Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հերոսների պատվին անվանակոչվածները

Այսօր նշում ենք Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը: Այն հայոց զորացած ոգու համբարձումն էր, անմահության ուղին հաստատելու առհավատչյան: Շուշին ազատագրողների հերոսությունը միշտ մնալու է մեր պատմության մեջ, իսկ այդ կռվում նահատակվածների հիշատակն անմար է լինելու: Նրանց գործը միշտ հիշվելու է, նրանց անուններով հայորդիներ են անվանակոչվելու, որ շարունակեն ու կրողը լինեն հայոց արդար պայքարի:


2009թ. Մայր Տաճարում ձեռնադրության ժամանակ 12 սարկավագներ օծվեցին, նորընծա քահանաներն անվանակոչվեցին Շուշիի ազատագրման ժամանակ նահատակված հերոսների անուններով: Նրանից մեկը Տեր Միքայել քահանա Նուրիջանյանն է:


«Հայրենասիրություն: Այսպիսին է յուրաքանչյուր քաջարի հայորդու ապրելու և արարելու գաղափարախոսության սկիզբն ու անկյունաքարը: Այս գաղափարախոսությամբ էր, որ Արցախյան գոյամարտում պայքարեցին արիությամբ ու տոկունությամբ լեցուն բազմաթիվ քաջորդիներ: Պայքարեցին հանուն այսօրվա ազատության և անկախության, հանուն հավատի ամրապնդման ու երկրի շենացման: Ազատությունն Աստծո տված մեծագույն պարգևն է, և յուրաքանչյուր ազգ իրավունք ունի ազատ լինել: Այդ ազատությանը հասնելու թեժ պայքարի ընթացքում` հայրենասիրության ոգով տոգորված, իրենց կյանքը նվիրաբերեցին 12 քաջ հայորդիներ, ովքեր կատարում էին սրբազան մի առաքելություն` Շուշիի ազատագրումը, եկեղեցու և հավատի պաշտպանությունը:


20 տարի անց՝ 2009թ. դեկտեմբերի 13-ին, կարծես վերածնվեցին այս քաջարի հայորդիները հոգևոր ասպարեզում` մարտնչելու աներևույթ թշնամու հարձակումների դեմ աշխարհի տարբեր ծայրերում: Հմայակ, Հակոբ, Անանիա, Վազգեն, Նաիրի, Զոհրապ, Վիգեն, Եղիշե, Երվանդ, Դավիթ, Միքայել և Աշոտ, ահա այն 12 հերոսների անունները, ովքեր վերածնվեցին ի դեմս ձեռնադրված հոգևորականների:


Ինչպես Շուշիում քաջարի հերոսները, այդպես էլ այսօր հերոսների անուններով վերածնված հոգևոր հայրերն առաջնորդում են զինվորյալ եկեղեցու զավակներին` հաղթանակած եկեղեցու բարեխոսությամբ և Աստծո ամենազոր Աջի և Խաչի պահպանությամբ: Լինենք և մնանք ազատ հոգով, մտքով և մարմնով, ու չլինենք չարի կամքը կատարող մարդկանց ծառաները, քանի որ Ս. Պողոս Առաքյալն է ասում. «Մեծ գնով գնվեցինք, մարդկանց ծառաներ չդառնանք»:


Տեր Միքայել քահանա Նուրիջանյան

Դիտվել է 433 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք