Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

Մայիսի 15-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տեր Վահան քահանա Առաքելյանը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: Արարողությանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի աշխատակիցները, շահառուները և Հայկական Կարմիր Խաչը Ընկերության Երիտասարդական Կարմիր Խաչի (ԵԿԽ) աշխատակիցներն ու կամավորները:

 

Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ընդունված է հիշել այն մարդկանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից: Առաջին անգամ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Այդ օրն իրականացվող յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի ողջ աշխարհով մեկ հասարակության և կառավարության ուշադրությունը սևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, ՄԻԱՎ վարակակիրներին և հիվանդության տարածման կանխարգելմանը:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ 2011թվականի սեպտեմբերից Երևանում գործում է «Ցերեկային կենտրոն»-ը: Կենտրոնի գլխավոր նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը, նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ՄԻԱՎ վարակակիրների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 42 մլն, և ամեն օր այդ թիվն աճում է 14-15 հազարով: ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը մինչև 30 տարեկան երիտասարդներ են: Վերջին 25 տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 25 մլն մարդ: Իսկ ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ 1988թ. մինչև 2016թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2310 դեպք, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է անցած բոլոր տարիների համեմատ: 2015թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 294 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1220-ի մոտ (կին` 308, երեխա` 24) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 161-ի մոտ՝ 2015թ. ընթացքում:

 

Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 514 դեպք: Մահացածների թվում կա 86 կին և 8 երեխա: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 747 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 32,3%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,6%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Դիտվել է 810 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք