Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այսօր նշում ենք Խաչվերացը՝ հինգերորդ տաղավար տոնը

Խաչվերացի տոնի առթիվ սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մոտուցվեց տոնական Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:

 

Խաչվերացը մեր Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 

Պատմությունը փաստում է, որ Երուսաղեմ վերադարձի ճանապարհին Խաչը որոշ ժամանակ հանգրվանել է Կարին քաղաքում: Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը: Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, որի շուրջ ռեհան է աճում: Այս ավանդույթն էլ առիթ է դարձել Խաչվերացի տոնի ժամանակ ռեհանի օրհնության կարգի հաստատմանը: Արարողության ավարտին օրհնված ռեհանը բաշխվում է հավատավոր ժողովրդին:


Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչը պտտեցնում են եկեղեցու բակում ու համայնքներում՝ կատարելով աշխարհի չորս կողմերն օրհնելու արարողությունը՝ Անդաստանի կարգը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 530 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք