Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ծաղկահավաքը սկսվեց հոգևոր օրհնությամբ

Ապրիլի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Հայկ սարկավագ Պալոյանը, թեմի «Ծաղկազարդ» համախումբը և երիտասարդաց միությունների անդամները Ծիծեռնակաբերդում մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կազմակերպած ծաղկահավաքին:


Միջոցառման սկզբում Տեր հոր գլխավորությամբ և երգչախմբի կատարմամբ հնչեց Տերունական աղոթքը: Ապա «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար` Լիլիթ Գրիգորյան) կատարեց հոգևոր երգերի շարք:


Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Վիվասել ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, տարբեր հասարակական կառույցների անդամներ, երիտասարդներ, դպրոցականներ:
FPWC հիմնադրամի նախաձեռնությամբ 2010թ.-ից արդեն յոթերորդ անգամ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:


Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 0 1 1 1 1
Դիտվել է 908 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք