Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ժողովրդական և եկեղեցական տոնը Նորք Մարաշում

Հետաքրքրական է՝ հայերը դարերի ընթացքում պահպանել են և՛ քրիստոնեական, և՛  ժողովրդական ծիսակատարությունները, տոնակարգերը՝  շարունակաբար  կյանք տալով դրանց:


Մայիսի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որին զուգահեռ, ըստ ավանդության, անցկացվում է նաև ժողովրդական Ջանգյուլում կամ Վիճակ տոնակատարությունը:
Տոնը նշելու համար Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Աստվածածին եկեղեցում հավաքվել էին բազմաթիվ երիտասարդներ:


Ջանգյուլումը վիճակահանության գեղեցիկ կարգ է, որի ժամանակ չամուսնացած երիտասարդները հավաքվում են, ծաղկեպսակներ են պատրաստում, յոթ աղբյուրներից բերված ջրերը լցնում մեծ կուժի մեջ և յուրաքանչյուրն իրեն պատկանող իրերից մեկը գցելով ջրով լի կուժի մեջ՝ սպասում է իր վիճակին։


Եկեղեցու բակում՝ Ս․ Պատարագից հետո, ամեն ինչ պատրաստ էր ժողովրդական ծիսակատարության՝ վիճակահանության համար։ Հավաքվածները ընտրեցին երեխայի, ով կուժից հանում էր իրն ու փնտրում դրա տիրոջը։ Դրանից հետո քահանան ընթերցում էր պատահաբար ընտրված Աստվածաշնչյան մաղթանք–խրատը:
Վիճակահանությունից հետո տոնը շարունակվեց ազգային երգ ու պարի ուղեկցությամբ։


Համբարձման տոնն իր ժողովրդական ու հոգևոր խորհուրդների միահյուսմամբ ամփոփում է հավատքի մեջ ամրանալու և Քրիստոսի աշակերտը դառնալու խորհուրդը։ Հարությունից հետո, քառասուն օր մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր հայտնություններով զորացնում է աշակերտների հավատը, հանում է նրանց միջից կասկածը: Նա սովորեցնում է  ապրել հոգևոր կյանքով, հավատալ` չտեսնելով,  հորդորում է Իրեն գտնել իրենց իսկ սրտերում:


Ռաիսա Պապյան

Դիտվել է 993 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք