Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Կանա» կենտրոնի տարեդարձը

Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետսկան թեմի «Կանա» ուսումնական կենտրոնի բակը նորից մարդաշատ էր: Պատճառն այս անգամ տոնական էր. ուսումնական կենտրոնը նշում էր իր հիմնադրման առաջին տարեդարձը:

 

Կենտրոնը հիմնվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ՝ նպատակ ունենալով տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել քրիստոնեական դասընթացներ:
Թեև դասընթացների ու հանդիպումների թեմաները հոգևոր են, «Կանա» կենտրոնը կարևոր տեղ է հատկացնում նաև հոգեբանական, սոցիալական ծրագրերին: Դասընթացներին իրենց մասնագիտական ու կենսական փորձառությունն են փոխանցում նաև հասարակական ու մշակութային հայտնի գործիչներ:

 

Մեկ տարվա ընթացքում կենտորնի իրականացրած ծրագրերը բազմազան էին. ընտանեկան դասընթացներ՝ ամուսնացածների ու ամուսնությանը պատրաստվողների համար, մկրտություն, առողջ հղիություն, մանկական քրիստոնեական դասընթացներ, մանկական ուխտագնացություններ, ամառային դպրոց, այժմ նաև՝ ուսումնական և արվեստի խմբակներ:

 

Բացման խոսքում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցելով Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ նշեց. «Մեր խնդիրն է, որ կենտրոնը հագեցած ծրագրերով կարողանա ծառայել երեխաներին, ի դեմս երեխաների՝ նաև նրանց ընտանիքներին: Այստեղ երեխաները մասնակցում են ոչ միայն կրթական տարբեր ծրագրերի, այլև ծնողներն են ակտիվորեն ընդգրկված կենտրոնի աշխատանքներում՝ որպես կամավորներ»:

 

«Կանա» ուսումնական կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանի խոսքով՝ «Կանա»-ն դեռ շատ անելիք ունի. «Շնորհակալ եմ Նավասարդ սրբազանին վստահության համար: Բարձր գնահատելով քրիստոնեական դասընթացների օգտակարությունը՝ Սրբազանը վստահեց մեզ, և այժմ կազմակերպում ենք ուսումնական և արվեստի դասընթացներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ անվճար դասընթացներ ենք կազմակերպում մասնագիտություն ձեռք բերել ցանկացող չափահասների համար»:

 

Ծննդյան առթիվ ուսումնական կենտրոնի բակում երեխաներին ու ներկաներին ուրախացնելու էին եկել Multiboom-ի խաղավարները, ծաղրածուները, իսկ իրենց փոքրիկ դերակատարմամբ հանդես եկան «Կանա» 8-12 տարեկան քրիստոնեական խմբակի երեխաները:


Էլզա Մանուկյանը հայտարարեց նաև «Կանա»-ի բարեկամների ակումբի մասին.
«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին, «Մուսալեռ» հրատարակչությանը, «Պռոշյան» կոնյակի գործարանին, «Queen Cake»-ին, «Multiboom»-ին, «Ապարան գրուպ» ՍՊԸ-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությանը, «Newmag» ամսագրին՝ աջակցության համար»:

 

Մեկ տարվա ընթացքում ուսումնական կենտրոնի հետ համագործակցել են նաև տարբեր բնագավառում արդեն կայացած ու հայտնի մարդիկ, ովքեր եկել էին շնորհավորելու կենտրոնին: «Շնորհավորում եմ «Կանա» կենտրոնի իմ լավ ընկերներին առաջին տարեդարձի կապակցությամբ։ Համոզված եմ, որ հաջորդ տարիներին կատարված հսկայական աշխատանքը կբազմապատկվի, և հարյուրավոր երեխաներ հնարավորություն կունենան հոգևոր կրթություն ստանալ «Կանա» կենտրոնում», - ասաց «ՄեդիաՄաքս» կայքի խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

 

Պրոդյուսեր, հաղորդավար Արևիկ Ուդումյանն էլ նշեց, որ շատ ուրախ է, քանի որ թե՛ մեծերը, թե՛ փոքրիկները համախմբվում են «Կանա»-ի շուրջ. «Տեսնելով, թե ինչքան մարդ է ներգրավված, հավատում ես, որ վաղվա օրը լուսավոր է լինելու»:

 

Կենտրոնը համագործակցում է նաև հոգեբանների հետ, ովքեր աշխատում են ոչ միայն փոքրիկների այլ նաև նրանց ծնողների հետ: «Փսիլայֆ» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Լիլիթ Խաչատրյանը նշեց. «Մեր աշխատանքի ընթացքում հասկացանք, թե ինչ մեծ ոգևորվածությամբ սկսեցինք հաճախումները և ինչքան կար դրա կարիքը: Մաղթում եմ, որ «Կանա»-ի աշխատանքը լինի հարատև, որովհետև այն հազվագյուտ ծրագրերից է, որն ուղղված է մարդկանց օգնելուն»:

 

Սուսաննա Գրիգորյան

Կանա Կանա Կանա Կանա Կանա
Դիտվել է 1253 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք