Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մկրտությունը՝ նոր կյանքի սկիզբ

Սեպտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ 82 երեխայի մկրտություն: Մկրտության խաչերը, նարոտները և մյուս պարագաները տրամադրել էր հոլանդահայ բարերար տիկին Մարգարիտը: Համայնքի այն անդամները, ովքեր ցանկություն ունեին մկրտվելու, այսօր հնարավորություն ստացան դառնալ քրիստոնյա մեծ ընտանիքի անդամ:

Արարողության սկզբում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ներկաներին բացատրեց մկրտության խորհուրդը.

«Մկրտությունը ոչ թե ուղղակի արարողություն է, այլ նոր կյանքի սկիզբ: Հոգևոր կյանքի սկիզբ, որով մարդիկ դառնում են քրիստոնյա և պարտավորվում հետևելու Քրիստոսին ամեն օր, ամեն վայրկյան՝ վերցնելով իրենց խաչը և պահելով Տիրոջ խոսքը: Այսօր ամենքս այս  մտածումով պետք է մոտենանք Սուրբ Ավազանին՝ լվացվելու և ընդունելու դրոշմը՝ մյուռոնը, որը Սուրբ Հոգու խորհրդանիշն է»:

Մկրտությամբ մարդ հնարավորություն է ստանում նոր արարած լինելու. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17):

Մկրտությունը  հոգևոր կյանքի մեկնարկն է, երբ մարդ պետք է մոռանա հին ինքնությունը, նախկին ապրելակերպը և վերանորոգվելով Սուրբ Հոգով դառնա նոր մարդ՝ իր մեջ բյուրեղացնելով Աստծո պատկերը:

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 719 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք