Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեառնընդառաջի նախատոնակը Ս. Աննա եկեղեցու բակում

Տեառնընդառջը կամ ժողովրդի մեջ ավելի մեծ տարածում գտած Տրնդեզ տոնը հայ Առաքելական եկեղեցին անփոփոխ կերպով նշում է փետրվարի 14-ին, սակայն տոնի նախորդ օրը՝ փետրվարի 13-ին բոլոր եկեղեցիներում կատարվում է նախատոնակ։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:


Ավանդության համաձայն փետրվարի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աննա եկեղեցու բակում ևս ժողովուրդը հավաքվել էր տոնական խարույկի շուրջ։ Այս անգամ միջոցառմանը միացել էին նաև «Հայ Ասպետ» դպրոցի սաները։


Ժամերգությունից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը վառեց այդքան սպասված տոնական խարույկը: Բայց կրակի բոցից առավել պայծառ վառվում էին մասնակից նորապսակների աչքերը, ովքեր մեծ ոգևորությամբ շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ բարձրաձայն հաշվելով, որ ճիշտ յոթը պտույտ տան: Խարույկի շուրջ ավանդական յոթ պտույտին հաջորդեցին դրա վրայով ցատկելն ու ազգային պարերը:


«Հայ ասպետ» հիմնադրամի նախաձեռնությամբ բոլորն ազգային երգուպարով համախմբվեցին խարույկի շուրջ: Նորապսակների շուրջպարին հաջորդեցին հայկական խաղիկներ ու երգեր: Երիտասարդները Տեառնընդառաջի խորհուրդը հասկանում ու մեկնաբանում էին տարբեր կերպ:


«Ես այստեղ եմ Աստծո օրհնությունը ստանալու համար, իսկ կրակի ծիսակատարությանը մասնակցում ենք ժողովրդական ավանդույթին հետևելու համար», - ասում է նորապսակներից մեկը:


Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ընդգծում է, որ այսօրվա գլխավոր խնդրանքն ու աղոթքը պետք է լինի այն, որ Քրիստոս մուտք գործի մեր սրտեր, այնպես ինչպես մուտք գործեց Տաճար։


Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։

 


Անահիտ Մարկոսյան

 

Դիտվել է 1231 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք