Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Գրիգոր Լուսաւորչի «Ելն ի Վիրապէն»

 

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մեր հավատքի հոր` սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու հիշատակը:

 

Ս. Գրիգոր Լուսավորիչը 13 տարիներ շարունակ Տրդատ թագավորի հրամանով բանտարկված էր Խոր Վիրապում այն պարզ պատճառով, որ պաշտում էր ոչ թե հեթանոսական կուռքերին, այլ կենդանի Աստծուն: Ավանդության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերին սպանելու հրաման տալուց հետո, Տրդատ թագավորը հիվանդանում է անբուժելի հիվանդությամբ: Նրա  քույրը երազ է տեսնում, համաձայն որի Տրդատին կարող էր բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Մարդիկ կարծում էին, որ Գրիգորն արդեն մահացած է, սակայն երազը, երեք անգամ կրկնվելով, ստիպում է նրանց փորձել ու համոզվել, թե արդյո՞ք Գրիգորը կենդանի է, թե ոչ: Երբ բացում են Խոր Վիրապն ու տեսնում, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը կենդանի է, նրան դուրս են բերում: Լուսավորիչն աղոթքով բժշկում է Տրդատ թագավորին և հաջողում հայոց ամբողջական դարձը:

 

Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու այս հրաշալի իրողությունն աստվածային նախախնամության արտահայտությունն էր հայերիս համար: Կարևոր է չմոռանալ, որ Լուսավորիչն իր հավատքի խոստովանությամբ մերժեց կուռքերի երկրպագությունն ու 13 տարի տանջանքների և չարչարանքների ենթարկվելով՝ բանտարկվեց Խոր Վիրապում: Այնուհետև դարձավ Քրիստոսի առաքյալ: Նա իր պաշտոնը ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց ստացավ: Ի վերջո, 66-օրյա քարոզչությամբ ու աղոթքներով հեթանոս Հայաստանի համար բաց արեց Երկինքը, և Աստծո ողորմության լույսը սփռվեց Հայոց աշխարհում: Այս պատճառով էլ  Նա կոչվեց Լուսավորիչ:

 

Այսօրվա խորհուրդը հայերիս համար նվիրական է, որովհետև այն նվիրված է հայոց առաջին Հայրապետին, մեծ խոստովանողին և հայոց Լուսավորչին, ով իր ամբողջ կյանքի ընթացքում անխախտ ու մաքուր պահեց քրիստոնեական հավատքը, և այդ հավատքից ծնված աղոթքը պահպանում ու զորացնում է մեզ մեր հավատքի մեջ: Այդ աղոթքը շարունակվում է մինչև այսօր ու կանթեղ դարձած լուսավորում է Հայոց աշխարհը: Օրվա խորհուրդը, բացահայտելով Լուսավորչի հավատքի, համբերության ու հույսի գործնական օրինակը, մեզ առաջնորդում է հետևել սրբի օրինակին:

 

Երբ նայում ես մարդկանց, տեսնում ես, թե որքան ցավեր են թաքնված յուրաքանչյուրի սրտում, որքան մռայլ մտքեր են անհանգստացնում մեզ, որքան անկատար ցանկություններ կան, որ հուսահատեցնում են մեզ: Եվ ո՞վ է այդ ամենի մեղավորը: Շատերս կարծում ենք, որ աշխարհն է այդպիսին. մեկին շատ է տալիս, մյուսին` քիչ, խելոքին զրկում է, հիմարին` առաջ քաշում, արդարին անարգում է, մեղավորին` փառքի հասցնում: Սակայն Քրիստոս, պատմելով «Անիրավ դատավորի» առակը, մեզ սովորեցնում է, որ մեր թշվառությունների պատճառն ամենևին էլ անիրավ աշխարհը չէ: Հիսուս պահանջում է մեզնից զրկանքներ տեսած այրի կնոջ նման չհուսահատվել, հավատալ, որ այնուամենայնիվ արդարություն կա և այն կարող է իրական լինել, եթե մենք հաստատ մնանք մեր հավատքի մեջ:

 

Ահա այս հավատքով Ս. Գրիգոր Լուսավորիչը դիմադրեց ու անկոտրում մնաց անիրավ աշխարհի փորձություններին. նա երբեք չհուսահատվեց: Հայոց երկրում կառուցված եկեղեցիներն ու վանքերն ինչպես վկայությունն են Գրիգոր Լուսավորչի հավատքի, համբերության և հավատարմության, այնպես էլ լավագույն ապացույցն են արդարության հաղթանակի և այն ճշմարտության, որ Երկնքի Արքայությունը մեր մեջ է:

 

 

Դիտվել է 1978 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք