Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումներն ԱՀԹ-ում

Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

 

Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում


Մարտի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի. 

  • Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն:
  • Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում  կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ:
  • Ս. Երրորդություն եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:
  • Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ):
  • Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները:  
  • Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:
  • Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում կարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ:
  • Էրեբունի համայնքի կենտրոնական այգում ժամը 17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:
  • Մասիսի ՍԹադեոս եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:
  • Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն:
Դիտվել է 2353 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք