Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հաշմանդամություն ունեցող երեխաների համերգը

Դեկտեմբերի 5-ին հաշմանդամության ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող երեխաներ Երևանի հատուկ դպրոցներից ու խնամքի կենտրոններից: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ համերգը կազմակերպել էր Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքը՝ Նարեկացի արվեստի միության աջակցությամբ: 


Համերգը սկսվեց Տերունական աղոթքով: Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները, շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միությանը` աջակցելու և հյուրընկալելու համար: Տեր հայրը երախտիքի խոսքեր ասաց նաև հատուկ դպրոցների տնօրեներին, մանկավարժներին ու դաստիարակներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքը կատարում են նվիրումով ու սիրով:  


Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը սիրով ողջունեց ներկաներին` նշելով, որ մեծ ուրախությամբ են ընդունել համերգը կազմակերպելու առաջարկը, սիրով են բացել միության դռները` հյուրընկալելու  լուսավոր  երեխաներին: 


Ելույթներից առաջ Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանն օրհնեց մասնակիցների համար Էրեբունի համայնքի պատրաստած խաչերը:  Դրանք բաժանվեցին մասնակից բոլոր երեխաներին: 
Շատերն իրենց դպրոցից դուրս բեմ էին բարձրանում առաջին անգամ: Ելույթ ունեցան նաև միջազգային փառատոններին մասնակցելու և մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ ունեցող պատանիներ, ինչպես օրինակ՝ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի «Մենք» մնջախաղի ստուդիայի անդամները: 


Համերգային երեկոյին մասնակցեցին նաև Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի, համար 6 հատուկ դպրոցի, համար 2 հատուկ դպրոցի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցի, Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան սաները: 


Նրանք ներկայացան մնջախաղով ու պարով, նվագեցին դաշնամուր, կիթառ ու ակորդեոն, երգեցին նաև ժեստերի լեզվով, ցուցադրեցին խամաճիկ-հարսիկների պարը: Համերգին մասնակցում էր նաև պատանի երգիչ Հովհաննես Հովհաննիսյանը: Սրահում ցուցադրված էին այդ հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները: 


Ամիսներ շարունակ կազմակերպված համերգի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, օգնել նրանց ներկայանալ ու հնարավորություն ստանալ զարգացնել և մշակել երգելու, պարելու, որպես դերասան հանդես գալու և այլ շնորհներ։ 

Համերգի ավարտին Նավասարդ Սրբազանի անունից Տ. Զգոնն ու երեցկին Իրինա Աղաջանյանը մասնակից դպրոցներին հանձնեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր: 


Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականներն ու համայնքների անդամները տարիներ շարունակ աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Այդ աշխատանքի ընթացքում առաջացել է գաղափար` կազմակերպել «Ոսկե հատիկ» փառատոնը հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նպատակն է հասարակության ուշադրությանը հրավիրել նրանց հիմնախնդիրների վրա, օգնել ներկայանալ և հնարավորություն ստանալ զարգացնել, մշակել իրենց տաղանդն ու հմտությունները: Մինչ փառատոնը աշխատանքներ են տարվելու մշակույթի ոլորտում երեխաների հմտությունների բացահայտման նպատակով: 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 574 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք