Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Եկեղեցին մենք ենք

Տասներկու տարի առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հիմնադրվեց Ս. Երրորդություն եկեղեցին, որը տարիներ անց պիտի դառնար և դարձավ այն կառույցը, որն իր շուրջն է համախմբում բազմաթիվ հավատացյալների: Տասներկու տարի առաջ ստեղծվեց ևս մեկ քրիստոնեական ընտանիք։
 
Եվ ինչպես յուրաքանչյուր ծնունդ, եկեղեցու ծնունդը ևս նշվում է երգով, պարով ու տոնական տորթով։ Նոյեմբերի 25-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված եկեղեցու հիմնադրման 12-ամյակին։ 
 
«Միջոցառումը հստակ միտում ունի ցույց տալ, որ եկեղեցին զուտ կառույց չէ։ Եկեղեցին կայացած է և ծաղկում է հենց իր անդամներով: Նմանատիպ միջոցառումները, որոնցում մեծ մասամբ ներգրավված են երեխաներ, նպաստում են նրանց հոգևոր զարգացմանը և կապվածությանը եկեղեցուն: Փոքրիկները մեզ փոխարինողներն են ու եկեղեցու ապագա պահապաններն ու խնամողները», - ասում է երիտասարդաց միության անդամներից Մոնիկան։
 
Եկեղեցու տասներկուամյա գործունեության մասին միջոցառումն ուղեկցվեց ազգային պարերով, հոգևոր երգերով, շարականներով, թատերական ներկայացմամբ և տեսահոլովակներով, որոնք պատմում էին Ս. Երրորդություն եկեղեցու անցած ճանապարհի մասին։
 
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանն իր խոսքում նշեց, որ միայն եկեղեցական արարողություններին մասնակցելը բավարար չէ եկեղեցու անդամ դառնալու համար, ուստի նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ հիշեցնում են բոլորին, որ մենք մի ընտանիքի անդամ ենք, և եկեղեցին ուղղակի շինություն չէ, եկեղեցին մենք ենք։
 
 
Զարա Ղազարյան
Դիտվել է 644 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք