Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բուն բարեկենդանը մեծ տոնախմբությամբ նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: 
 

Ազգագրական երգերի ու պարերի, դհոլահարների ուղեկցությամբ երթի մասնակիցները քայլեցին դեպի Ազատության հրապարակ՝ շնորհավորելով երևանցիներին:


Ազատության հրապարակը բաժանվել էր մի քանի տոնական հարթակների: Երաժշտական ու պարային համարները, տիկնիկային թատրոնն ու բարեկենդանյան ներկայացումներն իրենց շուրջ հավաքել էին հարյուրավոր մարդկանց՝ Երևանից ու մարզերից: Մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես ազգային բակային խաղերի հարթակը, որտեղ աքլորակռիվ, պարանքաշոցի ու ղայիշդաղոցի խաղացողների մեծ հերթեր էին գոյացել:


Ուրախ տրամադրություն էին փոխանցում նաև Քաջ Նազարն ու Ուստիանը, ովքեր մերթ կռվում էին իրար հետ, մերթ միանում էին պարողներին, երբեմն էլ խանգարում էին՝ ուրախ ծիծաղով վարակելով բոլորին:


Տոնն ամեն տարի մեծացնում է իր շրջանակն՝ ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավելով:


Ինչպես հնում, այնպես էլ այս տարի թեմում տոնին նախընթաց շրջանը ևս հարուստ էր բունբարեկենդանյան իրադարձություններով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բուն բարեկենդանը նշվեց նաև Երևանի վարչական բոլոր շրջաններում՝ տեղի համայնքների հետ համագործակցաբար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Բարեկենդան Բարեկենդան Բարեկենդան Բարեկենդան Բարեկենդան
Դիտվել է 1001 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք