Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեղի ունեցավ «Գրաբարի շտեմարան» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Գրաբարի շտեմարան»-ի շնորհանդեսը: Շտեմարանը ստեղծվել է թեմի՝ «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով մատաղ սերնդին հաղորդ դարձնել հայրենի ժառանգությանն ու գրաբարի անսպառ գանձերին:

Շնորհանդեսին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հանրակրթության պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գրաբարի խմբակների պատանի սովորողներ և այլ հյուրեր:


«Գրաբարի շտեմարանը» տպագրվել է 2017թ-ին, դրա մեջ ներառված են օլիմպիադայի մասնակցության համար նախատեսված հանձնարարություններ: Այն նշանակալիորեն կազդի դպրոցներում գրաբարի ուսուցման ու տարածման գործընթացի վրա, կօգնի ուսուցիչներին մեթոդական կողմնորոշման հարցում: Շտեմարանի հեղինակներն են դոցենտ, ԵՊՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի գրաբարի դասախոս Նորայր Պողոսյանը, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի փոխտնօրեն Լուիզա Սարգսյանը, «Այբ» դպրոցի գրաբարի ուսուցիչ Աստղիկ Կարապետյանը:


Միջոցառումը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կազմակերպիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները և ամփոփեցին արդյունքները:
Շտեմարանի հեղինակային խմբի ղեկավար Նորայր Պողոսյանը ներկայացրեց ամիսների աշխատանքը, խոսեց այն մասին, թե ինչ բաժիններից է բաղկացած շտեմարանն ու ինչպես օգտվել դրանից:
Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Գայանե Մկրտչյանը բարձր գնահատելով Շտեմարանն ու դրա նշանակությունը դպրոցներում՝ ասաց, որ այն հիրավի կարող է կիրառվել որպես գրաբարի դասագիրք:


«Պետությունն ու եկեղեցին միասին պիտի իրականացնեն մեր ժողովրդի շարունակականությունն ապահովող քայլարշավը: «Գրաբարյան օրեր» ծրագիրը շատ հետաքրքիր է: Երկու կարևոր պահ իսկապես ուզում եմ շեշտել: Առաջին, որ ծրագիրը կամավոր է և սիրով է արվում, որովհետև մենք հաճախ տեսնում ենք, որ արհեստական որևէ գործընթաց բովանդակությունը աղավաղում է, և ստացվում է բոլորովին այլ արդյունք: Երկրորդ՝ իսկապես, եթե ուզում ենք չվախենալ օտար լեզուների մուտքից Հայաստան, վստահ լինել, որ մեր երկրի միակ պետական լեզուն անվերապահորեն կա և կլինի հայերենը, ապա պիտի դիմենք մեր հիմքին: Իսկ հիմքերի հիմքը գրաբարն է:


Ես ողջունում եմ «Շտեմարանի» մուտքը, որովհետև վերջապես մեր ուսուցիչները ստացան կոնկրետ նյութ: Կարող ենք խոսել շատ ուղղություններով, բայց շատ պարզ մի քանի քայլեր պետք է կատարել, որպեսզի ուսուցիչը կարողանա վերապատրաստվել, որովհետև ուրիշ ոչ մի ձևով չենք կարող մեր լեզուն, մեր մտածողությունը փոխանցել մեր հաջորդներին, եթե չունենանք գրաբարի հիմնական հասկացողությունների ուսուցումը մեր դպրոցում: Այն պետք է խորանա և դառնա հայոց լեզվի բաղկացուցիչ մաս: Սա արդեն մեր խնդիրն է, որը համատեղ պետք է լուծենք», - իր խոսքում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:


Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև նախորդ տարիների ծրագրի մասնակիցները, ովքեր պատմեցին իրենց փորձի և ծրագրի տված օգտակար գիտելիքների մասին, որից հետո վիկտորինայի միջոցով ստուգեցին ներկաների գիտելիքները գրաբարի վերաբերյալ:


Միջոցառումն ավարտվեց Տերունական աղոթքով, իսկ ներկաները որպես նվեր ստացան շտեմարանի օրինակներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Շտեմարան Շտեմարան Շտեմարան Շտեմարան Շտեմարան Շտեմարան
Դիտվել է 1040 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք