Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկնարկեց ապրիլյան պատերազմի նահատակներին նվիրված ճամբարը

Հուլիսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց ամառային բակային ճամբարը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորh Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տարիներ շարունակ համայնքի երիտասարդաց միության անդամները կազմակերպում են բակային ճամբար, որն ամառային արձակուրդների ընթացքում հագեցած ու օգտակար ժամանց է ապահովում երեխաներին:

 

Ս. Գևորգ եկեղեցու խորհրդակատար Տ. Ղուկաս քահանա Բալյանի գլխավորությամբ երեխաներն ու իրենց ծնողները միասնաբար Տերունական աղոթքով ազդարարեցին ճամբարի բացումը։



Կազմակերպիչներին ուրախացրեց այն փաստը, որ նախորդ տարիներից երեխաները հիշում էին ճամբարի հիմնը, որն իրենց համար գրել էր Տիգրան սարկավագ Մակարյանը: Ճամբարականների մեջ կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ: Մարմարաշենի «Մուշ» պարային համույթի սաները (գեղավեստական ղեկավար՝ Թագուհի և Հասմիկ Սահակյաններ) հանդես եկան՝ ներկայացնելով հայկական ու այլ ժողովուրդների պարեր: Նրանից շատերը նաև մասնակցում են ճամբարին:

 


Թեմի երիտասարդական միությունների անդամ, Քահանայից լսարանի սան Մուրադ Ցանգալյանը ներկայացավ օլիմպիական տեքվոնդոյի ցուցադրական ելույթով: Նա ճամբարի ընթացքում երեխաներին սովորեցնելու է մարտարվեստի հնարքներ:

 


Ճամբարում երեխաները հոգևոր ու ազգային գիտելիք կստանան, կսովորեն երգեր ու շարականներ, կմասնակցեն հոգևոր զրույցների: Երեխաների առօրյայի անբաժանելի մասը կլինեն զանազան սպորտային ու ինտելեկտուալ խաղերը, նկարչությունը:

 


Ճամբարին մասնակցում են թե՛ Մարմարաշենի, թե՛ հարևան համայնքների երեխաները: Ճամբարի պատասխանատուներն ակնկալում են, որ այս տարի ևս 200-250 երեխա կընդգրկվի ծրագրում:
Ամենօրյա ճամբարը կտևի մեկ շաբաթ: Ճամբարի կայացմանն օգնում են համայնքի անդամները՝ քաղցրավենիք ու պաղպաղակ տրամադրելով երեխաներին:

 


ճամբարն այս տարի երիտասարդները նվիրում են ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին: Նրանց խորհրդանշող 110 ճերմակ թղթե աղավնիներ զարդարում են ճամբարը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Camp Camp Camp Camp Camp Camp Camp
Դիտվել է 350 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք