Ս. ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑԻ

Ս. ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑԻ

(461-478)

Մովսես Ա Մանազկերտցու մահից հետո կաթողիկոսական աթոռ բարձրացավ Գյուտ Ա Արահեզացին, որի հայրապետության շրջանը համընկավ պարսից արքայից արքա Պերոզի գահակալությանը: Վերջինս իր իշխանությունն ամրապնդելու համար ամենուրեք համակիրներ ու դաշնակիցներ էր փնտրում, ուստի նրա սկզբնական մեղմ եւ հանդուրժողական քաղաքականությունն էապես նպաստեց, որ հայ հայրենասիրական ուժերը նշանակալից չափով ուժեղացնեն իրենց գործունեությունը: Վարդանանց պատերազմի մասնակից գերեվարված նախարարները վերցվեցին զինվորական ծառայության, իսկ Հայաստանում պարսից մարզպան Ատրորմիզդ Արշականը ոչ միայն վերջ տվեց կրոնական հետապնդումներին, այլեւ էապես մեղմացրեց ներքին քաղաքականությունը: Մանազկերտցի կաթողիկոսները, որոնց քաղաքականությունը երկրում բնավ էլ ժողովրդականություն չէր վայելում, ստիպված էին ասպարեզը թողնել, եւ կաթողիկոսական աթոռ բարձրացավ Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից Գյուտ Արահեզացին: Ըստ որում՝ Պարսկաստանի անհանգիստ կացությունը Պերոզի գահակալության սկզբնական շրջանում պարսից արքունիքին ստիպում էր մատների արանքով նայել Հայաստանում կատարվող գործընթացներին ու տեղաշարժերին այն աստիճանի, որ հայերը չձգտեցին անգամ կաթողիկոսի հաստատմանը պարսից արքայի կողմից, ինչը մինչ այդ ընդունված կարգ էր:
Գյուտ Արահեզացին կաթողիկոս դարձավ բավական առաջացած տարիքում՝ թերեւս 60-ն անց, ինչպես ենթադրում է Մ. Օրմանյանը: Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի աշակերտների մեծ մասի նման նա եւս Բյուզանդիայում փայլուն կրթություն էր ստացել, ինչպես հավաստում է Ղազար Փարպեցին, սակայն, որքան էլ զարմանալի լինի, նրա անունը չի հիշատակվում Հոռոմաց աշխարհ կամ Բյուզանդական կայսրություն ուղարկված աշակերտների շարքում: Ելնելով այն իրողությունից, որ Եզնիկ երեցի գավազանագրքում կաթողիկոսը հիշատակված է ոչ թե Գյուտ, այլ Գադ անունով, Մ. Օրմանյանը եկել է այն հավանական եզրակացությանը, որ Գյուտ Արահեզացին թերեւս նույնանում է Շահապիվանի ժողովի մասնակից Գադ եպիսկոպոսին եւ Արտաշատի ժողովին իր մասնակցությունը բերած՝ Վանանդի Գադ եպիսկոպոսին: Թերեւս հիշյալ նույնացման օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Գյուտ կաթողիկոսը, լինելով արահեզացի («ի գաւառէն Տայոց, ի գեղջէն Արահեզայ»), ավելի հաճախ հիշված է Ոթմսեցի անունով: Օթմուսը Վանանդի բնակավայրերից էր, ուր պարսկական աքսորից վերադառնալով՝ գալիս հաստատվում է Գյուտը: Պատմությունը մեզ ոչ մի հիշատակ չի պահպանել ենթադրելու համար, որ Տայքի Արահեզ գյուղը եւ Վանանդ գավառի Օթմուս բնակավայրը եղել են սահմանակից, ուստի պետք է կարծել, որ Հայոց կաթողիկոսն այդ անվամբ պարտական էր այն վայրին, ուր նա սկսել էր իր կրոնավորական գործունեությունը:
Գյուտ Արահեզացին կաթողիկոս դարձավ 461 թվականին՝ Պերոզի գահ բարձրանալուց երկու տարի անց: Նրա հովվապետության սկզբում տեղի ունեցան կարեւոր իրադարձություններ Աղվանից երկրում: Եղիշեն, անդրադառնալով Վարդանանց պատերազմի առնչությամբ Աղվանից իրադարձություններին, չի հիշում աղվանից թագավորին: Պատմիչը տեղեկություններ է պահպանել միայն Վահան իշխանի մասին, որը նրա խոսքերով էր «յազգէ թագաւորաց Աղուանից»: Սակայն մի կապակցությամբ Եղիշեն գրում է, որ աղվանից արքան սկզբում հավատով քրիստոնյա էր եւ Հազկերտ Բ-ն նրան բռնությամբ մոգ էր դարձրել: Այլ խոսքով՝ նա ոչ թե պարզապես զրադաշտականություն էր ընդունել, այլ մազդեից կրոնավոր էր դարձել: Հետեւաբար Մ. Օրմանյանի կարծիքն այն մասին, թե Տիզբոնում աղվանից Վաչե թագավորը հայ նախարարների հետ միասին կեղծ ուրացություն էր ընդունել եւ այնուհետեւ փորձել էր Վարդան Մամիկոնյանի՝ աղվաններին օգնության շտապող բանակի աջակցությամբ քրիստոնեությունը վերահաստատել երկրում, մեղմ ասած, քննություն չի բռնում: Բնավ պատահական չէ, որ տիզբոնյան ուղեւորության առիթով հայ պատմիչները չեն հիշատակում աղվանից թագավորին, որը լինելով պարսից թագավորի քեռորդին՝ շատ էլ հաճույքով ընդունել էր մազդեզանց կրոնը եւ որպես մոգ՝ պարսից զորքի ու 300 մոգերի հետ միասին վերադարձել էր երկիր եւ ամենայն հավանականությամբ՝ մասնակցել իր թագավորության մեջ պարսից հեթանոսական կրոնի բռնի հաստատման գործողություններին: Դրանով պետք է բացատրել այն իրողությունը, որ հայերից օգնություն խնդրող Աղվանից հազարապետը, որ Հայաստան էր ժամանել երկրի եպիսկոպոսի հետ, բնավ չի հիշում թագավորի անունը եւ, ամեն ինչից դատելով, գործում է իր անունից: Երբ հայկական մի զորաբանակ Վարդան Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ մեկնեց Աղվանք եւ 450 թ© Խաղխաղի ճակատամարտում հաղթանակ տանելով պարսիկների դեմ՝ երկիրը մաքրեց պարսկական զորքերից, ինչպես եւ պետք էր սպասել, կրկին ոչինչ չի ասվում թագավորի մասին, որն անտարակույս գտնվում էր պարսից ճամբարում: Եթե վերջինս իրոք կռվում էր հայերի կողմում, ապա հազիվ թե Հոնաց կամ Ճորա պահակը գրավելուց հետո սահմանային անցքը կամ դուռը հանձնեին աղվանից թագավորազն Վահան իշխանին՝ առանց հիշատակելու երկրի արքայի անունը: Եզրակացությունը, ցավոք, միանշանակ մեկն է. աղվանից թագավորը, որի անունը գիտակցաբար մոռացության են տալիս Եղիշեն եւ Ղազար Փարպեցին, եւ պահպանել է միայն Մովսես Կաղանկատվացու երկը, ինչ-ինչ պատճառներով հավատարմորեն ծառայում էր պարսից արքունիքին: Թերեւս պատճառն այն էր, որ նա այդ միջոցով փորձում էր պահպանել իր թագավորությունը՝ հավատարիմի (վասալի) կարգավիճակով: Սակայն իրադրությունը շուտով էապես փոխվեց, երբ Վարդանանց պատերազմը պարտություն կրեց: Վաչեի իրավունքներն էապես կրճատվեցին, եւ պարսից արքունիքը, ամեն ինչից դատելով, պատրաստվում էր վերջ տալ Աղվանից թագավորությանը, ինչը կատարել էին Հայաստանում 428 թվականին: Վաչե թագավորը, որն իր դիրքերը կայունացնելու համար ամուսնացել էր Հազկերտի քրոջ աղջկա հետ, անհանգստանալով իր թագավորության ճակատագրի համար, ապստամբության փորձ կատարեց Հազկերտ Բ-ի մահվանից հետո, երբ վերջինիս երկու որդիները գահի համար պայքար սկսեցին, եւ Պարսկաստանը հայտնվեց շփոթ կացության մեջ: Իր օգտին վճռելով գահակալական պայքարը՝ պարսից գահին տիրացած Պերոզը պայքար սկսեց Վաչեի դեմ՝ Աղվանքը վերահնազանդեցնելու համար: Իր հերթին աղվանից թագավորը, բացելով Ճորա պահակը, Այսրկովկաս բերեց մազքթաց եւ կովկասյան լեռնականների տասնմեկ թագավորների զորքերը՝ ծանր եւ համառ պայքար մղելով պարսկական զորաբանակների դեմ: Չնայած պարսիկների կրած կորուստներին եւ բանակցություններով հարցը լուծելու փորձերին՝ պայքարը շարունակվեց, որովհետեւ աղվանից թագավորը քաջ գիտակցում էր, որ պարսից արքունիքը նպատակ ունի վերացնելու իր թագավորությունը: Այժմ պարսից արքունիքը կաշառքի եւ այլ միջոցներով իր կողմը գրավեց Խայլանդուրներին, որոնք Ալանաց դռներով գալով Աղվանք՝ կռիվ սկսեցին Վաչեի դեմ, ավերեցին երկիրը եւ պարտության մատնեցին աղվանից թագավորին ու նրա դաշնակիցներին: Եթե հավատանք Եղիշեին, Վաչեն կռվում էր ոչ թե իր տերության, այլ հավատի համար, սակայն նրա նախորդ գործունեությունը հազիվ թե հավաստում է այդ մասին: Ոչ պակաս կասկածելի է Եղիշեի այն հաղորդումը, թե Պերոզը պատրաստ էր Վաչեին թողնել երկիրն էլ, քրիստոնեությունը դավանելու իրավունքն էլ, միայն թե նա պարսից արքունիք վերադարձներ իր քրոջը եւ քեռորդուն, որոնք ի բնե մոգեր էին: Իրականությունն այն է, որ Վաչեն ստիպված էր ետ ուղարկել թե՛ մորը եւ թե՛ կնոջը, հրաժարվել թագավորությունից եւ բավարարվել ժամանակին իր հորից ստացած հազար երդ բնակիչներով եւ նրանց զբաղեցրած տարածքներով:
Երբ Վաչեի ապստամբության լուրը Հայաստան հասավ, հայերը, հասկանալի պատճառներով, ողջունեցին այն, թեւ բնավ չէին մոռացել աղվանից թագավորի նախկին կեցվածքը: Հավանաբար հայ իշխանները կուզենային օգտվել պատեհ առիթից եւ վերականգնել երկրի անկախությունը: Գյուտ կաթողիկոսը նամակ ուղարկեց Վաչե թագավորին՝ հիշեցնելով, որ Ուռնայր թագավորի օրոք՝ Գրիգոր Լուսավորչի ժամանակներում, եղավ աղվանից դարձը: Հայոց կաթողիկոսը գովում էր աղվանից թագավորի խիզախությունը եւ փորձում ուժեղացնել նրա հավատը: Սակայն Վարդանանց պատերազմից հետո թուլացած Հայոց երկիրը, որի նշանավոր նախարարների մեծ մասը շարունակում էր գտնվել երկրից դուրս՝ պարսկական ծառայության մեջ, ի վիճակի չէր նոր կտրուկ քայլերի, առավել եւս, որ աղվանից թագավորի ապստամբությունն էլ, շատ չանցած, պարտություն կրեց: Պարսկաստանի խռովյալ վիճակը շարունակվեց մինչեւ Պերոզի թագավորության հինգերորդ տարին: Շփոթ կացության պատճառով հայ նախարարները շարունակեցին մնալ պարսկական ծառայության մեջ՝ ստանալով ավելի բարձր ռոճիկ, քան նախկինում էր: Իսկ իր թագավորության վեցերորդ տարում, երբ Պարսից տերության մեջ հանգստությունը վերականգնված էր, հայ նախարարներն ամենայն պատիվներով իրավունք ստացան վերադառնալու հայրենիք:
Գյուտ կաթողիկոսը 462 կամ 463 թվին դիմավորեց նախարարներին, որոնք պարսից արքայից արքայի հրամանով վերահաստատվեցին իրենց տիրույթներում՝ վերստանալով տանուտիրության իրավունքը: Պատմիչների հաղորդումների համաձայն՝ չնայած հալածանքներին եւ կրած զրկանքներին՝ գերեվարված 37 իշխաններն էլ կենդանի էին մնացել: Փարպեցու հավաստմամբ՝ նրանք մահացան բնական մահով եւ թաղվեցին տոհմական դամբարաններում: Գյուտ Ա Արահեզացին, որին պատմիչը բնութագրում է որպես «այր լի գիտութեամբ հայովս եւ առաւելեալ յունիւն, յորդասաց բանիւ եւ առատաբուղք վարդապետութեամբ», Վաղարշապատի կաթողիկեում, հրճվալից բազմության ներկայությամբ, հոգեշունչ քարոզներով նրանց դիմավորեց՝ հիշելով Վարդանի եւ Վարդանանց նահատակությունը, քահանաների վկայությունը եւ Աստծու զորությամբ՝ վերադարձը գերեվարված նախարարների, որոնք ստացան նրա օրհնությունը: Երկրում աստիճանաբար սկսեց վերհառնել ազգային ոգին: Հայրենասեր ուժերը՝ ի դեմս կաթողիկոսի, ձեռք բերեցին թե՛ գաղափարական առաջնորդի եւ թե՛ իրենց գործունեության հովանավորի ու պաշտպանի:
Շուրջ մեկ տասնամյակ շարունակվեց Գյուտի, ընդհանուր առմամբ, կանոնավոր պաշտոնավարությունը: Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ եկեղեցական բարենորոգությունների վերահաստատմանը, կանոնական ու ծիսական արարողությունների կարգավորմանը: Չնայած այն իրողությանը, որ ծիսական մատյաններում Գյուտին վերագրվող հատուկ մասեր չկան, այնուամենայնիվ, նրա հովվապետական հսկողության մասին է վկայում Դավիթ Անհաղթին ուղղված ոչ ծավալուն նամակը: Երբ Անտիոքից եւ Ավլին գյուղից Կոստանդին, Պետրոս եւ Թեոդորոս անունով երեք աղանդավոր նեստորական գալիս են Հայաստան եւ սկսում քարոզել, կաթողիկոսը նրանց քարոզչությունն արգելակելու համար դիմում է Դավիթ Ներգինացուն, որ նա գաղափարական առումով պաշտպանի ուղղափառությունը: Մ. Օրմանյանի կարծիքով՝ կաթողիկոսը հիշյալ նամակը գրել է իր պաշտոնավարության առաջին տասնամյակում եւ ոչ թե հաջորդ շրջանում, երբ նա, պաշտոնից հեռանալով, հաստատվել էր Ոթմուս գյուղում:
Գյուտ կաթողիկոսի հրամանով՝ ամենուր Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակին եկեղեցիներ էին կառուցում եւ հուշարձաններ կանգնեցնում: Դրանցից մեկի մասին հիանալի տեղեկություններ է պահպանել Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը: Ավարայրի ճակատամարտից հետո արցախահայերի մի զորաջոկատ, Մարտիրե անունով մի հրամանատարի ղեկավարությամբ, Վայոց ձորի վրայով փորձում է նահանջել Արցախ՝ ձգտելով խուսափել պարսից զորահրամանատար Աթաշխուդայի զորաբանակի հետապնդումից: Արցախահայերը, ծանր կռիվներ մղելով Եղեգյաց եւ Մոզան գետերի ջրկիցի՝ հետագայում Անգեղձոր կոչված նեղ ձորակի, Ոստինք եւ Արտաբույնք գյուղերի գետակների ջրկիցի եւ Ցաղացքար ուխտի շրջանում, ի վերջո պարտվում են պարսկական զորաբանակից եւ ոչնչացվում: Ծանր կորուստներ են կրում նրանց օգնության եկած Ոստինքի եւ Արտաբույնքի սեպուհները եւ ընտիր զորականները, իսկ արցախահայերի առաջնորդ Մարտիրեն Անգեղձորի կռվում ընկնում է հերոսի մահով: Ձախից դեպի Ցաղացքարի ուխտին նայող ձորադռան շրջանում, որտեղ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը եւ որը կոչվեց Մարանդ, ավելի ուշ մատուռ կառուցվեց, իսկ Ոստինք եւ Արտաբույնք գյուղերի ջրկիցի հատվածում տեղի բնակիչները եկեղեցի կառուցեցին: Իմանալով այն մասին, որ Մարանդի ճակատամարտի մասնակից մի պարսիկ, որ զորքի գուշակն էր, ինչ¬ինչ հրաշքից ազդվելով՝ դարձել էր քրիստոնյա, որի գերեզմանի վրա հետագայում մատուռ էին կառուցել, Գյուտ կաթողիկոսն իր հովվապետության իններորդ տարում կարգադրում է ճակատամարտի վայրում վկայարան կառուցել եւ այնտեղ թաղել զոհվածների ոսկորները: Հրեւը, Շահիրետը, Արշեն երեցը եւ Աբդիուն կառուցում են վկայարանը՝ երկնանման հրաշակերտ մի շինություն՝ երկգմբեթ եւ եռախորան: Մոզն կամ Մոզան գետից մինչեւ Սրկղոնք կոչվող լեռնակողմը տրվում է եկեղեցուն՝ որպես նրա պաշտոնյաների ժառանգություն: Եկեղեցու շինարարությունն ավարտելուց հետո գալիս են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը, որոնք բազմամբոխ ժողովրդով նշում են եկեղեցու նավակատիքը եւ հողին հանձնում սրբերի, այսինքն՝ հայրենիքի համար զոհվածների ոսկորները: Հետագայում, երբ այն ավերվել էր, այդ վայրում հիմնվեց Խոտորալեզ կամ Սխտորալեզ գյուղը: Ղ. Ալիշանը հիշյալ բնակավայրը նույնացրել է Բաշքենդ (այժմ՝ Վերնաշեն) գյուղի հետ: Գյուտ կաթողիկոսի կատարածը որոշակի նպատակներ էր հետապնդում: Նա, վառ պահելով Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակը, ոչ միայն փառաբանում էր ազգային հերոսներին, այլեւ նոր սերնդին դաստիարակում հայրենասիրության ոգով:
Մինչ Գյուտ կաթողիկոսը բուռն գործունեություն էր իրականացնում Հայոց Եկեղեցու դիրքերն ամրապնդելու, ժողովրդի ոգին բարձրացնելու եւ վերջինիս հայրենասիրական շունչ հաղորդելու ուղղությամբ, երկրի կացությունն սկսեց բարդանալ՝ պարսից արքունիքի խարդավանիչ քաղաքականության հետեւանքով: Չկարողանալով հասնել իր նպատակին կռվի դաշտում եւ բռնությամբ՝ պարսից արքունիքն սկսեց խրախուսել հավատուրացությունը՝ պաշտոններ բաժանելու եւ տիրույթներ շնորհելու միջոցով: Պարսից արքունիքին դուր գալու համար գտնվեցին նախարարներ, որ դեռ արտոնությունները չստացած՝ ընդունում էին զրադաշտականությունը՝ չնայած իրենց հոգեւոր էությամբ զրադաշտական չէին դառնում: Շատերը, ուրացությամբ ձեռք բերելով տոհմի նահապետությունն ու տանուտիրությունը, վախենում էին որեւէ ինքնուրույն քայլ կատարելուց՝ չվնասելու համար իրենց դիրքերը: Նշանակալից թվով նախարարներ էլ տեսնելով, թե ինչպիսի պատիվների էին արժանանում ուրացողները, պաշտոնից չզրկվելու կամ էլ պաշտոն ձեռք բերելու համար հետեւում էին ուրացողների դասին: Ավելորդ է ասել, որ ուրացողները, կորցնելով իրենց նկատմամբ ժողովրդի հարգանքը, առանձին համարում չունեին նաեւ պարսից արքունիքի աչքում: Նրանց օգտագործում էին, սակայն չէին հարգում, եւ ինչպես Ղազար Փարպեցին է հավաստում, Պերոզի կարծիքով՝ իր հպատակներից «այր անպիտան եւ գունդ յետին Ասորին է, բայց քան զԱսորի՝ Հայն է այր յետին եւ անպիտան»: Հասկանալի է, որ այդ գաղջ միջավայրում քսությունն ու ստորությունը, մարդկային ամենազզվելի բարքերը ծաղկում էին: Ուրացողներն իրենց համարումը պարսից արքայից արքայի աչքում բարձրացնելու համար հայրենասեր նախարարներին տեղի-անտեղի մեղադրում էին անհավատարմության, դավաճանության եւ հունական կամ բյուզանդական կողմնորոշման մեջ: Հատկապես բանսարկությունների էր ենթարկվում Վահան Մամիկոնյանը, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի անդրանիկ որդին էր: Շնորհիվ իր անձնական հատկանիշների եւ օժտվածության՝ նա, որին Ղազար Փարպեցին անվանում է «այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսեր», մեծ հեղինակություն ունենալով ուխտապահ նախարարների շրջանում, շարժում էր պարսիկների կասկածամտությունը: Վահանի բանսարկուների գլխավորը Գադիշո Խորխոռունին էր, որն աշխատում էր նրա հետ հաշվեհարդար տեսնել պարսից արքունիքի ձեռքերով: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ հայրենասեր նախարարներն էլ մտածում էին վիճակը շտկել օտարի օգնությամբ՝ դիմելով բյուզանդական աջակցությանը՝ ի դեմս կայսր Լեւոն Ա Թրակացու: Չնայած բազում դիմումներին ու խոստումներին՝ իրական օգնություն այդպես էլ չստացվեց: Բյուզանդիայի հրահրելու, բայց որպես կանոն՝ իր հնարավոր դաշնակիցներին չօգնելու քաղաքականությունը ոչ միայն թուլացնում էր ուխտապահների դիրքերը, այլեւ պարարտ հող էր ստեղծում քսու եւ ստոր ուժերի համար՝ բանսարկություններով զբաղվելու: Շատ նախարարներ, չուրանալու համար քրիստոնեությունը, թողնում էին ամեն ինչ եւ դառնում անապատականներ:
464 թվականին ավարտվեց Ատրորմիզդ Արշականի մարզպանությունը, սակայն հայտնի չէ՝ նա մահացա՞վ, թե՞ պաշտոնանկ արվեց: Ատրորմիզդն իր պաշտոնակալության շրջանում իրեն դրսեւորեց որպես հմուտ եւ փորձառու պետական այր, որն իր մեղմ եւ ճկուն քաղաքականության շնորհիվ կարողացավ երկրում խաղաղությունը վերականգնել: Եթե նա, այնուամենայնիվ, պաշտոնանկ էր արվել եւ ոչ թե բնական մահով մահացել, ապա դա պարզորոշ վկայում է պարսից արքունիքի քաղաքականության կրած արմատական փոփոխության մասին, որովհետեւ Ատրորմիզդի հաջորդ Ատրվշնասպ Յողմանդյանը, անշուշտ արքունիքի թելադրանքով, որդեգրեց միանգամայն հակառակ քաղաքականություն: Պերոզը, լուր առնելով հայերի՝ հույների հետ ունեցած բանակցությունների մասին, սկսեց ավելի ականջ դնել քսու նախարարներին, եւ Գյուտ կաթողիկոսը կանչվեց Տիզբոն՝ բացատրությունների համար: 471 թվին նա, առանց դժվարություններ հարուցելու, ժամանեց Տիզբոն, որտեղ նրան հիանալի ընդունելություն ցույց տվեցին պարսիկ քրիստոնյաները՝ Տիզբոնի, Խուզիստանի եւ Հրեւի եպիսկոպոսի, այլ խոսքով՝ Պարսկաստանի պատրիարքի գլխավորությամբ: Գյուտ Ա Արահեզացին հրավիրվեց զորավար Աշտատի որդի Յըզատվշնասպ Միհրանի մոտ՝ Գադիշո Խորխոռունու ամբաստանությունների կապակցությամբ բացատրություն տալու: Կաթողիկոսը բոլոր մեղադրանքներին էլ արժանի պատասխան տվեց: Նա հայտարարեց, որ ուրացողներին մտերիմ եւ բարեկամ լինել չի կարող, թեեւ կուզենա, որ նրանք դարձի գան: Ուստի հանուն դրա պատրաստ է անգամ զոհողությունների գնալ: Հույների հետ հարաբերություններ է պահպանում, քանի որ սովորել է Հոռոմոց աշխարհում, այսինքն՝ Բյուզանդիայում, որտեղ ուսումնառության շրջանից հին ընկերներ ունի: Մյուս մեղադրանքը, թե ինչո՞ւ է սպասները բերում Հոռոմոց երկրից, պարզ եւ հասկանալի բացատրություն գտավ. ինքը դրանք ստիպված է բերել հույների երկրից, որովհետեւ չի կարելի գտնել դրանք այլ վայրերում: Կաթողիկոսը համարձակ հերքեց իրեն անհավատարմության մեջ մեղադրանքը՝ ասելով, որ իր կրոնն իրեն հրամայում է հավատարիմ լինել, եւ ինքը վարվում է համաձայն իր կրոնի:
Չնայած զրպարտություններին եւ զանազան ասեկոսեներին՝ պարսից արքունիքը, հավանաբար, լուրջ փաստեր չուներ Հայոց կաթողիկոսի դեմ, ուստի ստիպված էր գոնե արտաքնապես ընդունել բացատրությունների ճշտությունը: Ինչ վերաբերում է Պերոզ թագավորին, ապա վերջինս փորձեց օգտվել առիթից՝ առաջարկելով ունեցած պաշտոնը պահելու համար ընդունել պարսից դավանանքը: Համաձայնվելու դեպքում նրան խոստանում էին մեծամեծ պատիվներ ու հարուստ նվերներ, իսկ հակառակվելու դեպքում սպառնում էին զրկել թե՛ զբաղեցրած պաշտոնից, որին նա տիրում էր առանց թագավորի համաձայնության, եւ թե՛ եպիսկոպոսական աստիճանից: Չկարողանալով անմիջապես հանդիպել Պերոզի հետ՝ Գյուտ կաթողիկոսը ստիպված էր Յզատվշնասպին հայտնել, որ ուրախ կլիներ ազատվել կաթողիկոսական հոգսերի բեռից, սակայն ոչ թագավորը կարող է իրեն եպիսկոպոսական աստիճանից կարգալույծ անել, եւ ոչ էլ ինքը որեւէ պայմանով կուրանա քրիստոնեությունը: Կաթողիկոսը պարսից կրոնը համարում էր «անպիտան եւ գարշելի օրենք», իսկ պատիվների ու հազար նվերների առաջարկն իրեն՝ անարգանք:
Կաթողիկոսի պատասխանները խիստ զայրացրեցին պարսից արքայից արքային, սակայն այս անգամ նա խնդրին մոտեցավ որպես խորամանկ ու հմուտ քաղաքագետ՝ հասկանալով, որ սպանված կաթողիկոսը, նահատակի լուսապսակ ձեռք բերելով, շատ ավելի վտանգավոր է իր համար, քան հոգեւոր պաշտոնից զրկված ծերունի Գյուտը, ուստի, ինչպես գրում է Ղազար Փարպեցին, թագավորը չուզեց նրան սպանել կամ բանտարկել, որպեսզի չթույլատրի «համբուրել զկապանս նորա, եւ ոչ երկրպագանել ոսկերաց նորա»: Գյուտը կարող էր բնակվել ուր կամենար, սակայն զրկվում էր կաթողիկոսությունից: Դժվարությամբ ստանալով վերադարձի թույլտվություն եւ այդ միջոցին զբաղվելով պարսից քրիստոնյաների խնդիրներով ու հոգեւոր անձանց ձեռնադրությամբ՝ նա շատ չանցած վերադարձավ հայրենիք՝ քաշվելով իրեն հարազատ Ոթմուս: Կաթողիկոսի խիզախ կեցվածքը Տիզբոնում էլ ավելի մեծացրեց նրա հեղինակությունը ժողովրդի աչքում: Թեեւ նա պաշտոնապես զրկվել էր կաթողիկոսական աթոռը զբաղեցնելու իրավունքից, հայերը նրան շարունակում էին ճանաչել որպես Հայոց Եկեղեցու առաջնորդ: Գյուտի օրոք Ոթմուսը, փաստորեն, վերածվեց կաթողիկոսական այնպիսի նստավայրի, ինչպիսին եղել էր ժամանակին Բագրեւանդի Բլուր գյուղը Սահակ Պարթեւի պաշտոնանկության եւ «անվանական» կաթողիկոսության շրջանում: Միակ բանը, ինչպես գրում է Ղազար Փարպեցին, որ տրտմություն էր պատճառում նրան, այն էր, որ զրկվել էր նահատակության եւ մարտիրոսության փառքից:
Սկզբնաղբյուրները տարբեր ժամանակներ են հատկացնում Գյուտի կաթողիկոսությանը. 9 կամ 10 եւ 15 կամ 17 տարի: Մ. Օրմանյանը գտնում է, որ առաջին զույգը պայմանավորված է կիսատ տարին հաշվելով կամ չհաշվելով, իսկ երկրորդ զույգը՝ Ե եւ Է թվականների շփոթով, որ այնքան հաճախ է հանդիպում հայկական ձեռագրերում: Հեղինակն իրավացիորեն եզրակացնում է, որ 9 կամ 10 տարին Գյուտի կաթողիկոսության շրջանն է մինչեւ Տիզբոն գնալն ու բացատրություններ տալը, իսկ 15 կամ 17 տարին՝ կաթողիկոսական ընտրությունից մինչեւ նրա մահը: Այլ խոսքով՝ նա հովվապետել է, գոնե հայ ժողովրդի եւ հայ հոգեւորականության աչքում, 17 տարի՝ 461-ից մինչեւ 478 թվականը, որից 7 տարին Ոթմուսում՝ պարսից թագավորի կողմից զրկված լինելով կաթողիկոսությունից: Մ. Չամչյանը կարծում էր, որ Պերոզը, Գյուտին զրկելով կաթողիկոսությունից, նրա փոխարեն կաթողիկոս է կարգել Քրիստափոր Արծրունուն: Նման եզրակացության համար հիմք է ծառայում Թովմա Արծրունու անորոշ մի հաղորդումը. «Ի ժամանակին յայնմիկ էր ճոխացեալ պանծալի աթոռակալութեամբ սրբոյն Գրիգորի տէր Քրիստափոր Հայոց կաթողիկոս», սակայն պատմիչը ոչինչ չի հայտնում ո՛չ նրան նախորդած եւ ո՛չ էլ հաջորդած կաթողիկոսի մասին, չի հիշվում ո՛չ Պերոզը, եւ ոչ էլ նշված է, թե Քրիստափորն Արծրունի է: Անթերի է Մ. Օրմանյանի կարծիքը Թովմա Արծրունու հաղորդման կապակցությամբ: Եթե, իրոք, Քրիստափորը Սուրմակ Մանազկերտցու նման հակաթոռ կաթողիկոս դարձած լիներ, ոչ ոք նրան «պանծալի աթոռակալութեամբ ճոխացեալ» կաթողիկոս չէր անվանի: Շարունակելով իր միտքը զարգացնել՝ հեղինակը գտնում է, որ Քրիստափորը, եթե հաշվի առնենք նրա ասորվոց հետ ունեցած հարաբերությունները, նույնանում է Քրիստափոր Տիրառիջցու հետ:
Ժամանակակից սկզբնաղբյուրի՝ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ի վկայությունները եւ այլ տեղեկությունները լոկ հավաստում են, որ Գյուտի՝ պարսից արքունիքի կողմից պաշտոնազրկումից հետո նոր աթոռակալ մեջտեղ չեկավ, իսկ Գյուտը շարունակեց, փաստորեն, իր հովվապետությունը Ոթմուսից: Կաթողիկոսի առաջացած տարիքը, ամենայն հավանականությամբ, պատճառ դարձավ, որ Գյուտը փոխանորդ դարձնի Հովհան Մանդակունուն, որը նրա մահից հետո հաջորդեց կաթողիկոսական աթոռին:
Պարսից արքունիքի խարդավանիչ քաղաքականության հետեւանքով հայկական հասարակությունը գնալով երկփեղկվում էր՝ մեծացնելով քսու ու բանսարկու նախարարների բանակը եւ ստիպելով հայրենասիրական ուժերին ավելի ու ավելի համախմբելու իր շարքերը: Հայրենասերների կամ ուխտապահների մեջ հետզհետե առանձնանում էր Վահան Մամիկոնյանը, որի հեղինակությունն ամբողջ երկրով մեկ աճում էր: Ծնված լինելով որպես առաջնորդ՝ նա համարձակորեն նետվում էր տարբեր ձեռնարկների մեջ՝ առիթ տալով հակառակորդներին հայտարարելու, թե «ոչ է հնար սմա առանց ապստամբութեան կալ ի Հայս», ինչպես գրում է Ղազար Փարպեցին: Ձեռնարկել է Վահան Մամիկոնյանը որեւէ համարձակ քայլ թե ոչ, որ նպատակ ունենար երկիրը բարձրացնել զինված պայքարի՝ ընդդեմ պարսկական տիրապետության, հայտնի չէ: Մ. Օրմանյանը կատարել է, թեկուզեւ ուղղակի փաստերով չհաստատված, սակայն բավարար հիմնավոր մի եզրակացություն, ըստ որի՝ Վահան Մամիկոնյանն այդպիսի փորձ ձեռնարկել է, սակայն աջակցություն չստանալով՝ ձախողվել է: Թերեւս դրանից հետո է, որ նա գնում է Տիզբոն եւ իր կյանքը փրկելու համար ուրանում քրիստոնեությունը, որի առիթով Ղազար Փարպեցին գրում է. »Երթեալ ի դուռն, տկարանայր ի հաւատն«: Հայոց ապագա մարզպան-տանուտերը, այս ճանապարհով փրկելով իր կյանքը, հետագայում պետք է հարեր Սահակ Բագրատունուն, որը շատ չանցած պետք է բարձրացներ հայոց ապստամբության դրոշը:
Գյուտ Ա Արտահեզացին մահացավ 478 թվականին՝ հավանաբար 80-ից անց տարիքում: Չնայած իր արժանավոր, բազմավաստակ եւ հայրենասիրական գործունեությանը՝ նա զարմանալիորեն չի մտել Հայոց Եկեղեցու սրբերի շարքը: «Յայսմաւուրք»-ն անգամ նրան դուրս է թողել իր ուշադրությունից: Ժամանակակիցներն ավելի ուշադիր են եղել նրա նկատմամբ՝ համարելով նրան սուրբ, որի աղոթքներից «իւրաքանչիւր ախտից գտած էին զբժշկութիւն»: Նա թաղվեց Ոթմուսում, Ղազար Փարպեցու խոսքով՝ «ի դիրս հարց իւրոց»:

 

« Վերադառնալ ցանկ