Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր ծնունդ առավ 23 երեխա

Ապրիլի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևորականները մկրտեցին մանկատան և Արցախից եկած 23 երեխաների: Նրանից 11-ը Երևանի «Մանկան տան» մինչև 5 տարեկան սաներն էին, 11-ը` զոհված ազատամարտիկների արցախցի երեխաներ, ովքեր Ստեփանակերտից եկել էին Երևան Նորք-Մարաշ վարչական շրջանի հրավերով: Մկրտվեց նաև անապահով ընտանիքի մեկ երեխա: Արարողությունը նախաձեռնել էր Նորք-Մարաշ վարչական շրջանը` Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով:


Մկրտության արարողությունը կատարեցին Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը, նույն եկեղեցու խորհրդակատարներ Տ. Թովմա քահանա Անդրեասյանը, Տ. Զգոն քահանա Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Տ. Զաքարիա քահանա Անանյանը: Երեխաների կնքահայրերը վարչական շրջանի և Երևանի ավագանու անդամներն էին, քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր ստանձնցին երեխաների հոգևոր դաստիարակության պատասխանատվությունը: Նրանք վստահ էին, որ երեխաները կմեծանան արժանի քրիստոնյա և հայրենասեր քաղաքացիներ:


Շնորհավորելով երեխաներին ու կնքահայրերին` Տ. Զաքարիան նրանց փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնություններն ու մաղթեց, որ այսուհետ կնքահայրերի օգնությամբ իրենց կյանքը դասավորեն քրիստոնյային վայել վարքով ու ընտրությամբ:


Երեխաներին շնորհավորելու էր եկել նաև ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:


Երեխաների գոհունակությունն արտացոլվում էր իրենց ժպտացող դեմքերից ու աչքերից: Փոքրիկ Հասմիկն, ով Ստեփանակերտից էր եկել, իրեն տարօրինակ երջանիկ էր զգում, նրա խոսքով դեռ լիովին չգիտի մկրտության խորհուրդը, բայց գիտի, որ մկրտվելով քրիստոնյա է դառնում և կարող է մասնակցել Ս. Պատարագների ու Ս. Հաղորդություն ստանալ:


Մկրտությունից հետ երեխաներն անակնկալներ ունեին. Նորք-Մարաշ վարչական շրջանի ջանքերով նրանք կշրջեն Երևանի տեսարժան վայրերով, կայցելեն թանգարաններ: Կիրակի նրանք կգնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կհայցեն սուրբ նահատակների բարեխոսությունը, որից հետո Ս. Աստվածածին եկեղեցում նրանք դուրս կգան մյուռոնից:

 

Աղավնի Պետրոսյան

1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 1
Դիտվել է 951 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք