Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ամանորի և Ս․ Ծննդյան տոները մանուկների հետ

Ամանորի և Ս. Ծննդյան մեծախորհուրդ տոներն առանձնանում են յուրահատուկ բերկրանքի և ուրախության, լավատեսության ու բարի ակնկալիքների ապրումներով: Այդ հրաշալի զգացմունքները, որոնցով բռնկվում են թե՛ մեծերի և թե՛ հատկապես մանուկների սրտերը, ուղեկցվում են երազանքների իրականացման անհամբեր ու լիահույս սպասումներով: Սակայն ցավով կարելի է անդրադառնալ այն տխուր իրականությանը, որ մանկական նույնիսկ ամենաչնչին երազանքները երբեմն մնում են անկատար, իսկ լիահույս սպասումները՝ փոխակերպվում հուսախաբության ու տրտմության: Այս գիտակցությամբ Ամանորի և Ս. Ծննդյան տոների ջերմությունն ու խնդությունը մանուկներին փոխանցելու նպատակով հունվարի 14-ին մի խումբ եկեղեցասեր երիտասարդներ, առաջնորդությամբ Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանի, ինչպես նաև Ձմեռ պապի ուղեկցությամբ այցելեցին Արևշատի մի շարք ընտանիքների: Անակնկալ հանդիպումները սպասվածից ավելի ոգևորիչ և հուզիչ էին:


Միանգամից նկատելի էին երեխաների՝ ուրախությունից փայլող աչքերը, որոնք խոսում էին սրտի խորքում երկար պահած երազանքի իրականացման մասին: Երեխաների հետ այդ անմոռաց ակնթարթներն ուղեկցվեցին կիթառի հնչյուններով տոնական երգուպարի ուրախ մթնոլորտում, որի ընթացում Ձմեռ պապը նվերներ բաժանեց նրանց: Այցելությունների ընթացքում կատարվեցին նաև Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություններ: Աստվածահաճո այս նախաձեռնության մասնակիցները հոգեկան մեծ բավականություն ու սրտի մեծ ուրախություն ապրեցին՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոներն իմաստավորելով բարի ու հոգեշահ գործերով: Այցելությունները ևս մեկ անգամ այն զգացումն արթնացրեցին, որ Աստված հենց մանուկների մաքուր սրտերում է բնակվում, իսկ այդ սրտերն ուրախացնելը մարդուն աստվածապարգև շնորհների է արժանացում:

 

Արևշատ Արևշատ
Դիտվել է 935 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք