Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սիրո տոնը Երիտասարդական ակումբների դաշնության հետ

Սեր խոստովանելու, սիրո մասին խոսելու ու սեր երգելու համար առիթներ պետք չեն, լինի հունվարի 1-ը, 2-ը, թե 3-ը:
 
Ժողովրդական ավանդույթն ասում է, թե սերը տարիք չի հարցնում, սրան կարելի է ավելացնել այն, որ սերն օր չի հարցնում, սակայն հունվարի 26-ը տարբերվեց մյուս օրերից, քանի որ այդ օրը Արարատյան Հայրապետական թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ տեղի ունեցավ սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումը:
 
«Հավատարիմ մնալով ազգային-հոգևոր ավանդույթներին՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասում տոնին և նշում է այն ոչ միայն Երևանում, այլև տարբեր մարզերում, քանի որ կազմակերպությունն ունի մասնաճյուղեր Հայաստանի բոլոր մարզերում։ Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այս սիրառատ տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրանց այս գեղեցիկ միջոցառման համար», - իր խոսքում նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։
 
Միջոցառումը սկսվեց «Հայասա» ֆոլկ բենդի երաժշտական գեղեցիկ կատարմամբ, որից հետո ԱՀԹ տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը և մեկնեց տոնի խորհուրդը՝ նշելով․
 
- Շատ կարևոր է աղի բլիթից այն կողմ տոնին նայել այլ տեսանկյունից։ Մենք պետք է արժևորենք այն սերը, որը տեսնում ենք սրբի վարքի մեջ։ Որևէ սրբի տոն նշելիս ընդգծում և կարևորում ենք տվյալ սրբի հաղթանակը չարի դեմ։ Ս. Սարգիսը սիրո հաղթանակի տոնն է, նշելով այս տոնը՝ մենք մասնակից ենք լինում նրա հաղթանակին։ 
 
Սիրով, ժպիտով, սրտերով ու նվերներով համեմված միջոցառման ընթացքում սիրահար զույգերը հնարավորություն ունեցան մասնակցել տարատեսակ խաղերի, որոնց միջոցով ևս մեկ անգամ ստուգեցին, թե արդյո՞ք լավ են ճանաչում միմյանց, թե՞ ոչ։ 
 
Արարատյան Հայրապետական թեմը երկար տարիներ է համագործակցում Երիտասարդական ակումբների դաշնության հետ, այդ համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր և ձևավորվել են գեղեցիկ ավանդույթներ, որոնք բոլորն էլ համեմված են սիրով, անկախ նրանից նվիրված են Սուրբ Սարգսին, թե ոչ։
 
 
Հասմիկ Թամամյան 
Դիտվել է 147 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք