Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հաշմանդամություն ունեցող երեխաները հունիսի 1-ը նշեցին եկեղեցում

«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է»: (Մատթ. 19:14):


Տիրոջ այս պատգամի համաձայն շուրջ 2 հազար տարի մանուկները Եկեղեցին են մտնում՝ որպես Աստծո տուն, ուր իրենց մուտքն օրհնված է, որտեղ նրանք սպասված ու սիրված են:


Հունիսի 1-ը հոգևոր տոն չէ, սակայն սա ևս մեկ առիթ է, որ երեխաներին մեր հոգատարությունը փոխանցենք:


Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հունիսի 1-ին հավաքվել էին Արտաշատի թիվ մեկ դպրոցի՝ ներառական կրթություն ստացող 39 երեխաները: Հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին եկեղեցում դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանն ու խորհրդակատար Տ. Երվանդ քահանա Բաբայանը: Քահանա հայրերը Երեխաների օրհնության և բժշկության կարգ կատարեցին:


Տ. Երվանդը շնորհավորեց երեխաներին՝ իրենց իրավունքների պաշտպանության տոնի առթիվ՝ մաղթելով, որ միշտ սիրո ու հոգատարության մեջ լինեն: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց բարերարներին, ովքեր սիրահոժար նվիրատվությամբ օգնել էին, որ երեխաների տոնը հիշարժան դառնա նաև նվերներով:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից համայնքի երեխաներին նվերներ հանձնեց նաև թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը:


Այս օրերին թեմի բարեգործական բաժինը մոտ 200 երեխաների է շնորհավորել՝ գրենական պիտույքների, խաղերի ու հագուստի փաթեթներ նվիրելով: Այդ թվում՝ թեմի կողմից նվերներ են ստացել հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող հասարակական երեք՝ «Զեյթուն», «Մարիամ» և  «Ալեքս» կազմակերպությունների 90 շահառու երեխաներ: Ծավալուն աշխատանք է տարվել նաև թեմի շահառու երեխաներին օգնելու և նրանց հունիսի 1-ը նշելու գործում. նվերներ են ստացել ևս շուրջ 100 երեխաներ: 


Նվիրաբաշխումից հետո երեխաները Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակը կավիճներով նկարազարդեցին իրենց երազանքների, եկեղեցիների ու տների պատկերներով:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

June 1 June 1 June 1
Դիտվել է 109 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք