Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Դրամական օգնություն տրամադրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի

Նոյեմբերի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սոցիալական ծրագրի շրջանակում Ալեքսանյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը: Կարիքավոր ընտանիքի անդամ 66-ամյա Ծաղիկ Ալեքսանյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին: Տիկին Ծաղիկն իր տղայի և չորս թոռների հետ միասին ապրում է Արարատյան 1-ին զանգվածի 12 շենքի 1/2 հասցեում գտնվող երեք սենյականոց բնակարանում: Նա ասաց, որ իր տղան՝ Դավթյան Գագիկը (37 տ.), առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատել, իսկ իր թոշակը չի բավարարում անգամ ընտանիքի նվազագույն հոգսերը հոգալու համար: Կարիքավոր ընտանիքն այլևս ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ տղա թոռներից երեքն արդեն չափահաս են: Չորս թոռներից երկուսը զինծառայող են, մեկը կալանավորված է, իսկ մյուսը դպրոց է հաճախում: Ընտանիքի բազմաթիվ խնդիրների պատճառով տիկին Ծաղիկը մոռացել է իր հիվանդությունների մասին. իր համար այժմ առաջնային են տղայի և կալանավորված թոռան առողջական խնդիրները:


Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և մաղթեց, որ Տերն Իր պահապան Աջով զորացնի և ապավեն լինի իրենց:


«Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ ուրիշը վարվի քեզ հետ: Քանի որ դու, առատության մեջ գտնվելով, կարիքի մեջ ես, դու հարուստ ես անցողիկով, բայց կարիքն ունես հավիտենականի: Դու լսում ես աղքատ մարդուն, բայց դու ինքդ աղքատ ես Աստծո առաջ: Քեզանից խնդրում են, և դու էլ ես խնդրում: Եվ ինչպես դու ես վերաբերում նրանց, ովքեր քեզանից խնդրում են, նույնկերպ էլ Աստված կվերաբերի քեզ հետ, երբ Իրենից խնդրես: Քանի որ դու և՛ հարուստ ես, և՛ աղքատ, ուստի հագեցրու կարիքավորին քո առատությունից, որպեսզի Աստված էլ Իր առատությունից հագեցնի քո կարիքները», - ասել է Ս. Օգոստինոս Երանելին:

 

Կարինե Սուգիկյան

 

Դիտվել է 691 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք