրենց մահապատժին՝ թողնելով իրենց հայրենիքները ղեկավարությունից զուրկ եւ անպաշտպան: Ուստի՝ առերես նրանք ընդունում են զրադաշտականությունը եւ հնարավորություն ստանում վերադառնալու հայրենիք: Երկիր վերադարձող նախարարներին հարուստ նվերներ տրվեցին, կազմակերպեցին խրախճանքներ: Սակայն պարսից արքունիքն էլ միամիտ չէր, ուստի՝ Վասակ Սյունու երկու որդիները եւ Աշուշա վրաց բդեշխը պատանդ պահվեցին, որպեսզի նախարարների միտքը երկիր վերադառնալուց հետո չփոխվի: Հայ նախարարների հետ Հայաստան ուղարկվեց 700 մոգ, իսկ աղվանից նախարարների հետ՝ 300, որպեսզի կրոնափոխության գործն իրականացնեն:
Հարկ է նշել, որ սկզբում երկրում տիրում էր պարզապես խուճապային կացություն: Կարծես թե չկար մեկը, որ երկրի ուժերն ի մի բերեր եւ դիմադրություն կազմակերպեր: Այս հուսահատ վիճակը տեսնելով՝ անգամ սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր եղբայրների եւ ընտանիքների հետ որոշեց անցնել Բյուզանդական կայսրություն: Ապստամբության առաջնորդ դարձավ Վասակ Սյունին, որը կես ճանապարհից ետ բերել տվեց Վարդան Մամիկոնյանին եւ նրա հարազատներին՝ խրախույս կարդալով, որ իրենք կարող են կայսրության եւ հոների օգնությամբ դիմակայել պարսիկներին: Ապստամբության քարոզի մեջ ներառվեց նաեւ Եկեղեցին: Կաթողիկոսը եւ եպիսկոպոսները, ուրացության լուրն առնելով, գավառները քորեպիսկոպոսներ ուղարկեցին եւ ազատների ու հասարակ ժողովրդի շրջանում պարսկական իշխանություններին չհնազանդվելու լայն քարոզչություն սկսեցին: Կաթողիկոսի հանձնարարությունը հատկապես եռանդուն էր կատարում Ղեւոնդ Վանանդեցին, որը Սահակ Պարթեւի ժամանակներից տեղապահ էր հաստատված Բագրեւանդում: Ժողովուրդը նախարարների վերադարձից հետո՝ 25 օր շարունակ, նրանցից գործողությունների էր սպասում եւ համբերությունը կորցնելով՝ հավանաբար հուլիսի 2-ին, Ղեւոնդ Երեցի գլխավորությամբ, Անգղում հարձակվեց եկեղեցին կրակարանի վերածող պարսից մոգերի վրա, դաժան ծեծի ենթարկեց նրանց եւ կրակարանն ավերեց: Հայ հոգեւորականության շնորհիվ՝ ապստամբությունը տարածվեց երկրով մեկ, եւ մինչ այդ զգուշավոր դիրք բռնած նախարարներն անցան նրա գլուխ: Վասակ Սյունին, որ ապստամբության սկզբում վերջինիս փաստական ղեկավարն էր, մերժողական պատասխան ստանալով Բյուզանդիայի կայսրից եւ պատասխան չստանալով հոներից, հասկացավ, որ ապստամբության հաջողությունը դրված է հարցականի տակ, ուստի՝ փորձ արեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ, որը եւս ահաբեկված ժողովրդական լայն շարժումից՝ դեմ չէր ապստամբների հետ պատվավոր փոխզիջման գնալուն: Ի տարբերություն Վասակ Սյունու, որը կաշկանդված էր թե՛ իր մարզպանական պաշտոնից բխող պարտավորություններով եւ թե՛ զավակների պատանդությամբ, Վարդան Մամիկոնյանն ապստամբության հարցում արմատական կողմնորոշում որդեգրեց: Նրան եւ Վարդանանց օգնում էր Հայոց Եկեղեցին՝ ի դեմս կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու եւ հայ հոգեւորականության: Հայոց սպարապետը ձգտում էր հաջող ապստամբությամբ վերականգնել Հայոց թագավորությունը: Անհանգստացած սպարապետի օրավուր աճող հեղինակությունից՝ Վասակ Սյունին որոշեց ազատվել իր մրցակցից՝ պարսկական ուժերի միջոցով: Երբ պարսից զորքերի հարձակմանը ենթարկված աղվաններն օգնություն խնդրեցին հայերից, մարզպանը, սպարապետի գլխավորությամբ, հիմնականում ուխտապահ նախարարների վատ վարժեցված զորքերն ուղարկեց Աղվանք՝ միաժամանակ այդ մասին տեղյակ պահելով Ճորա մարզպան Սեբուխտ Նիխորականին: Սակայն Վարդան Մամիկոնյանը, անակնկալի բերելով պարսից մարզպանին, Լոփնաս գետի հովտում՝ Խաղխաղ քաղաքի մոտ, հարձակվեց նրա զորքերի վրա եւ խայտառակ ջարդ տվեց: Ավելին. անցնելով Կուրը՝ Վարդան Մամիկոնյանն իր զորաբանակով ամենուրեք քշեց պարսկական զորքերին, գրավեց Ճորա պահակը՝ վերջինիս պաշտպանությունն ու ղեկավարությունը հանձնելով աղվանից Վահան իշխանին, եւ բանակցություններ սկսեց հոների հետ, որոնք խոստացան օգնել հայերին:
Մինչ սպարապետը փայլուն հաղթանակներ էր տանում Հայոց արեւելից կողմերում եւ Աղվանքում, Վասակ Սյունին, օգտվելով իրեն ընձեռված դադարից, իշխանությունը վերցրեց իր ձեռքը եւ ժողովրդին կոչ արեց խաղաղվել, քանի որ արքայից արքան քրիստոնեությունը դավանելու ազատություն է շնորհում: Նրա կողմն անցան նաեւ նշանակալից թվով հայ հոգեւորականներ, որոնցից երեքի՝ Զանգակ Սյունու, Սահակ Ձայնողի եւ Պետրոս Երկաթի անունները պատմությունը պահպանել է: Նրան միացան նաեւ նշանակալից թվով նախարարներ: Գույժն առնելով՝ Վարդան Մամիկոնյանը կտրուկ վերադարձավ Հայաստան 450 թվի ուշ աշնանը եւ ստիպեց, որ Վասակ Սյունին ապավինի Սյունյաց աշխարհի ամրություններին: Սակայն Վարդան Մամիկոնյանը պատերազմի անհրաժեշտ պատրաստությունների բացակայության պատճառով ստիպված եղավ բանակը ժամանակավորապես ցրել: Հավանաբար նույն թվականին կամ 451 թվականի սկզբներին ապստամբ նախարարները նրան թագավոր հռչակեցին, որի մասին տեղեկություն է պահպանել Թովմա Արծրունու պատմությունը:
Գիտակցելով ապստամբների ծանր կացությունը՝ Վարդան Մամիկոնյանը փորձեց գերի վերցրած եւ քիչ թե շատ վստահելի մի նշանավոր պարսիկի միջոցով հարաբերություններ հաստատել պարսից արքունիքի հետ, սակայն առանձին հաջողության չհասավ: Հազկերտ Բ արքան 451 թ. գարնանը մի մեծ բանակ ուղարկեց Հայաստան՝ Մուշկան Նյուսալավուրտ զորավարի հրամանատարությամբ: Արդեն որպես հայոց թագավոր՝ Վարդան Մամիկոնյանն էլ 66 հազարանոց բանակով շարժվեց դեպի Ավարայրի դաշտ, որտեղ էլ Տղմուտ գետի ափին մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի նշանավոր ճակատամարտը: Չնայած Ղազար Փարպեցու այն խոսքերին, թե ապստամբները լոկ մարտիրոսության էին ձգտում, իրականում Վարդան Մամիկոնյանը նպատակ ուներ հաղթելու, որովհետեւ նահատակվելու կամ մարտիրոսանալու համար ոչ մի կարիք չունեին 66 հազարանոց բանակ հավաքելու: Առավել եւս՝ եթե ի նկատի ունենանք, որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք մարտադաշտ էին եկել ոչ թե կամովի, այլ հարկադրաբար (Ղազար Փարպեցի):
Նախքան ճակատամարտը զորքի առաջ քաջալերական ելույթներ ունեցան կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին, Ղեւոնդ երեց Վանանդեցին եւ Վարդան Մամիկոնյանը: Չնայած համառ եւ տոկուն պայքարին եւ պարսից զորքերի տված մեծաքանակ զոհերին՝ 3544 սպանված, հայկական զորքերին եռապատիկ գերազանցող պարսկական բանակը հաղթանակ տարավ, իսկ Վարդան Մամիկոնյանը եւ շատ նախարարներ ու ազատներ զոհվեցին ռազմի դաշտում: Հայերը ճակատամարտում տվեցին 296 զոհ՝ 9 զորավար եւ 287 զինվոր (Եղիշե): Ղազար Փարպեցին զոհերի թիվը հաշվում է 285 մարդ՝ 9 զորավար եւ 276 զինվոր: Հետագա մարտական գործողությունների հետեւանքով, ըստ Եղիշեի, հայերից զոհվեց եւս 740, իսկ համաձայն Ղազար Փարպեցու՝ 750 մարդ, որով հայերի կորուստը ողջ կռիվների ընթացքում կազմում է 1036 կամ 1035 զինվորական:
Ապստամբական զորամասերը նահանջելով ցրվեցին երկրի տարբեր կողմերը: Արտազի ամրոցներից մեկում ամրացավ հազարի չափ զինվոր՝ Բակ զորավարի հրամանատարությամբ, որոնց միացել էին կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին եւ Ղեւոնդ Երեցը: Ամրոցը շուտով պաշարվեց պարսկական զորքերի կողմից: Բակ զորավարը 700 զինվորներով կարողացավ ճեղքել թշնամու շղթան եւ հեռանալ, իսկ կաթողիկոսն ու Ղեւոնդ Երեցը՝ իրենց փոքրաթիվ զորամասի հետ, սննդամթերքի սպառվելուց հետո ստիպված եղան հանձնվել թշնամուն: Զինվորականները սրի քաշվեցին, իսկ հոգեւոր անձինք գերի վերցվեցին: Ձերբակալվեցին նաեւ Արշեն երեցը՝ Կապույտ լեռան բերդի մոտ, արտաշատցի Սամվել քահանան, Աբրահամ սարկավագը, Բասենի Թաթիկ եպիսկոպոսը եւ շատ ուրիշներ: Հայոց մարզպան նշանակվեց Ատրորմիզդ Արշականը, իսկ Վասակ Սյունին կանչվեց Տիզբոն:
Ատրորմիզդ մարզպանին հանձնարարվել էր երկիրը սիրով ենթարկել եւ քրիստոնեական դավանանքի ազատություն տալ բոլորին: Եվ իրոք՝ եկեղեցիների բացումը եւ ազատ դավանելու իրավունքն ապահովվեցին, սակայն երբ ապստամբության մասնակից հոգեւորականները եւ նախարարները, հավատալով մարզպանի հայտարարություններին, ներկայացան նրան, ուխտադրուժ կերպով ձերբակալվեցին եւ ուղարկվեցին Պարսկաստան:
452 թվի սկզբներին պարսից արքունիքը դատ սկսեց ապստամբ իշխանների եւ հոգեւորականների դեմ: Հոգեւորականները դաժան ծեծի ենթարկվեցին եւ շղթայակապ ուղարկվեցին բանտ՝ մինչեւ արքունի դատավճիռը: Վասակ Սյունին, որին պարսից արքունիքը մի կերպ հանդուրժում էր ապստամբության ընթացքում, ճանաչվեց մեղավոր, նետվեց մահապարտների բանտը, ենթարկվեց տանջանքների եւ բանտում էլ մահացավ: 9 եկեղեցական եւ 37 նախարար աքսորվեցին Վրկանից աշխարհ, որտեղ գտնվում էին կապանքների մեջ: Բանտարկությունը տեւեց ավելի քան 2 տարի՝ մինչեւ 454 թվականի ամառ: Աքսորվածների մեջ էր կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին: Կաթողիկոսական աթոռը թափուր մնաց, եւ 452 թվին կաթողիկոս ձեռնադրվեց Մելիտե Ա Մանազկերտցին:
454 թ. սկզբին կրկին պատերազմ սկսվեց Քուշանաց եւ Պարսից պետությունների միջեւ: Հազկերտի հրամանով՝ աքսորյալ բանտարկվածները տարվեցին Ապար աշխարհ եւ կրկին բանտարկվեցին Նյուշապուհի բերդում: Պարսից թագավորի հրամանով նահատակվեցին Սամվել քահանան, Աբրահամ սարկավագը, որոնք Այրարատի Արած գյուղից էին, Թաթիկ եպիսկոպոսը, Սահակ եպիսկոպոսը, Մուշեն, Արշենը, Քաջաջը, Ղեւոնդ Երեցը: Հիշյալ հոգեւորականների հետ գլխատվեց նաեւ Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսը՝ 454 թվի հրոտից ամսի 25-ին կամ հուլիսի 25-ին: Կյանքից հեռացավ Հայոց Եկեղեցու նշանավոր նվիրյալներից մեկը, որը թեպետեւ մեզ աշխատություններ չի թողել, սակայն անմահացրել է իր անունը Վարդանանց պատերազմին իր մասնակցությամբ եւ անմնացորդ հայրենասիրությամբ:

« Վերադառնալ ցանկ