Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Ապրիլի 15-ին Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: 
 

Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:


Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն. Ս,Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում էր.

«Սիրելի՛ Սրբազան,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր ողջույնը, շնորհավորանքները և օրհնությունն ենք բերում Ձեզ, Տիրախնամ Թեմիդ թեմական և եկեղեցական վարչությանց հարգարժան անդամներին, ուխտապահ եկեղեցական դասին և հավատավոր բարեպաշտ մեր զավակներին:


Այսօր համայն քրիստոնյա մարդկությունը կանգնած է Տիրոջ թափուր գերեզմանի առջև՝ ունկնդիր հրեշտակի ավետիսին. «Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ՛ աստ, քանզի յարեաւե (Ղուկ. ԻԴ 5-6): «Փրկչի հզոր, հաղթող և սքանչելագործ Հարությունը խորտակեց դժոխքի դռները, կործանեց մահվան բռնությունը և «եղեւ յոյս հաստատութեան վերստին նորոգման կենդանութեան ամենայն մարդկանե (Ժամագիրք):


Հարության հավատքի զորությամբ են մեր հայրերը պատմության հոլովույթում դիմագրավել փորձություններ, կերտել հաղթանակներ և արձանագրել հոգևոր ու ազգային մեր կյանքի վերելքները: Այսօր ևս աշխարհասփյուռ մեր ժողովուրդը շարունակում է դիմակայել նորօրյա վտանգներին ու փորձություններին` հանուն ազգային դարավոր իր իղձերի իրականացման և հանուն հայոց լուսավոր գալիքի:
Քրիստոսի Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն ենք հղում Տիրախնամ Թեմիդ բարեպաշտ Մեր զավակներին՝ պայծառ ու կենսունակ պահելու հոգևոր ու ազգային կյանքը, նոր հանձնառություններով մասնակից լինելու հայրենիքի շինությանն ու առավել զորացմանը, ներդրում բերելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների հաղթահարմանը՝ ունկնդիր առաքյալի խոսքին. «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին` Տիրոջը, այնպես էլ ընթացեք Նրանով` արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ, ինչպես որ ուսանեցիք, որպեսզի աճեք Նրա մեջ գոհությամբ՛ (Կող. Բ 6-7) «Արդարև, առ Հարուցյալ մեր Տերը անսասան հավատքով միշտ լուսավոր պիտի լինի դեպի հավերժն ընթացող մեր ժողովրդի ճանապարհը:


Աղոթում ենք, որ Հարուցյալ Փրկիչ զորավիg լինի Ձեզ, Տիրախնամ Ձեր Թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին` ի փառս Աստծո և ի պայծառություն Տիրախնամ Ձեր Թեմի և Առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու:


Թող Երկնավոր Տերը պարgևի Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու հանձնառությունների ու նվիրյալ ծառայության մեջ:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:
Սիրո ողջունիվ և օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:


Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարադ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:


Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:


Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՅԴ երիտասարդական թևերի, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի սաներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 3939 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք