Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Հայորդի» երիտասարդաց միությունը մասնակցեց Տոլմայի փառատոնին

Մայիսի 20-ին Հնաբերդ համայնքում անցկացվեց Տոլմայի համահայկական 8-րդ փառատոնը, որը կազմակերպվել էր «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպության» կողմից:
«Ուդուլի». այսպես է կոչվում է ազգային ուտեստի այս տոնը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել տոլման` իր բազմազան դրսևորումներով: Ուդուլի նշանակում է խաղողի վազ:

Հնաբերդ գյուղը գտնվում է պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում: Հինավուրց քաղաք, որտեղ դարեր առաջ ձևավորվել և զարգացել են տոլմայի պատրաստման և ճաշակման ավանդույթները: Եվ սա է պատճառը, որ 2017 թվականից սկսած տոնը անցկացվում է այստեղ:

Տոլմայի համի, տեսքի և այլ առանձնահատկությունների գնահատականը տալիս է ժյուրին, իսկ այստեղ հավաքված հազարավոր այցելուներ` Հայաստանի և աշխարհի ամենատարբեր մասերից, մասնակցում են ուրախ երգուպարով, խաղերով և ուտեստներով հագեցած օրվան:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու «Հայորդի» երիտասարդաց միությունը նույնպես մասնակցեց փառատոնին: Հայորդիների տաղավարում ներկայացված էին երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատանքները, բազմազան ուտեստներ և ավանդական տոլման:

Ժյուրիի կողմից Հնաբերդ համայնքն արժանացավ լավագույն խաղողագործ համայնքի կոչման, իսկ հայորդիների տաղավարն ստացավ շնորհակալագիր և խորհրդանշական արձանիկ` Տոլմայի համահայկական 8-րդ փառատոնին մասնակցության համար:

 

Անուշիկ Ասլանյան



Դիտվել է 803 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք