Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այց բարեգործական ճաշարան

Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Ն. Չարբախի Ս. Խաչ  եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանն այցելեց Շենգավիթ վարչական շրջանի «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան: Այցի ընթացքում Տեր հայրը զրուցեց տարեցների հետ, պատասխանեց նրանց հարցերին:

Տ. Հրաչյան հույս հայտնեց, որ իր ու համայնքի այցելություններով պիտի հասնի տարեցների կյանքում փոփոխությունների:

-Միայնակ ծերերը և  հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության խոցելի հատվածն են: Պետք է փորձենք իրենց սեր տալ, որպեսզի տարիների ընթացքում տեսած դժվարությունները և ներկա վիճակը պատնեշ չդառնան ինչպես իրենց ու Աստծո միջև, այնպես  էլ իրենց և հասարակության միջև:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը գործում է ավելի քան 30 տարի: Կազմակերպությունը աջակցություն է տրամադրում միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Կազմակերպությունը ունի  ցերեկային կենտրոն, որտեղ շահառուները անցկացնում են իրենց օրվա մի մասը: Այն մասնաճյուղեր ունի Երևանի մի շարք համայնքներում ու մարզերում: Ցերեկային կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ քահանաների հետ, և Արարատյան Հայրապետական թեմի քահանաները պարբերաբար այցելում են այս կենտրոններ ու հոգում են տարեցների հոգևոր կարիքները:

Ճաշարանի սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանը նշեց, որ շահառուները մեծ ակտիվությամբ են մասնակցում հոգևոր զրույցներին:

-Այն հոգևոր բավարարումը, հոգևոր հանգստությունը, որ փոխանցում են քահանաները՝ մեր շահառուները սիրով ընդունում են: Ճիշտ է մեր նպատակը մարմնին սնունդ տրամադրելն  է, բայց՝ հոգևոր սնունդը առավել կարևոր է,- ասաց Հասմիկ Բունիաթյանը:

Այցի ավարտին կատարվեց բժշկության աղոթք:

 

 

Զարա Ղազարյան

Դիտվել է 757 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք